«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Երազանքի ճանապարհ. վերելք Արարատի գագաթ

Հեղինակ՝ Lusin

Եթե պատերազմում հաղթած զինվորին հարցնես պատերազմից, գրեթե համոզված եմ` չես լսի իր դժվարություններից, անքուն գիշերներից ու վտանգներից, այլ հպարտության, քաջության ու հաղթանակի վեհության մասին կպատմի նա: Այդպես էլ ես կպատմեմ իմ վերելքի մասին դեպի Արարատ լեռան գագաթ:

Երազանքիս կատարմանն ուղղված փնտրտուքներում հանդիպեցի դեպի Արարատ կազմակերպվող արշավի մասին մի հայտարարության: Այդ պահից սկսած ես ունեցա ՆՊԱՏԱԿ: Հեռու էի վանում չկարողանալու, գագաթ չհասնելու, մրսելու, վնասվածք ստանալու ու բազմաթիվ այլ վախեր, որոնք այդքան սարսափեցնում էին հարազատներիս: Ողջ էությամբ պատրաստ էի նետվել դժվարությունների գիրկը, որոնք տեսականորեն սպասում էին ինձ, իսկ իրականում առիթ էին հանդիսանալու, որպեսզի սովորեմ գնահատել ինձ, առողջությունս, գնահատել ուժն ու կամքը:

Վերելքն իրականացնելու էինք Պատմական Հայաստանի կողմից: Խումբը (8 հոգի և «Արեւի» զբոսաշրջային ընկերության 2 առաջնորդները) օգոստոսի 1-ի գիշերը Երևանից ուղևորվեց Բայազետ: Մոտ երեք ամիս անհատապես և տարբեր լեռնային արշավներում մարզվելով՝ ֆիզիկապես պատրաստ էինք նման վերելքի: Հասցրել էինք միմյանց ճանաչել ու ընկերանալ, ինչը շատ կարևոր է վերելքների ժամանակ: Սակայն ամենակարևորն այն էր, որ մեզ միավորում էր միևնույն երազանքը: Դրա շնորհիվ էր, որ շուտով միասին լուսանկար էինք ունենալու Արարատի գագաթին:

Առաջին օրը Բայազետից ուղևորվեցինք լեռան ստորոտ (2200 մետր), որտեղից քայլ առ քայլ սկսվեց մեր՝ դեպի երազանք տանող դժվար, փոշոտ, քարքարոտ ճանապարհը, ինչպես բոլոր երազանքների ճանապարհներն են լինում: Այդ օրը լի է պայծառ հիշողություններով: Հասանք 3200 մետր բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը: Այստեղ ես ականատես եղա կյանքիս ամենագեղեցիկ մայրամուտին: Չեմ մոռանա նաև ինչպես հաջորդ առավոտյան դուրս եկա վրանից վայելելու արշալույսը՝ իմ Արարատի առաջին արշալույսը: Երկինքն այնպես խոստումնալից արևոտ էր, կարծես հատուկ սցենարով մեզ վատ եղանակ չէր սպասվում (թեպետ ձյուն էր կանխատեսվել, ինչը խմբից թաքցնում էին՝ ավելորդ խուճապից խուսափելու նպատակով): Քիչ անց հավաքվեցինք ու սկսեցինք շարժվել դեպի երկրորդ ճամբարը՝ 4200 մետր: Այդտեղ էլ սկսվեց իմ ներսի ու դրսի պատերազմը: Ես երբեք 4000 մետրից բարձր ոտք չէի դրել: Փաստորեն դա իմ առավելագույն սահմանն էր. այն քարը, որից այն կողմ ես դժվար թե այլևս կարողանայի բարձրանալ: Սակայն օրգանիզմը հնարավոր է վարժեցնել ամեն ինչի: Մոտ 8 ժամ մենք մնացինք այդ բարձրության վրա: Քնեցինք ցերեկը, իսկ գիշերը՝ ժամը 2-ին, արթնացանք իրականացնելու վերելքի ամենակարևոր հատվածը: Երկինքն այս անգամ էլ մեզ աստղերով ողջունեց: Կասկած չկար. առավելագույնը 5 ժամ և մենք գագաթում ենք:

Ձյունը կամաց-կամաց դադարեց: Խումբը՝ լապտերներով զինված, շարժվում ու շարժվում էր առաջ: Օգոստոսի 4: Լուսանում է, մեզ ողջունում է «փոքրիկ» Սիսը: Հետհայացք. Արարատի ստվերն իր մեծությամբ կարծես գրավել է երևացող ու չերևացող ողջ տարածքը, ինքն իրեն: Ստվերը րոպե առ րոպե փոքրանում է: Ցուրտ է: Խումբը, հասնելով հավերժական սառույցի հատվածին, հագնում է կատվիկները: Ոտք դնելով սառույցին՝ ես ինձ իսկական լեռնագնաց եմ երևակայում, իսկ նա հուսահատվելու, ոչ դրական մտածելու իրավունք պարզապես չունի: Այս պարագայում՝ գագաթ և վերջ:

