Հեղինակային առակներ

Մարդկանց օգնելու համար պետք չէ հարուստ լինել. առակ

Անտոնն ապրում էր Երևանում: Ամեն օր, երբ տանից դուրս էր գալիս, բոլորի պես հարյուրավոր մարդկանց էր տեսնում: Այդ մարդկանց մեջ նա տեսնում էր երջանիկ դեմքեր, սակայն կային դեմքեր, որոնք մտահոգված էին: Մտահոգված մարդկանց տեսնելիս Անտոնը հիշում էր հորեղբոր խոսքերը, ով փաստաբան էր, երկար տարիներ ապրում էր Հայաստանում, հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Հորեղբայրն ասում էր. «Կան շատ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն: Նման մարդկանց պետք է օգնել: Բայց դրա համար նախ պետք է հարուստ լինել»:

Երկար ժամանակ Անտոնը նույնպես այդպես էր մտածում. «Ես կհարստանամ, շատ փող կունենամ և կօգնեմ մարդկանց»: Բայց մի օր, երբ գիրք էր կարդում, հանդիպեց այս տողերը. «Մենք բոլորս ապրում ենք հենց հիմա, հենց այստեղ: Կյանքը հենց դա է, ինչ տեղի է ունենում հենց հիմա, հենց այստեղ: Արա այն, ինչ կարող ես՝ հենց հիմա, հենց այստեղ»: Տողերն Անտոնի վրա ազդեցին. «Իրոք, մի օր ես հարուստ կլինեմ և կօգնեմ շատ մարդկանց, բայց որքան մարդիկ կան, ովքեր օգնության կարիք ունեն հենց հիմա: Ինչո՞ւ չեմ օգնում նրանց հիմա: Միթե՞ պետք է հարուստ լինել մարդկանց օգնելու համար»:

Հաջորդ օրը Անտոնը դուրս եկավ տանից սովորականի պես, բայց նրա աչքերը փայլում էին ոչ սովորական: Ճանապարհին նա մտավ խանութ և նկատեց, որ աշխատակիցը գոռում են մի մարդու վրա, ով բաճկոնի տակ միրգը թաքցրած՝ առանց վճարելու փորձում էր դուրս գալ: Նա մոտեցավ աշխատակցին, վճարեց մրգի համար և խնդրեց անցորդին արագ հեռանալ: Երբ դուրս եկավ փողոց, նկատեց մի կնոջ, ով ճամպրուկները ձեռքին մի քանի մետր առաջ էր գնում, ճամպրուկները դնում գետնին, հանգստանում, ապա կրկին վերցնում դրանք և շարունակում քայլել: «Ես Ձեզ կօգնեմ», – ասաց Անտոնը՝ մոտենալով կնոջը և վերցնելով նրանից ճամպրուկները, – «ո՞ր կողմ եք գնում»: Այդպես, հաջորդ 10 րոպեն քայլում էին միասին Անտոնը և ուրախ կինը:

«Ինչ պարզ է ամեն ինչ», – մտածում էր Անտոնը, – «օգնիր հենց հիմա, հենց այստեղ՝ առանց ոչնչի սպասելու»:

Ճանապարհին որոշեց մտնել ժամագործի մոտ՝ ժամացույցի մարտկոցը փոխելու: Երբ ժամագործն աշխատում էր, ձեռքը դողաց, պատահմամբ դիպավ դետալներով լի տուփին և ամբողջը թափվեց գետնին: «Հոգ չէ, Դուք շարունակեք», – ասաց Անտոնը և կռացավ հավաքելու թափված դետալները: Ժամագործի մոտից նա դուրս եկավ գործող ժամացույցով և բարձր տրամադրությամբ:

Արդեն տուն էր վերադառնում և ճանապարհին փոստ մտավ: Վճարային ապարատի մոտ մի տղամարդ նկատեց, ում մանր թղթադրամներ էին անհրաժեշտ, որոնք կարծես թե նա չուներ: Տղամարդը ուզում էր դուրս գալ փոստից և դիմացի խանութում գումարը մանրել, բայց Անտոնը նրան կանգնեցրեց. «Ես կմանրեմ, վերցրեք խնդրեմ»: Տղամարդը հեռացավ շնորհակալ:

Երեկոյան, տանը նստած, Անտոնն ամփոփում էր օրը: Որքան լավ բան էր հասցրել անել օրվա ընթացքում, մի փոքր բեռ էր գցել մարդկանց ուսերից, նրանց մի փոքր ուրախ դարձրել: Դեռ շատ բան կհասցնի անել ապագայում, իսկ մինչ այդ կանի ավելի շատ՝ հենց հիմա, հենց այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»