Հաջողակ մարդիկ

Մարիսա Մայեր. 38-ամյա կինը ղեկավարում է Yahoo-ն

Մարիսա Մայերի աշխատանքային կարիերան հատուկ ուշադրության է արժանի: Ծնված լինելով 1975թ-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում, նկարչության ուսուցչուհու և ինժեների ընտանիքում՝ նա ավարտում է Սթենֆորդի համալսարանը մագիստրոսի կոչմամբ, աշխատանքի է անցնում Google-ում 1999թ-ին՝ դառնալով ընկերության առաջին կին ինժեները, աշխատում է դրանում 13 տարի՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ մինչև ընկերության փոխնախագահ, իսկ 2012թ-ի հուլիսի 16-ին ստանձնում է Yahoo-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ նույն օրը հայտարարելով նաև իր առաջնեկի ծննդյան մասին:

Մարիսան եզակի կանանցից մեկն է, ով չնայած իր երիտասարդ տարիքին՝ զբաղեցնում է նման բարձր պաշտոն նման խոշոր ընկերությունում: Իսկ եթե ավելի ճշգրիտ՝ նա ամենաերիտասարդ կին-ղեկավարն է աշխարհի խոշորագույն 500 ընկերությունների ցանկում: 2012-ին և 2013-ին Forbes-ի «աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցանկում նա զբաղեցնում է համապատասխանաբար 20-րդ և 32-րդ տեղերը:

Դառնալով Yahoo-ի ղեկավարը՝ նա մի շարք փոփոխություններ է մտցնում ընկերության աշխատանքում: Առաջնային ուշադրությունը նա դարձնում է ընկերության կադրերի և ներքին մթնոլորտի վրա: Աշխատակիցների սնունդը, Yahoo-ում նրա հայտնվելուց հետո, դառնում է անվճար: Աշխատողները ստանում են անվճար սմարթֆոններ և հատուկ թևնոցներ, որոնք «հուշում են» նրանց, որ իրենք գտնվում են ֆիզիկապես ծանր վիճակում և կարիք ունեն հանգստի, սպորտի կամ պարզապես ընդմիջման: Որպես ընկերության ղեկավար նրա վարկանիշը Yahoo-ում ամենաբարձրն է վերջին տարիների ընթացքում՝ 91% (նախորդ գործադիր տնօրենների համար այդ թիվը մոտ 30% էր): Նաև բարձրացել է ընկերության աշխատակիցների գոհունակության ցուցիչը՝ դառնալով 3,7 5-ից, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 5 տարիների ընթացքում: Համեմատության համար՝ Google-ում այդ թիվը 4,1 է:

Մարիսա Մայերի ղեկավարած Yahoo-ն աչքի է ընկնում նաև տարբեր ինտերնետ ընկերությունների և ստարտափների ձեռքբերմամբ: Դրանցից ամենախոշորը 2013թ-ի մայիսին Tumblr միկրոբլոգային համակարգի ձեռքբերումն էր 1,1 միլիարդ դոլարով: Մյուս ձեռքբերումներից շատերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մարիսա Մայերի պատմությունը, որը շատ հավանական է, որ դեռ նոր է սկսվում, իրոք շատ հետաքրքիր է: Խոսքը մի կնոջ մասին չէ, ով ժառանգել է հարուստ ամուսնու ունեցվածքը, այլ կնոջ, ով ստեղծել է ինքն իրեն զրոյից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»