Բիզնես և ֆինանսներ

Ի՞նչ է Bitcoin-ը

Bitcoin-ը թվային արժույթ է, որը հասկանալու համար եկեք համեմատենք այն ոսկու հետ: Աշխարհում կա սահմանափակ քանակությամբ ոսկի: Ոսկին ունի որոշակի արժեք: Այդ արժեքը պայմանավորված է նրանով, որ ոսկին յուրահատուկ մետաղ է և մարդիկ ունեն դրա պահանջարկը: Այն օգտագործվում է առօրյա կյանքում՝ զարդեր պատրաստելիս, բժշկության, արդյունաբերության մեջ, և այլուր: Ինչ-որ պահից սկսած մարդիկ հասկացան, որ ոսկին կարելի է օգտագործել որպես վճարման միջոց, քանի որ այն ուներ արժեք և դրանով հեշտ էր վճարում կատարել (անհրաժեշտ էր պատրաստել մետաղադրամներ, որոնք հեշտ էր տեղավորել գրպանում): Երբ հայտնվեցին թղթե արժույթները, ոսկին մնաց որպես վճարման միջոց, պարզապես հնարավորություն ստեղծվեց փոխանակել այն այլ արժույթների հետ: Ոսկու համար սահմանվեց չափման պաշտոնական միավոր, որն անվանվեց տրոյան ունցիա (մոտ 31.1 գրամ):

Bitcoin-ը ստեղծվեց 2009թ-ին: Այն ներկայացվեց որպես թվային արժույթ, որը ծնվում է բարդ մաթեմաթիկական հաշվարկների արդյունքում (կարդացեք այս հոդվածը): Այսինքն, կա մաթեմաթիկական մի «բարդ խնդիր», որը լուծելու համար անհրաժեշտ են համակարգիչներ, բայց ոչ թե մեկ կամ երկու, այլ միլիոնավոր համակարգիչներ: Եվ մշակվեց մի համակարգ, որը հնարավորություն տվեց մարդկանց «տրամադրել» իրենց համակարգչի հզորությունը այդ խնդրի լուծման համար, որի դիմաց նրանք ստանալու էին որոշակի միավորներ՝ bitcoin-ներ: Փորձեմ բացատրել ավելի պարզ. դուք միացնում եք ձեր համակարգիչը համացանցին, ներբեռնում եք համապատասխան ծրագիրը, աշխատեցնում եք այն և ձեր համակարգիչը դառնում է ընդհանուր ցանցի մի մասը և սկսում է ինչ-որ հաշվարկներ կատարել, որին դուք ոչ մի կերպ չեք միջամտում, բայց որի դիմաց ստանում եք bitcoin-ներ (կարելի է ասել՝ դուք վաճառում եք ձեր համակարգչի հզորությունը):

Մարդիկ, ովքեր ներգրավում են իրենց համակարգիչը այդ խնդրի լուծման մեջ և փաստորեն ստեղծում են bitcoin-ներ, կոչվում են miner-ներ (հայերեն՝ հանքափորներ), իսկ գործընթացը՝ mining: Անվանումները, կարծում եմ, կրկին կապվել են ոսկու հետ: Ֆիլմերում տեսած կլինեք մարդկանց խմբեր, ովքեր որոշում են հարստանալ՝ ոսկի հայտնաբերելով: Նրանք ընտրում են համապատասխան վայրը, ապա սկսում են փորել, փորել, փորել, մինչև չեն գտնում ոսկու ինչ-որ պաշարներ: Նույնը կատարվում է այստեղ. ուղղակի այս դեպքում մարդիկ «փորում են» վիրտուալ տիրույթում: Ավելի շուտ նրանք նույնիսկ չեն էլ «փորում». նրանց փոխարեն «փորում» է համակարգչային ծրագիրը, իսկ նրանք տրամադրում են «տեխնիկան»: Ինչպես ոսկին, bitcoin-ի պաշարները նույնպես սահմանափակ են և մի օր դրանք սպառվելու են: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, 2140 թվականն է, երբ մաթեմաթիկական այդ «բարդ խնդիրը» կլուծվի և նոր bitcoin-ներ այլևս չեն արտադրվի: Այդ ժամանակ աշխարհում կլինեն մոտ 21 միլիոն bitcoin-ներ:

