«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հոգեբանություն

Ինչո՞ւ ենք մենք «նվնվում» կամ վարքագիծ, որը «քանդում է մեր տունը»

Երկար ժամանակ աշխատելով անհատների և մարդկանց մեծ խմբերի հետ՝ վստահաբար կարող եմ ասել, որ եթե մեր ենթագիտակցության ու բնավորության միջից հանենք մի քանի հիմնական արգելակներ (тормоз), մեզ մոտ շատ բաներ կստացվեն շատ ավելի արագ և արդյունավետ:

– Գրիգոր Առաքելյան

Ի դեպ, ըստ իս, հաջողությունն այն է, երբ մեզ հաջողվում է ինչ-որ բան անել ոչ թե ահռելի ջանքերի և ռեսուրսների գնով, զգալի ծախսեր և կորուստներ ունենալով, այլ ընդհակառակը՝ նվազագույն ծախսերով ու հնարավորինս առանց կորուստների: Հակառակ դեպքում ինչ իմաստ ունի այն (ինչը ժամանակակից մոտիվացիոն գրականության մեջ կոչվում է «հաջողություն»), ինչի  ձեռքբերման վրա ծախսվածն ավելի շատ է, քան արդյունքը։

Օրինակ, եթե Ձեր ողջ երիտասարդությունը Դուք սպառել եք պաշտոնի հասնելու համար,  փաստ չէ, որ դա է հաջողությունը, քանի որ գինը, որ վճարել եք, չափազանց բարձր է:

Հաջողության մասին մեկ այլ առիթով դեռ կխոսենք, իսկ հիմա վերադառնանք ներքին արգելակներին: Նվնվալն արգելակներից ամենատարածվածն է։ Որպեսզի դրա դեմ պայքարել, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից է այն սկիզբ առնում։ Իսկ սկիզբ է առնում այն այնտեղից, որտեղից սկիզբ  է առնում ամեն ինչ. մեր մանկությունից:

Երբ երեխան ջերմում է ու սկսում է նվնվալ, ծնողները պատրաստ են առանց մտածելու «զոհաբերել»  իրենց ունեցած լավագույն ռեսուրսները, որպեսզի երեխան իրեն լավ զգա (օրինակ՝ ձմեռվա համար պահված մուրաբան կամ վերջին գումարները): Եվ երեխան դա գիտի. չե՞ս ուզում դպրոց գնալ՝ մի՛ գնա, հեծանի՞վ ես ուզում՝ խնդիր չէ:

Այսինքն այդ տարիքից մեր ենթագիտակցության մեջ արդեն մտնում է, որ նվնվալը ցանկալիին հասնելու ամենահեշտ տարբերակն է, քանի որ այլ դեպքերում այդ ամենը պետք էր վաստակել: Իսկ երբ երեխան կազդուրվում է, արտոնություններից կարծես զրկվում է.  կրկին պետք է առավոտյան շուտ արթնանալ, դպրոց գնալ, դասերին պատրաստվել, որոշակի պարտականություններ կատարել և այլ, և այլն:

Այն, ինչը փոքր տարիքում մեր ենթագիտակցություն մտնում է որպես ցանկալիին արագ և հեշտ հասնելու միջոց, հասուն տարիքում հակառակ ազդեցությունն է ունենում՝ դառնալով առաջ շարժվելու խոչընդոտ «тормоз» (կարելի է ասել նույն բանն է՝ «-» (մինուս) նշանով)։

Մեր ենթագիտակցությունն ունի «հիշողություն»: Այն փորձում է մեր ներսում աշխատեցնել վարքագծի այն ձևանմուշները, որոնք սերմանվել են մեր մեջ մանկուց (իզուր չեն ասում, որ փոքր տարիքում հեշտ է լեզու սովորել, և սովորածը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, կամ մարդուն պետք է լողալ սովորեցնել մանկուց): Եվ երբ հասուն տարիքում մեր կյանքում ինչ-որ բան չի ստացվում, մեր ենթագիտակցությունը «հիշեցնում է» մեզ, որ պետք է նվնվալ:

