«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ինչպես ես սկսեցի իմ սիրած գործը. Handmade

Հեղինակ՝ Mariam Nazaryan

Անցյալ տարի ամռանը շրջում էի գրախանութում և պատահական տեսա մի ամսագիր` շապիկին գեղեցիկ ձեռքի աշխատանքի նկարներով: Երկու համար գնեցի և վազեցի տուն: Հենց շքամուտքում մեր հարևանին հանդիպեցի և ասացի, որ նոր գործ եմ սկսում, միայն թե իմանաս, թե ինչ եմ մտածել…
Ինչո՞ւ ամեն ինչ այդպես պատահական և արագ ստացվեց: Իրականում իմ մեջ արթնացավ այն երազանքը, որն ունեի շատ վաղուց և հասկացա, որ այն իրականացնելու համար ամենահարմար նախադրյալները հիմա են: Սովորաբար ես շատ չեմ մտածում ապագայի մասին, բայց այդ գաղափարը մտքումս միշտ ունեցել եմ:

7-8 տարի առաջ բարեկամուհուս ասացի, որ մեր տան հարևանությամբ գտնվող շենքում մեծ ընկերություն եմ ստեղծելու, որտեղ հիանալի նվերներ կպատրաստենք հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների համար: Մտքումս միայն բարեգործությունն էր ու երեխաներին ուրախացնելու մեծ ցանկությունը: Բոլորը մտածում էին՝ այս ինչ է խոսում 16 տարեկան այս աղջիկը, և ես զգում էի, թե ինչպես էին ինձ թերահավատորեն նայում: Եվ արդեն 20 տարեկանում գլխումս կայծակնային արագությամբ ծագեց այդ վաղեմի և մեծ երազանքն իրականացնելու գաղափարը: Սկսեցի նվերներ պատրաստել բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց համար: Մեկ ամիս անց հեռուստաեթերում առաջին անգամ մի քանի վայրկյանով ցուցադրվեց իմ աշխատանքը և ես զգացի, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

Մեկ տարվա ընթացքում փորձեցի պատրաստել տարբեր նվերներ ընկերներիս համար՝ գործած գլխարկներ, ձեռնոցներ, գլխազարդեր, կոշիկներ… Դրանից ևս մեկ տարի անց ունեցա առաջին պատվերս: Շատ ոգևորիչ էր. հիշում եմ, թե ինչպես գումարը վերցրեցի և ուրախությունից ցնծում էի: Դա իմ առաջին եկամուտն էր իմ իսկ աշխատանքից: Ավելի հաճելի զգացում չի կարող լինել: Մինչ այդ նման երջանկության մեջ հայտնվել էի այլ ընկերություններում հաջողություններ գրանցելիս: Բայց այս անգամ միանգամայն այլ, անբացատրելի բան տեղի ունեցավ: Մի պահ աշխարհը տվեցին ինձ և առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ. ուղղակի պետք է շատ աշխատել:

Ամիսներ անց թողեցի բոլոր գործերս և օր ու գիշեր սկսեցի աշխատել այդ գաղափարի վրա: Անցավ ինչ-որ ժամանակ և հասկացանք, որ թիմն անհրաժեշտ է մեծացնել՝ սկսեցինք փնտրել աշխատասեր և խանդավառ երիտասարդներ: Սկզբում սովորեցնում էինք նրանց աշխատանքը: Հենց այդ ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում սեփական գործ ունենալ և պատասխանատու լինել դրա համար: Երբ աշխատում ես ինչ-որ ընկերությունում, կատարում ես այն աշխատանքը, որը քեզ տալիս են և երբ ամեն ինչ ավարտվում է, դրա դիմաց գումար ես ստանում: Իսկ այս դեպքում պետք է ինքդ որոշումներ կայացնես. ի՞նչ անես, ո՞ւմ համար, ինչպե՞ս ներկայանաս, ինչպե՞ս տարբերվես արդեն գոյություն ունեցող շուկայում, ինչպե՞ս թիմ ձևավորես, ինչպե՞ս ընտրես մարդկանց, ովքեր քեզ կօգնեն, ինչպե՞ս կարգավորես քո օրվա գրաֆիկը, որպեսզի ոչ մի պատվեր չուշանա, թերությունները հասցվեն շտկվել և անես անհնարինը հաճախորդին գոհացնելու համար:

Սակայն վերջում, երբ լսում ես հաճախորդի դրական արձագանքը, հասկանում ես, որ ջանքերդ գոնե մի քանի տոկոսով իրենց արդյունքը տվել են և ավելի խանդավառությամբ ես սկսում առաջ շարժվել: Վերջերս, երբ ուսումնասիրում էի Նոլան Բուշնելի խաղերի ստեղծման պատմությունը, հասկացա և համոզվեցի, որ միայն խանդավառությունը կարող է օգնել քեզ հավատալ սեփական հաջողությանը: Շրջապատի կարծիքը ժամանակի խնդիր է: Այսօր ես անում եմ մի աշխատանք, որը չափազանց շատ եմ սիրում և աշխատում եմ այնպիսի երիտասարդների հետ, որոնց կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Ես սիրում և հարգում եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամին: Ես զգացել եմ, թե որքան հզոր ենք մենք: Իսկ դա գալիս է մեր միասնական գաղափարի, աշխատանքի, աշխատասիրության և միմյանց նկատմամբ մեծ սիրո շնորհիվ: Իմ խորհուրդը բոլորին՝ ցանկացած գործ արեք ՄԵԾ խանդավառությամբ:

Հեղինակի մասին

Mariam Nazaryan

Ինձ համար կարևոր նշանակություն ունեն անհաջողություններն ու ձախորդությունները: Դրանք օգնում են ավելի հիմնավոր ու մեծ հաջողության հասնելուն:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»