Հաջողության գաղտնիքներ

Ինչպես հասնել հաջողության կամ Aiki-փիլիսոփայություն

Հեղինակ Grigor Ghazaryan

Այն, թե ինչպես ենք մենք լուծում մեր առջև դրված խնդիրները, բնորոշում է ոչ միայն մեզ, այլև այն ազդեցությունները, որոնց մենք տրվում ենք: Այդ ազդեցությունները ձևավորում են մի միջավայր, որը դժվար կառավարելի է նրանց համար, ովքեր հակված են հետևելու, այլ ոչ առաջնորդելու` լինի դա անձնական, խմբային թե ավելի լայն մակարդակներում: Այսպես, օրինակ, ժամանակակից աշխարհում մոդայի, ծխելու գրավչության, թանկագին իրերի և այլնի կլանիչ ազդեցությունը հաճախ սպառում են մարդու մեջ այն, ինչ սերում է նրա բնատուր պարզությունից և ապահովում մարդ էակի բնական համակեցությունը անմիատարր միջավայրում: Ըստ արժանվույն գոյատևելու և սեփական անձի բացահայտված ու չբացահայտված ունակություններով հաջողության հասնելու նպատակով անհրաժեշտ է մտապահել մի քանի ուղենշային սկզբունքներ:


1. Ազդեցությունների մի′ տրվիր

Արևելյան մշակույթներում շրջանառվում է ‘wu wei’ հասկացությունը: Այն ներկայացնում է իրադարձությունների կատարյալ ընթացք, և հանդես է գալիս որպես սահուն առաջնորդության բանալիներից մեկը, առաջնորդություն, որի դեպքում անձը պայքարի մեջ չի մտնում շրջապատի հետ: Այս հասկացության էությունը իրենց մեջ կրողները գիտեն, որ ամեն նախաձեռնության մեջ առկա են մակընթացության, ինչպես նաև տեղատվության շրջաններ: Իրական հաջողության գրավականն այս պարագայում կայանում է սեփական գործողությունների ընթացքը այդ ռիթմին համահունչ դարձնելու մեջ: Wu wei սկզբունքի համաձայն` գոյություն ունի ամեն քայլ կատարելու հարմար պահը, որը որսալով կարելի է առանց ջանքերի հասնել նպատակին: Ուշանալը կամ ժամանակից շուտ գործելը բարդացնում է գործը և խոչընդոտում դրա հաջող ընթացքը: Սրա մասին են գրում Բաումը և Հասսինգերը «Ռանդորիի սկզբունքներ» կոչվող իրենց գրքում:
Ուստի, հաջողության հասնելու կարևորագույն գրավականների շարքում է սեփական անձի մեջ ավելի շատ ազդելու, քան ազդեցություն կրելու կարողություն (ակտիվ պլանում) և հակում (պասիվ պլանում) զարգացնելը:


2.Որսա′ պահը

«Ինչպե՞ս հասնել հաջողության» հարցը ավելի քան հիսուն տոկոսով կապված է «ինչպե՞ս լինել առաջնորդ» հարցի հետ: Առաջնորդ լինելը, ներկայումս լայն մեկնաբանություններ է ստանում: Այն չի սահմանափակվում որևէ մոդելով կամ բաղկացուցիչներով: Առաջնորդը պարտադիր չէ, որ համարվի մեկն, ում հետևում են: Առաջնորդ է նա, ով կառավարում է իր գիտելիքն ու հմտությունները` ծառայեցնելով դրանք իր առջև դրված նպատակներին` միաժամանակ չտրվելով ազդեցությունների և որսալով գործողությունների համար համապատասխան պահը:
Ոչ միայն սպասել` հայտնվելու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, այլև փնտրել ճիշտ ժամանակը և ճիշտ տեղը` անդադար աշխատելով սեփական անձի զարգացման ուղղությամբ: Ոչ միայն անել, այլև սպասել: Սպասելը միշտ չէ, որ անգործություն է նշանակում: Որսորդից համբերություն է պահանջվում: Որսացեք թե′ գործելու, թե′ գործողությունը դադարեցնելու հարմար պահը:

3.Մի′ սպանիր քեզանում ապրող առաջնորդին

Մեզ փոքրուց դաստիարակել են սահմանափակող ուղենիշներով. «Չի կարելի անել այս», «չի կարելի անել այն»: Արդի կրթական համակարգերի մեծ մասը ձևավորել են հաստատություններ, որտեղ նախևառաջ անտեսվում և վերացվում են անհատի ներակա ունակությունները և ապա ամայացած հիմքի վրա կառուցվում ձևական տրամաբանությամբ շաղկապված առարկաների, գիտելիքի և հմտությունների, ինչպես նաև դրանց նկատմամբ անձի ժամանակավոր հակվածության վրա հիմնված «նախասիրությունների» սխոլաստիկական մեխանիզմը: Վերջինս իր ձևական և չակերտավոր բնույթի պատճառով հաճախ հանգեցնում է ձևական և չակերտավոր ընտրությունների` ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտներում:
Ժամանակն է ճանապարհը հարթելու նրանով, ինչն ընդունելի լինելուց բացի, դրականորեն է անդրադառնում գործողությունների և հաղորդակցման մետամակարդակում. այսինքն` արածը վերլուծելիս Դուք զգում եք, որ ճիշտ թե սխալ, դա այն էր, ինչ ինքներդ եք ընտրել` լինելով «Ձեր գլխի տերը»: Սրան հասնելն անհնարին կլինի, եթե Ձեր անձնական զարգացման աշտարակի հիմնաքարին վաղ թե ուշ չփորագրեք «Ես անում եմ այն, ինչ սիրում եմ անել»: Այս սկզբունքը, որ բնական առաջնորդության առանցքային գաղափարն է, թերևս շատերից ենք լսել, միայն թե, չգիտես ինչու, ես դա Արմեն Ջիգարխանյանի ձևակերպմամբ եմ մտապահել:

