Բիզնես և ֆինանսներ

Հեռատեսություն. գործարարի ոսկե հատկանիշ

Հեղինակ՝ Davit

Այն, ինչ անպիտան է այսօր, վաղը միգուցե միլիոններ արժենա: Այս պարզ նախադասության հզորությունը գիտակցել են բազմաթիվ հաջողակ մարդիկ ամբողջ աշխարհում: Բոլորիս հայտնի է, որ ռեսուրսները երկրագնդի վրա սահմանափակ են և մարդիկ, ովքեր տիրապետում են դրանց, համարվում են հարուստ և ազդեցիկ: Բիզնես միջավայրը նման է ներկայացման, որտեղ արդեն բաժանված են բոլոր դերերը և ցանկացած նորեկի համար ստեղծվում են խոչընդոտներ, որովհետև չկա այնպիսի մարդ աշխարհում, ով հեշտությամբ կզիջի իր տեղը մյուսներին: Դրան գումարենք նաև ռեսուրսների սահմանափակությունը, ինչն էլ ավելի է դժվարացնում բիզնեսի իրականացումը: Իսկ ովքե՞ր են կարողանում հաղթահարել այս բոլոր խոչընդոտները և մտնել այս փակ միջավայր: Իհարկե` հեռատեսները:

Ինչպես ցանկացած միջավայրում, այնպես էլ բիզնեսում, գոյություն ունեն խաղի որոշակի կանոններ, որոնք, սակայն, միշտ փոփոխվում են, իսկ գործարարի հեռատեսությունը կայանում է նրանում, որպեսզի բոլորից շուտ նկատի դրանք: Սակայն հեռատեսությունը գործարարին չի տրվում հենց այնպես: Այդ հատկանիշը ձեռք է բերվում բազմամյա փորձից և ինտուիցիայից ելնելով: Բացի այդ, բոլոր ձեռնարկատերերը ունեն վերլուծելու հիանալի կարողություն: Եթե սովորական մարդիկ գնահատում են երևույթները, ապա գործարարները փորձում են գտնել պատճառները: Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչի կհանգեցնի իրադարձությունների զարգացումը: Այս ամենի հետ միասին նրանք հսկայական ջանքեր են գործադրում իրենց գաղափարների իրականացման համար, քանի որ հեռատեսները շատ հաճախ ներդրումներ են կատարում այնպիսի ոլորտներում, որոնք եկամտաբեր չեն և հսկայական միջոցներ են պահանջում: Կան հեռատեսության բազմաթիվ հաջող օրինակներ մեր օրերում, հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում, սակայն ես կցանկանայի ներկայացնել մեր հայկական հեռատեսության ամենավառ օրինակներից մեկը:

Դա մեզ բոլորիս հայտնի «Աշտարակ Կաթ» ընկերությունն է: Ընկերությունը իր գործունեությունը սկսեց Աղցք գյուղում գտնվող փոքրիկ գործարանում` հիմնելով պանրի արտադրություն, իսկ հետագայում սեփականաշնորհեց Զեյթունի հսկայական կաթի գործարանը: Այն ներկայումս առաջատար է կաթնամթերքի արտադրության ոլորտում և ունի արտահանումների զգալի ծավալ: Ընկերության հեռատեսությունը կայանում էր նրանում, որ այդ տարիներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում սննդամթերքի բիզնեսին, հատկապես կաթնամթերքի ոլորտին, քանի որ շատ էին գյուղացիական տնտեսությունները և տնային տնտեսություններում արտադրվող կաթնամթերքը շատ ավելի մատչելի էր և բավարարում էր առկա պահանջարկը: Սակայն հիմնադիրները շատ լավ հաշվարկել էին, որ կապիտալիզմի զարգացման ժամանակաշրջանում կվերանան մասնավոր փոքրիկ արտադրությունները և կստեղծվի պահանջարկ որակի և սննդի անվտանգության նկատմամբ, իսկ այդ ամենը կարող էին անել միայն նրանք, ովքեր շուտ էին սկսել տվյալ պահին ամենաեկամտաբեր համարվող բիզնեսը:

Հեղինակի մասին

Davit

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»