Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Հանճարի մասին: Թոմաս Էդիսոն:

1914 թվականի դեկտեմբերին ամբողջությամբ այրվում է 67-ամյա Թոմաս Էդիսոնի լաբորատորիան: Հրդեհի հասցրած վնասները հսկայական էին: Եթե նշենք դրա գումարային համարժեքը մեր օրերում, ապա կստացվի մոտ 2 միլիոն դոլար: Դրա համեմատ ապահովագրությունը կազմում էր գրոշներ: Բայց դա չէր ամենացավալին: Հրդեհը իր հետ տարել էր նրա ողջ կյանքի գիտական հետազոտությունների արդյունքները` նրա նշումները, գրառումները, գիտական աշխատանքները: Այրվել էր ամեն ինչ:

Էդիսոնի տղան ամենուր փնտրում էր հորը: Նա անհանգստանում էր` ինչպե՞ս պետք է հայրը տանի այդ դժբախտությունը: Նա գտնում է հորը հրդեհից քիչ հեռու կանգնած, որն անվտանգ տարածությունից հանգիստ դիտում էր պատահածը: Նա բացարձակ հանգիստ էր և զսպված: Միակ բանը, որ նա խնդրում է` իր մոտ բերել կնոջը: Երբ կինը մոտենում է, Էդիսոնը նայում է նրան և շատ լուրջ ասում` «նայիր սիրելիս, այրվում են մեր բոլոր սխալներն ու անհաջող փորձերը: Մենք կարող ենք ամեն ինչ նորից սկսել»:

Իր գործունեության ընթացքում Թոմաս Էդիսոնը հազարավոր տարբեր փորձեր է կատարում, փնտրելով այն նյութը, որից կարելի էր պատրաստել էլեկտրական լամպը: Ու երբ նրա կողմից փորձված բոլոր նյութերը անմիջապես այրվում էին, Էդիսոնի օգնականները ընկնում էին հուսահատության մեջ, բայց նա չէր կորցնում հանգստությունը և համոզված էր, որ իր մոտ ամեն ինչ կստացվի: Մի անգամ, հերթական անհաջող փորձից հետո, աշխատողներից մեկը բացականչում է` «կրկի՛ն անհաջողություն»: Բայց Էդիսոնը ամենայն լրջությամբ պատասխանում է` «դա անհաջողություն չէ: Մեզ հաջողվեց պարզել ևս մեկ նյութ, որը մեզ պետք չէ: Իմանալով բոլոր այն նյութերը, որոնք մեզ պետք չեն, մենք կգտնենք այն, որը մեզ պետք է»:

Ծնվել է այս հանճարեղ մարդը 1847 թվականի փետրվարի 11-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի փոքրիկ Մայլան քաղաքում: Նրա ծնողները իրենց վերջին` 7-րդ երեխայի ծնվելուց մի քանի տարի առաջ գաղթել էին Միացյալ Նահանգներ Կանադայից: Հայրը` Սամուել Էդիսոնը` հոլանդացի գաղթականների զավակ էր` ակտիվ և հետաքրքաշարժ անձնավորություն, որն իր կյանքում փորձել էր տարբեր մասնագիտություններ: Մայլանում նա զբաղվում էր հացահատիկի և փայտի առևտրով: Մայրը` քահանայի աղջիկ էր, որի ընտանիքը ժամանակին գաղթել էր Կանադա Շոտլանդիայից: Երիտասարդ տարիքում այդ իմաստուն և կրթված կինը աշխատել էր ուսուցչուհի Կանադական փոքրիկ քաղաքներից մեկի դպրոցում:

Երբ լրանում է Թոմասի 7-րդ տարին, ընտանիքը տեղափոխվում է Պորտ-Գուրոն, Միչիգանի նահանգ: Այստեղ տղան դպրոց է գնում, սակայն շուտով ծնողները նրան հետ են վերցնում, քանի որ մի անգամ ուսուցիչն անվանում է նրան դատարկագլուխ երազող, որը երբեք ոչնչի չի հասնի: Դրանից հետո Էդիսոնի մայրը ինքն է սկսում զբաղվել տղայի կրթությամբ: Նա զարգացնում է տղայի մեջ սովորելու այն ձգտումը, որով աչքի էր ընկնում Էդիսոնը 10 տարեկան հասակից: Արդեն այդ ժամանակ նա սկսում է կարդալ լուրջ գիտական գրականություն: 12 տարեկան հասակում, մուտք ունենալով Դեյտրոյտի հասարակական գրադարան, նա իր առջև նպատակ է դնում կարդալ այնտեղ գտնվող բոլոր գրքերը և համարձակորեն սկսում է ամենաներքևի շարքից, որտեղ գտնվում էին Նյուտոնի, Յուրայի և Բուրտոնի գործերը:

