Հաջողության գաղտնիքներ

Մտքերը ձևավորում են մեր կյանքը

Այն, որ մեր մտքերն են ձևավորում մեր կյանքը, դուք կարող եք հանդիպել հաջողության հասնելու մասին պատմող բազմաթիվ գրքերում: Դրա մասին խոսում է Նապոլեոն Հիլլը, որն ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կենսագրությունները, հանդիպել նրանցից շատերին և դուրս բերել հաջողության հասնելու որոշակի կանոններ: Դրա մասին նկարահանվել է «Secret» ֆիլմը, որը կարծում եմ` շատերն են դիտել: Դրա մասին խոսում են Բոդո Շեֆերը, Ռոբերտ Կիյոսակին, Բրայան Տրեյսին` լավագույններն իրենց ոլորտում, որոնք սովորեցնում են միլիոներին, թե ինչպես հասնել հաջողության: Սակայն հասարակության մեծ մասը կամ տեղեկացված չէ այս ամենին կամ ուղղակի չի հավատում դրան: Բայց բոլոր մեծ հաղթանակները լինում են մտքում, բոլոր անբուժելի հիվանդությունները բուժվում են մտքում և հաջողության բոլոր պատմությունները սկսվում են ՄՏՔՈՒՄ:

Աղքատ մարդը մտածում է. «Ես միշտ աղքատ եմ եղել, ես բախտ չունեմ, ես իվիճակի չեմ ինչ-որ բան փոխել, պետությունը վատն է, օրենքները վատն են, ես կապեր չունեմ … և այլն և այլն» և արդյունքում նրա մոտ ոչինչ չի փոխվում: Նա ներքուստ պատրաստ չէ այդ վիճակից դուրս գալուն, նա պատրաստ չէ փոփոխության: Եվ այդպես էլ կշարունակվի, եթե մի օր նա չհասկանա և համարձակություն չունենա ասելու. «Այո, մինչև հիմա ես աղքատ եմ եղել, իմ մոտ տարբեր խնդիրներ են եղել և ես հասկանում եմ, որ միակ մեղավորը ես եմ, որովհետև իմ վրա քիչ եմ աշխատել, որովհետև սխալ եմ ապրել, սխալ արժեքներ եմ ունեցել: Որովհետև աշխատելու, կրթվելու, աշխատանք փնտրելու կամ ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկելու փոխարեն ես ամբողջ օրը պառկած հեռուստացույց էի նայում, սրճարաններում էի անցկացնում, քեֆեր էի անում, ալարում էի տեղիցս շարժվել: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, ոչ ոք իմ արարքների համար պատասխանատու չէ: Բայց անկախ ամեն ինչից, ես համոզված եմ, որ այսուհետև իմ մոտ ամեն ինչ լավ է լինելու: Ես կաշխատեմ իմ վրա, ինչ-որ նոր բան կմտածեմ և չնայած գիտեմ, որ շատ դժվար է լինելու, սակայն համոզված եմ, որ դուրս կգամ այս իրավիճակից և կհասնեմ այն ամենին, ինչ ցանկանամ»: Միայն այս մտածելակերպի դեպքում է հնարավոր ինչ-որ բան փոխել, միայն այս դեպքում է մարդը սկսում ամեն ինչում հնարավորություններ փնտրել:

Արտաքինի հետ խնդիրներ ունեցող աղջիկը մտածում է. «Ես տգեղ եմ, ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, շրջապատում այդքան գեղեցիկ աղջիկներ կան, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկն ինձ ընտրի: Ես ողջ կյանքս միայնակ կմնամ, ես միշտ էլ հաջողություն չեմ ունեցել տղաների շրջանում: Իմ բախտն ուղղակի չի բերում, ինչ մեղքն եմ ես … և այլն և այլն»: Այս մտքերն իրականություն կդառնան, եթե մի օր նա չհասկանա և համարձակություն չունենա ասելու. «Այո, ես արտաքինիս հետ կապված խնդիրներ ունեմ, սակայն ոչ ոք կատարյալ չէ: Ես իհարկե գեղեցկուհի չեմ, բայց ունեմ մի շարք առավելություններ, որոնք չունեն ուրիշները: Աշխարհում յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է: Ես համոզված եմ, որ կգտնվի մեկը, ով կսիրի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Մենք ամուր ընտանիք կկազմենք և ողջ կյանքում երջանիկ կլինենք: Իսկ հետագայում ես կլուծեմ նաև արտաքինիս հետ կապված բոլոր խնդիրները, չէ որ բժշկությունը այժմ այդքան արագ է զարգանում»: Միայն այսպիսի մտքերը կարող են ինչ-որ բան փոխել:

Հիշեք, մտքերը ժամանակի ընթացքում դառնում են իրականություն: Ցանկացած փոփոխություն պետք է սկսի ձեր մտքերից, այն պետք է սկզբում ձեր ներսում լինի: Արդեն հաստատ չեմ հիշում թե ով, բայց հանճարեղներից մեկն ասել է. «Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք օրվա մեծ մասը»: Կարծեմ Թոմաս Էդիսոնն է: Մի բողոքեք, վատ բաների մասին մի մտածեք, ուրիշներին մի քննադատեք, կենտրոնացեք ոչ թե պրոբլեմների, այլ դրանց լուծումների վրա, կյանքին դրական նայեք և ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»