4.Գտի′ր երրորդ կետը

Հաճախ բախվում ենք կոնֆլիկտային իրավիճակների, որոնցում մեղավորությունը կարող լինել մերը կամ դիմացինինը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է տիրապետել մի սկզբունքի, որը կօգնի մեղմել վերահաս բարդությունները:
Գտեք երրորդ կետը: Սա այն սկզբունքն է, որը կիրառվում է Այկիդո կոչվող հայտնի արևելյան մարտարվեստում` հարձակումներն անդրադարձելու նպատակով: Հակամարտող կողմերը ներկայացվում են որպես երկու հակազդող կետեր, որտեղ պաշտպանվող կողմը պետք է հարձակումը շեղի դեպի երրորդ կետը: Միայն սա է, որ թույլ կտա երկուսին խուսափել առճակատումից: Օրինակ, եթե Դուք ցանկանում էիք Ձեր ընկերուհու հետ գնալ Ձեր ընկերոջ ծննդյան երեկույթին, իսկ աղջիկը պնդում է, որ չարժե բաց թողնել նկարչական ցուցահանդեսը, ապա փորձեք այցելել կինոթատրոն կամ գնալ համերգի:

5.«Ադամանդի պես կուռ, ուռենու պես ճկուն»

Եղեք սկզբունքային. թող բոլորը տեսնեն, որ Ձեր որոշումներն անկասելի են և որ ունեք որոշակի արժեհամակարգ, որը չի փոփոխվումˋ ըստ պահանջի կամ հանգամանքի:
Միևնույն ժամանակ պետք է կարողանալ սեփական կերպարը ներգրել թիրախ միջավայրում` ընտելանալով այն դրվածքին ու կանոններին, որոնցով անծանոթ ոլորտը և անծանոթ դեմքերը դիմավորում են Ձեզ: Հետագան ամեն ինչ ցույց կտա. այսինքն` դեռ հարցական է, թե ով է ում փոխելու: Չէ՞ որ Դուք, ինչպես վերը նշեցինք /§1/, չեք տրվելու ազդեցություններին…

6.Կշռադատված համարձակություն

Այն պահերին, երբ Ձեր ներքին հավատքը (վստահությունը սեփական ուժերի ու գործի հաջողության հանդեպ) և իրական հանգամանքներն ու գործոնները (օրˋ. մասնագիտական հմտությունների առկայություն, հնարավոր աջակցություն ընկերների կողմից) հավասարակշռվում են 50/50 հարաբերակցությամբ, ապա արժե դիմել ռիսկի: Հիշե°ք հայտնի ասացվածքը. “Кто не рискует, тот не пьет шампанское”: Սա հատկապես անհրաժեշտ է այն դեպքերում, երբ առիթն ուշանում է: Ինքնե′րդ առիթ ստեղծեք առաջընթացի համար: Ճեղքե′ք սպասումի միապաղաղ պաստառը: Աշխատանքային հայտարարությունների պատին գրեք Ձեր անունը կամ պարզապես` «ԵՍ»:

7.Հավատք

Ասում են նաև, որ լավ սկիզբը գործի կեսն է. հավելենք` լավ սկզբի կեսը հավատն է առ այն, որ գործը պիտի հաջողվի: Ուստի, վերոհիշյալ 50% սատարող հանգամանքներից ու բարենպաստ գործոններից բացի` մյուս 50% անորոշությունը` կապված նախաձեռնության հետագա ընթացքի հետ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է լցնել հավատով: Լինի դա զուտ գործին կամ սեփական ուժերին հավատալն ու վստահելը («հավատ»), թե ի վերուստ Ձեզ ուղեկցող աստվածային հովանու աջակցությանն ապավինելը («հավատք»), այս ներքին համոզմունքը, որ յուրաքանչյուր գործողությանը վճռականություն է հաղորդում, պարզապես ԿԵՆՍԱԿԱՆ Է:

Եթե Ձեզ հոգեհարազատ են վերոհիշյալ սկզբունքները, ապա փորձեք համատեղել դրանք: Եթե ոչ, ապա ընտրեք մեկը կամ մի քանիսը: Պարզապես դրանք հիշելը կարող է որակապես փոխել Ձեր առաջընթացը:

30.10.2010
Dr.G.

Հեղինակի մասին

Grigor Ghazaryan

3 մեկնաբանություն

  • Ողջունում եմ հեղինակին: Նա բացառիկ հմտությամբ արծարծել է մարդկային անհատականությանը տրված ժամանակի մարտահրավերների նկարագիրը ու դրանց հակազդման հնարավորությունները, ինչպես նաև բնությամբ նախանշված մարդկային գործելակերպի դեպի զարգացում միտված ներուժը: Ցանկանում եմ հ թեմատիկ ետագա հաջողություններ:

    Հարգանքով` Հովհաննես

    • Հարգելի պրն. Մարգարյանց, անչափ շնորհակալ եմ գնահատականի համար: Ինչ վերաբերում է տվյալ թեմայի հետագա զարգացումներին, ապա կարծում եմ, որ հնարավոր ուղիները բազմաթիվ են, քանի որ արևելյան գաղափարների արտացոլումն ու կիրառումը ապրելակերպի արևմտյան մոդլներում գրեթե միշտ նոր ու հետաքրքիր արդյունքներ է տալիս…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»