Անձնային աճ Առողջ ապրելակերպ

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Տասնվեց տարեկանում ես հայտնվեցի կոմայում: Այն քսան րոպեներից, երբ բժիշկները պայքարում էին կյանքիս համար, ես ոչինչ չեմ հիշում, ի տարբերություն հարազատներիս, ովքեր քսան րոպե սարսափ ապրեցին: Կոմայում հայտնվելուս պատճառը խնջույքի ժամանակ ալկոհոլի չարաշահումն էր:

Հաջորդ տարի դարձա ուսանող, և ինչպես նոր կյանք մտած երիտասարդներից շատերը, ովքեր ազատության հուժկու ալիքի հարված են զգում իրենց վրա, ես նույնպես սկսեցի ծխել: Ուսանողական և դրան հաջորդող մի քանի տարին անցան նմանակերպ. ալկոհոլ, ծխախոտ, արագ սնունդ, ժամանց:

Ուսանողական կյանքն ավարտելուն պես, երբ վերադարձա բանակից և սկսեցի աշխատել, ինձ թվում էր, որ արդեն հասուն, գիտակից մարդ եմ, ում համար նոր կյանք է սկսվում: Սխալվում էի: Ավելի ուշ հասկացա միայն, որ նույնիսկ այդ տարիները գիտակից համարել չէր կարելի, քանի որ այն, թե ինչպես էի ես ապրում և ինչով էի զբաղվում, թելադրում էր ոչ թե գիտակցությունս, այլ սովորություններս, որոնք ձևավորվել էին տարիների ընթացքում: Այդ սովորությունները ձևավորվել էին այն հասարակության մեջ և շնորհիվ, որտեղ ես ապրում էի, և որտեղ ապրում ենք մենք բոլորս: Իմ սովորությունների հիմքում իմ որոշումները չէին. դրանք ինչ-որ մեկն ասես «գլխիս մեջ էր դրել»: Երբ հասկացա դա, սկսեցի ղեկավարել սովորություններս:

Հիմա ես երեսուներկու տարեկան եմ: Արդեն ութ տարի է, ինչ ընդհանրապես չեմ ծխում և ալկոհոլ չեմ օգտագործում, հեռուստացույց չեմ դիտում և բացասական բաների մասին չեմ մտածում: Եթե նախկինում առանց շաքարավազ թեյ չէի խմում, աղ օգտագործում էի չափից շատ և մսակեր էի, ապա այժմ հրաժարվել եմ շաքարավազից ու աղից և դարձել եմ բուսակեր: Չեմ օգտագործում նաև գազավորված ըմպելիքներ, սուրճ, պաղպաղակ և հեշտությամբ կարող եմ հրաժարվել ցանկացած քաղցրավենիքից: Փոխարենը շատ միրգ և բանջարեղեն եմ ուտում և միշտ ձգտում եմ առողջ սնվել:

Սկսել եմ շատ քայլել, սպորտով զբաղվել, վաղ եմ քնում և վաղ արթնանում, ամեն օր գիրք եմ կարդում, երբեք ոչնչից չեմ բողոքում… այս ցուցակը դեռ երկար կարող եմ շարունակել: Իմ մեջ ձևավորվել է սովորություն` ղեկավարել սովորություններս: Ես դա հեշտությամբ եմ անում: Երբ ես որոշում եմ, որ ինչ-որ բան պետք է չանել, ես դա չեմ անում: Եվ հակառակը, երբ պետք է նոր սովորություն ձեռք բերել, ես այն առանց լրացուցիչ ջանքերի ձեռք եմ բերում: Հավատացե՛ք, այն զգացման հետ, երբ դու ղեկավարում ես քո սովորությունները, ոչինչ չի կարող համեմատվել:

Իրականում, դուք նույնպես կարող եք ղեկավարել ձեր սովորությունները. յուրաքանչյուր մարդ կարող է դա: Եթե կարդում եք այս տողերը, հավանաբար դուք դրա կարիքը ունեք: Եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչպես անել դա: Դուք կարող եք հեշտությամբ ազատվել ցանկացած սովորությունից և ձեռք բերել նոր սովորություններ: Այն ամենը, ինչ դրա համար անհրաժեշտ է, արդեն կա ձեր ներսում:

***

Հարգելի ընթերցող, սա հատված է իմ հաջորդ գրքից, որը լույս կտեսնի շուտով: Գիրքը մի բանի մասին է, ինչը կարող է ամբողջությամբ փոխել Ձեր կյանքի հունը. սովորությունները ղեկավարելու: Գրքի հրատարակման մասին տեղեկացված լինելու համար կարող եք բաժանորդագրվել` սեղմելով ներքևում գտնվող կոճակը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»