Հաջողակ մարդիկ

Ֆինյաս Բարնում. հանճարեղ գործարար և 19-րդ դարի խոշորագույն շոումեն

Երբ ԱՄՆ նախագահ Լինքոլնն ու իր ընտանիքը Քաղաքացիական պատերազմի տարիներին Սպիտակ տանն ընդունում են գեներալ Թոմ Տամին, զրույցի ժամանակ հոգնած, տխուր աչքերով Լինքոլնը հետաքրքրվում է գեներալից, թե ինչ լուծում նա կառաջարկի հետագա ռազմական գործողությունների հետ կապված: «Իմ նախագահ», – պատասխանում է Թոմը, – «իմ ընկեր Բարնումը կարող է կարգավորել այս հարցը մեկ ամսում»: Նման միջամտության Բարնումն այդպես էլ չի արժանանում, բայց այս օրինակը լավագույնս ցուցադրում է, թե ինչպես էին վերաբերվում ամերիկացիներն այս մարդու տաղանդին ու ստեղծարար ունակություններին: Իսկ ո՞վ է նա՝ Ֆինյաս Բարնումը:

Ֆինյաս Բարնումը 19-րդ դարի խոշորագուն գործարարներից է, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ու ամենաճանաչված շոումենը: Նրա թատրոնները, կրկեսներն ու զվարճանքի կենտրոններն այցելում էին միլիոնավոր մարդիկ նույնիսկ ճգնաժամի տարիներին: Նա այն մարդն է, ով սկսեց ցուցադրել աշխարհին յուրահատուկ մարդկանց ունակությունները: Նյու Յորքյան փողոցներով անցնում էին նրա կենդանիները, մասնավորապես աֆրիկայից բերված մի քանի տոննանոց փիղ Ջամբոն, կրկեսում հազարավոր հանդիսատեսներ վայելում էին միաժամանակ 3 բեմահարթակներում տեղի ունեցող ներկայացումները, իր անունով կոչված թանգարանում մարդիկ ծանոթանում էին աշխարհի ամենահազվագյուտ ու յուրօրինակ իրերին ու կենդանիներին: Նա գիտեր, թե ինչպես շփվել մարդկանց, ԶԼՄ-ների հետ, նա տիրապետում էր մարքեթինգային հիանալի մեթոդների, նրան անվանում էին «Շեքսպիր գովազդում»: Նա տալիս էր մարդկանց այն, ինչ նրանց պետք էր, և մարդիկ դրանից գոհ էին մնում:

Բարնումի կյանքը, գործունեությունն ու փորձն այնքան հետաքրքիր է ու ծավալուն, որ նույնիսկ տասնյակ հոդվածներով այն չես ներկայացնի: Հանրահայտ Ջո Վիտալեն իր՝ «Ամեն մի րոպե ծնվում է ևս մեկ գնորդ» գիրքն ամբողջությամբ նվիրել է Բարնումին, նրա մեթոդներին և գործունեությանը: Մենք նույնպես ժամանակ առ ժամանակ կներկայացնենք հոդվածներ այս մարդու կյանքից, կպատմենք նրա կիրառած մարքեթինգային միջոցների մասին: Բայց մինչ այդ ուզում եմ ներկայացնել ձեզ Ֆինյաս Բարնումի մասին պատմող հիանալի գեղարվեստական ֆիլմը: Ճանաչեք նրան, որպեսզի ավելի լավ հասկանաք հետագա հոդվածները: Եթե նույնիսկ մոռանանք Բարնումին՝ ֆիլմն իրենով՝ որպես ֆիլմ, համոզված եմ՝ ձեզ շատ դուր կգա: Վայելեք այն՝ չէ՞ որ այսօր կիրակի է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»