Այսինքն, թե ինչպես են ծնվում bitcoin-ները, կարծում եմ, որոշ չափով հասկացաք: Բայց այդ bitcoin-ները կարելի է նաև օգտագործել: Դրանք կարելի է փոխանցել այլ մարդկանց, դրանցով կարելի է վճարումներ կատարել և փոխանակել այլ արժույթների հետ: Այդ բոլոր հնարավորությունները ստեղծված են և բազմաթիվ էլեկտրոնային խանութներ ընդունում են bitcoin-ը՝ որպես վճարման միջոց: Այստեղ հարցը կայանում է նրանում, թե ինչո՞ւ հենց bitcoin-ը: Դա ունի իր պատճառները: Նախ, bitcoin-ով կատարված գործարքները անանուն են: Ոչ մի կառավարություն կամ այլ կառույց չի կարող հսկել դրանք: Յուրաքանչյուր miner, ծրագիրը տեղադրելիս, ստանում է իր հատուկ կոդը, որը նույնականացնում է նրան համակարգում: Կա նաև ընդհանուր մի վայր, որտեղ երևում են bitcoin-ով կատարված բոլոր գործարքները (blockchain.info): Այստեղ երևում է գործարքի չափը, կատարման ժամանակը և ինչ-որ կոդեր, բայց թե ով է թաքնված այդ գործարքի տակ, ոչ մի կերպ հնարավոր չէ հսկել: Երկրորդ առավելությունը կայանում է նրանում, որ bitcoin-ները միմյանց փոխանցվում են առանց որևէ միջնորդների՝ հետևաբար նաև միջնորդավճարների: Փոխանցումը տեղի է ունենում հաշված րոպեների ընթացքում՝ աշխարհի ցանկացած ծայրում:

Թե ինչու է bitcoin-ն այդքան հանրահայտ դառնում, այստեղ այլևս չենք խոսի, քանի որ դա ծավալուն թեմա է: Պետք է հասկանալ միայն այն, որ ի տարբերություն ոսկու, bitcoin-ը չունի ոչ մի «արժեքային հիմնավորում» իրական կյանքում: Դրա գինն աճում և նվազում է միայն մարդկանց պահանջարկից ելնելով: Դա է պատճառը, որ bitcoin-ի գինը կարող է կարճ ժամանակի ընթացքում մեծ տատանումներ տալ:

Bitcoin-ի մասին մանրամասները կարող եք կարդալ bitcoin.org պաշտոնական կայքում և վիքիպեդիայում, miner դառնալու համար ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ (բայց մինչև օգտագործելը խորհուրդ եմ տալիս ուսումնասիրություններ անել, քանի որ ամեն համակարգիչ չէ, որ կարող է «շահույթով» աշխատել: Երբեմն էլ. էներգիայի ծախսը գերազանցում է աշխատած bitcoin-ների արժեքը կամ պարզապես համակարգչի մարտկոցը կարող է շարքից դուրս գալ: Սովորաբար, մինչև օգտագործումը, miner-ները հզորացնում են իրենց համակարգչը), bitcoin-ներով կատարված բոլոր գործարքները կարող եք տեսնել blockchain.info կայքում, իսկ դրանց շուկայական գնին հետևել՝ mtgox.com կայքում: Նաև թողնում եմ մի քանի տեսանյութեր:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

  • Barev HRACH jan inchpes es? Verjin hodvacd shat lavn er inchpes mnacac@. Anhaber spasum em hajord hodvacnerin. Mek el vor tarberakov xorhurd ktas grancvem Bitcoin ashxatelu hamar. U inchqan petq e lini vidiokartan? Naxapes mersi

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»