Էդիսոնի մանկությունը շուտ է վերջանում: Հայրը այդ ժամանակ չուներ բավարար միջոցներ տղայի հետագա կրթությունը ապահովելու համար և հին ամերիկյան սովորության համաձայն որոշում է որդուն բարձրագույն դպրոցի փոխարեն ուղարկել «կյանքի դպրոց»: Նա տեղավորում է տղային մոտական երկաթգծային կայանում, որպես այսպես կոչված «գնացքային տղա», որտեղ երիտասարդ Էդիսոնը ուղևորներին վաճառում էր թերթ, քաղցրավենիք և այլ մանրուքներ: Թոմը շատ շուտ է գլուխ հանում բիզնեսի նրբություններից և այնպես հմուտ էր ամեն ինչ անում, որ շուտով բիզնեսը սկսում է ընդլայնվել և նա ստիպված է լինում օգնական վերցնել:

Բիզնեսը զարգացնելու նպատակով` 12-ամյա Էդիսոնը նամակ է գրում Ամերիկյան հրատարակչական միության նախագահին: Նա առաջարկում է ամսեկան 10 դոլար վճարել այն նորությունների դիմաց, որոնք կարող էին հետաքրքրություն առաջացնել Չիկագո-Դեյտրոյտ երկաթգծի ուղևորների մոտ: Նա նաև թույլատվություն է ստանում երկաթգծի ղեկավարությունից` ուղեբեռային վագոնում փոքրիկ տպագրական մեքենա տեղադրել:

Գնացքի չօգտագործվող վագոններից մեկում նա բացում է սեփական հրատարակչությունը: Նա իր փոքրիկ թերթի հրատարակիչն էր, խմբագիրն ու տարածողը: Թերթում տեղ էին գտնում տարբեր տեղեկություններ և խոսակցություններ տեղական երկաթգծային կյանքից, նաև պատահարների և դժբախտ դեպքերի մասին, ինչպես նաև տեղեկություններ պատերազմի դաշտից: Թերթը վաճառվում էր 3 ցենտով և Թոմը կարողանում էր հոգալ ոչ միայն իր առօրյա ծախսերը, այլ նաև համալրել գիտելիքները: Հենց այդ ժամանակ էլ նա սկսում է զբաղվել քիմիայով: Նա ձեռք է բերում քիմիական նյութեր, սարքավորումներ և իր շարժական հրատարակչությանը կից բացում է փոքրիկ քիմիական լաբորատորիա, որտեղ սկսում է զբաղվել քիմիական հետազոտություններով: Բայց շարժվող վագոնում լաբորատորիա բացելը բերում է տխուր հետևանքների: Հերթական ուղևորություններից մեկի ժամանակ ընկնում է ֆոսֆորով լցված տարրան, որը միանգամից բռնկվում է: Կրակը վայրկյանապես տարածվում է ողջ վագոնով: Վազելով ներս է մտնում վախեցած կոնդուկտորը և առանց մտածելու լուսամուտից դուրս է նետում ոչ միայն քիմիական նյութերը, այլ նաև հրատարակչական սարքավորումներն ու երիտասարդ Էդիսոնին: Այդպես տխուր են ավարտվում Էդիսոնի առաջին երկու փորձերը:

Երկաթգծի տարածքից նա դժվարությամբ հավաքում է իր սարքավորումների մնացորդները և տեղափոխում ծնողների տան նկուղ, որտեղ էլ շարունակում է գիտական հետազոտությունները: Շուտով նրա ձեռքի տակ է ընկնում տելեգրաֆի աշխատանքի սկզբունքների մասին պատմող մի գիրք և իր ընկերոջ` Ջեյմս Բարդի հետ նա կազմակերպում է տելեգրաֆային հաղորդագրություններ իրենց նկուղի և ընկերոջ տան միջև: Նա նաև վերսկսում է իր հրատարակչական գործունեությունը և թողարկում է փոքրիկ թերթ: Բայց այստեղ նրան մեկ այլ անհաջողություն էր սպասում: Թերթում տպագրված հոդվածը վիրավորում է թերթի ընթերցողներից մեկին և նա Էդիսոնին կամուրջից գցում է գետը: Սակայն լողանալ իմացող Էդիսոնը ողջ է մնում:

14-ամյա տղայի անսպառ էներգիան և բազմազան գործունեությունը չէին կարող արդյունք չտալ: Թոմաս Էդիսոնը դառնում է բոլոր ժամանակների ամենահայտնի գյուտարարը: Նա ԱՄՆ-ում 1093 և այլ երկրներում 3000 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ է: Բայց ի տարբերություն շատերի` նա կարողացել է վերածել իր հայտնագործությունները անձնական կարողության միլիոնավոր դոլարների: Այդպես են հասնում հաջողության` աշխատանքի և համառության շնորհիվ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»