Վերջին քայլերն են և ահա ԳԱԳԱԹԻՆ ԵՆՔ: Մեկը, ուրախությունից ցնցվելով, արտասվում է երեխայի պես, մյուսը Արագածից բերված քարն է դնում գագաթին, ինչ-որ մեկը սառույցին է հանձնում իր հաջորդ երազանքները, ոմանք լուսանկարվում են, իսկ ես խենթացածի պես վազվզում եմ, չեմ հասկանում ինչ է կատարվում ներսումս, ուզում եմ բռնել, հանկարծ արագ չանցնի այդ պահը, հաջորդ պահը… Գագաթում անցկացրած 45 րոպեն մի ամբողջ կյանք արժեր: Բարձունքների բարձունքն էր դա: Միանգամից 4 պետության տարածք է փռվում դիմացդ: Ափսոս, Երևանը մշուշի մեջ էր: Միշտ նայում էի սպիտակափառ գագաթին ու մտածում, որ մի օր էլ գագաթից կնայեմ Երևանին: Հիմա էլ նայում եմ սպիտակափառ գագաթին մի առանձնահատուկ զարմանքով՝ ես եղե՞լ եմ այնտեղ, թե իմ լավագույն երազն էր դա: Այս վերելքով միայն իմ երազանքը չէ, որ կատարվեց: Իմ աչքերով շատերն էին տեսնում:

Ոմանք ինձ ասում էին, որ Արարատը բարձրանալուց հետո կյանքն իր գույները միգուցե կորցնի, այլևս չլինի այն վեհությունը, որին փորձում ես ձգտել, ձգտել և ձգտել, բայց այդպես չեղավ: Արարատն իր ազդեցությունն ինձ վրա այլ կերպ թողեց. ավելի նպատակասլաց եմ դարձել, ավելի բնասեր, ավելի վառ ու գունեղ է կյանքը՝ իմ ներկա ու գալիք երազանքների պես: Սիրում եմ լեռները, սիրում եմ բարձրանալ: Սիրում եմ ոգեշնչել ու բարձրացնել ընկերոջս: Լեռներին լսել է պետք, նրանց դաստիարակությունն ընդունել է պետք:

Ձեր երազանքների ճանապարհն էլ դժվար է լինելու: Չհուսահատվեք երբեք, փորձեք, պայքարեք, փորձեք գտնել դեպի այն տանող թեկուզ մեկ ուղի ու մի շեղվեք դրանից:
Լավագույն վերելքներն առջևում են:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

11 մեկնաբանություն

  • -…այլևս չլինի այն վեհությունը, որին փորձում ես ձգտել, ձգտել և ձգտել …
    Այս խոսքերին ես էլ հավաատում մինչև քո գրածը կարդալը: Պաուլո Կոելյոյի “Ալքիմիկ”-ի մեջ ընթերցողին հավատացնում է, որ պետք չէ երազանքը իրականացնել, որ կյանքը անիմաստ չդառնա.. 🙂

    • Եթե երազանքը չիրականացնես, հենց այդ ժամանակ կյանքն ինչ-որ առումով անիմաստ կդառնա: Իրականացնելուց հետո նոր երազանք է պետք ուղղակի ունենալ, Լուսինի դեպքում՝ Կիլիմանջարոն նվաճելը 🙂

      • Դե Ալքիմիկը կարդալուց հետո մտածում էի, որ պետք չէ հասնել… ինչքանով որ ճիշտ եմ հիշում, հերոսը բարձրանում է այդ լեռը, հասնում իր երազանքին, ու երբ երազանքը կատարվում է, փշրվում է ամեն բան… այլևս չի լինում այն մեծ երազանքը ինչի համար անընդհատ դժվարություններ էր հաղթահարում, կյանքի գույները խամրում են…

  • Լուււււււււււււս, մինչև հիմա հիշում եմ էդ օրը, լավ մի անհամեստ հարց տամ, Էվերեստի մասին մտածել ես ???

  • Լինի դա ՀՀ ամենաբարձր գագաթը`Արագածը,հայկական լեռնաշխարհի թագուհին` ԱՐԱՐԱՏ-ը,ցածրադիր Աֆրիկայի ամենաբարձր լեռը`Կիլիմանջարոն,թե աշխարհի ամենաբարձր կետը`Էմերեստը,մեկ է,դժվարություններ կան,ու շատ են…
    Նպատակակետին հասնելուց հետո, առաջնային է դառնում զգացմունքայինը,ետ պահելով գիտակցությունը…. 😉
    Շատ լավ ու հավեսով մատուցված հոդված էր. Շնորհակալություն 😉

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»