Հաջողության գաղտնիքներ

Ստեղծեք սեփական խաղի կանոնները

Հեղինակ՝ Davit

Խաղը ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ սկսած մանկությունից մինչև խոր ծերություն: Խաղի միջոցով են սկսվում առաջին շփումները և ամենակարևորը՝ դրա միջոցով մենք ձեռք ենք բերում փորձ: Շատերի մոտ խաղն ասոցացվում է անլրջության կամ անհոգության հետ, բայց իրականում` ճիշտ հակառակն է. մենք խաղում ենք ողջ կյանքում, սակայն, ի տարբերություն մանկական, անհոգ կյանքի, հասուն տարիքում մենք խաղում ենք ավելի լուրջ խաղեր՝ հաճախ մեր կամքից անկախ:

Ուշադրություն դարձնելով փոքրիկ երեխաների խաղերին՝ նրանցից կարելի է սովորել: Երեխաների ցանկացած խաղում կան մասնակիցներ և ամենակարևորը՝ կա կազմակերպիչ, ով որոշում է խաղի բովանդակությունը և բաշխում է դերերը մասնակիցների միջև, իսկ մնացածը միայն հաճույքով մասնակցում են՝ առանձնակի «հպարտությամբ» կատարելով իրենց բաժին հասած պարտավորությունները: Կան երեխաներ, ովքեր նույնպես փորձում են սեփական խաղը ձեռնարկել, սակայն դա նրանց մոտ չի ստացվում, քանի որ նրանք չեն կարողանում գրավել մյուսներին:

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես է որոշ երեխաների հաջողվում այդքան փոքր տարիքում հասնել իրենց նպատակին, ստեղծել սեփական կանոնները և ստանալ «առավելություն» մյուսների նկատմամբ: Պատասխանը շատ պարզ է. նրանք դրսևորում են իրենց բնատուր լիդերությունը, այսինքն ունեն վառ երևակայություն, համարձակ են, նորարարությունների կողմնակից են և հոգ են տանում իրենց հասակակիցների մասին: Մեզանից շատերը կհիշեն նաև իրենց կյանքից նման պատմություններ, որտեղ կամ լիդեր են եղել կամ սովորական անդամ: Մանկական տարիների այս հատկանիշը, վստահ եմ, որ դրսևորվել է շատերի մոտ, սակայն մտնելով հասուն կյանք՝ մենք մոռանում ենք կյանքի այդ ամենապարզ կանոնը. ավելի շատ փորձում ենք քիչ սխալներ թույլ տալ և վախենում ենք միջավայրի խիստ գնահատականից:

Խուսափելով սխալներից՝ մենք ակամա դառնում ենք մասնակից ուրիշի խաղում, որը միշտ չէ, որ մեր սրտով է լինում: Պետք է հիշել մի բան. հասարակությունը «թշնամաբար է» վերաբերվում ցանկացած նորության և հակված է պահպանել հինը: Ցանկացած նորություն դառնում է մարդկանց սեփականությունը միայն դրա ստեղծողի համառության շնորհիվ: Մեզանից շատերն անընդհատ բողոքում են վատ ղեկավարից կամ աշխատավայրի խիստ կանոններից՝ համարելով դրանք անարդարացի: Դա պայմանավորված է նրանով, որ մենք ստիպված ենք առաջնորդվել ուրիշի կանոններով, իսկ նրանք այդ կանոնները ստեղծել են համառությամբ և աշխատասիրությամբ, իրենց լավագույն տարիներն են վատնել հաջողության հասնելու ճանապարհին, չեն վախեցել ձախողվելուց և ամենակարևորը՝ կրում են պատասխանատվության հսկայական բեռ: Հաջողության ճանապարհին մարդիկ հսկայական ջանքեր են թափում, սակայն նրանք ստեղծում են սեփական միջավայրը, որտեղ իրենք են միանձնյա ղեկավարը և ունեն անսահմանափակ ազատություն:

Հեղինակի մասին

Davit

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»