Իսկ ի՞նչ անել…

Նվնվալով ցանկալիին հասնելու ռազմավարությունը աշխատում է միայն ծնող-երեխա հարաբերություններում՝ այն էլ առանձին դեպքերում, օրինակ՝  երբ երեխան փոքր է կամ վատառողջ: Իսկ հասուն տարիքում այլ  ռազմավարություն է գործում՝ «տալ ու ստանալ» կամ  «տալ, տալ, տալ, ապա ստանալ»: Մենք սրան անվանում ենք «վաստակել»: Սա մարդուն դարձնում է ակտիվ խաղացող, ի տարբերություն նվնվալու, որը գործողության մղելու փոխարեն մարդուն  դարձնում է մեկը, ով պասիվ դիտորդի դերում է և ընդամենը կողքից հետևում է, թե ինչպես են իր հետ «անարդար» վարվում:

Նվնվալով՝ ենթագիտակցորեն մենք մեզ տեղափոխում ենք մանկական այն հոգեվիճակի մեջ, երբ ի վիճակի չենք գործելու և ցանկանում ենք, որ մեզ  օգնեն։

Երբ մենք ստանում ենք ուրիշից մի բան, որն ինքներս էլ կարող էինք ունենալ, դա նման է առողջ մարդուն հորմոններ ներարկելուն: Այդ դեպքում օրգանիզմն ինչ-որ պահից սկսած այլևս հորմոններ չի արտադրի և կախում կունենա արտաքին «օգնությունից»:

Նվնվալով մենք իրավիճակը դիտարկում ենք մեզնից դուրս: Այդպես մենք չենք գործում, այլ նստում ու սպասում ենք, որ  «դրսում» ինչ-որ բան կատարվի: Մենք սպասում ենք մարդկանց կամ հանգամանքների բարեգթությանը, բայց այդպես մեր գործն առաջ չի գնում և մենք սկսում ենք դոփել տեղում, քանի որ խնդիրներին լուծում չենք տալիս: Եվ այդ ժամանակ կարևոր է հարցնել ինքներս մեզ՝ ուզո՞ւմ ենք սպասել կողքից օգնող ձեռքի, թե՞ ինքներս կարող ենք լինել այդ ձեռքը:

Եկեք ամփոփենք

Այսպիսով, ստացվեց մի քանի կարևոր դիտարկում.

Նվնվալը.

  1. Ռազմավարություն է, որը մանուկ հասակում ցանկալին ստանալու և արտոնություններ ունենալու արդյունավետ միջոց է,
  2. Շատերը փորձում են այն տեղափոխել հասուն կյանք,
  3. Հասուն տարիքում այն ունենում է նույն արդյունքը՝ պարզապես «-» (մինուս) նշանով,
  4. Դրդում է գործողության բացակայության,
  5. Ստիպում է իրավիճակի ստեղծման պատճառները փնտրել մեզնից դուրս: Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող այն փոխել, այլ կարող ենք միայն տուժողի դերում սպասել ու ակնկալել մարդկանց կարեկցանքը:

Հետևաբար, այս ամենը պարզելուց հետո, մենք կարող ենք անել գիտակցված ընտրություն` նվնվալ ու լավագույն դեպքում ստանալ կարեկցանք, կամ որոշենք, թե ինչ ենք ուզում ունենալ ու դրանից ելնելով որոշենք մեր քայլերը:

Հեղինակի մասին

Գրիգոր Առաքելյան, Հրաչյա Մանուկյան

Գրիգոր Առաքելյանը «Զարթուցիչ» թրեյնինգի հիմնադիրն է, գործարար, բիզնես թրեյներ և լայֆ քոուչ: Հրաչյա Մանուկյանը անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ է, «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Փոխիր կյանքդ» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»