Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր ճապոնացի Ակիո Մորիտայի կյանքը, եթե 25 տարեկան հասակում նա չորոշեր ընկերոջ` Իբուկա Մասարույի հետ համատեղ բացել “Տոկիո ցուգին կոգյո կաբուսուկի կայսա” ընկերությունը, ապագա Sony Corporation-ը: Երևի թե նա կդառնար հիանալի ինժեներ կամ ուսուցիչ, բայց ոչ 20-րդ դարի լավագույն ճապոնացի գործարարներից մեկը: Նա աշխարհում հայտնի տարբեր նորամուծությունների հեղինակն է, գյուտարար և գործարար: Նա ստեղծել է Walkman ձայնարկիչը, կոմպակտ սկավառակը (CD), Betacam, MiniDisc, PlayStation և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Արդեն 1950թ.-ին Մորիտայի ընկերությունը լույս աշխարհ է հանում իր առաջին ձայնագրիչը: 1961 թվականին Sony Corporation of America-ն դառնում է Նյու Յորքյան արժեթղթերի շուկա դուրս եկած առաջին ճապոնական ընկերությունը: 1989 թվականին Sony-ն գնում է Columbia Pictures-ը: Մինչև 1999 թվականի իր մահը` Ակիո Մորիտան ղեկավարում էր Sony ընկերությունը, լինելով ընկերության հաջողության ոգեշնչողներից մեկը և բազմաթիվ նորարարությունների անմիջական հեղինակը:
Փոխվելու պատրաստակամություն
1950 թվականին ստեղծելով իրենց առաջին ժապավենային ձայնագրիչը, Մորիտան և Իբուկան համոզված էին նրանում, որ իրենց արտադրանքը “կպայթեցնի” շուկան: Բայց բարձրաձայն հաջողությունների փոխարեն նրանց հիասթափություն էր սպասվում: Ձայնագրիչը այնքան նոր գաղափար էր, որ գրեթե ոչ ոք Ճապոնիայում չգիտեր, թե ինչ է դա: Մարդիկ չէին տեսնում դրա անհրաժեշտությունը և չէին ցանկանում գնել այն:
Երկու տաղանդավոր երիտասարդները այնքան էին տարված իրենց յուրահատուկ գյուտի գաղափարով, որ չէին էլ մտածում շուկայի կարիքների և արտադրանքի իրացման մասին:
“Իբուկան հարյուր տոկոսով համոզված էր նրանում, որ եթե մենք արտադրենք լավ ապրանքներ, ապա անպայման կլինեն նաև պատվերներ: Եվ ես նրա հետ լիովին համաձայն էի: Մենք ենթադրում էինք, որ ստեղծելով յուրահատուկ արտադրանք, մենք կհարստանանք: Դա մեզ լավ դաս եղավ”, — պատմում էր Մորիտան:
Այդ անհաջողությունից նա դասեր քաղեց և այնքան իմաստուն ու համարձակ գտնվեց, որ սկսեց զբաղվել նրանով, ինչից ընդհանրապես չէր հասկանում` վաճառքներ և մարկետինգ: Նրա վճռականությունը պարգևատրվեց: Նրանց հաջորդ ապրանքատեսակը` շարժական ռադիոընդունիչը, դարձավ հեղափոխական շուկայում:
Դրական վերաբերմունք և ոգևորություն
Անձնական հմայքը, ստեղծագործ խառնվածքն ու լավատեսությունը, անկասկած նպաստում էին Մորիտայի հաջողությանը բիզնեսում: Խոսելով այն մասին, թե ինչքան կարևոր է դրական մտածելը, նա սիրում էր պատմել մի պատմություն, որը հայտնի է շատ առևտրականների:
Այն պատմում է կոշիկի վաճառքով զբաղվող երկու առևտրականների մասին, որոնց ուղարկում են Աֆրիկա: Նրանցից մեկը զանգում է և ասում. “Այստեղ ոչ ոք կոշիկ չի հագնում: Վաճառքի ոչ մի հեռանկար չկա”: Իսկ մյուսը ոգևորված հայտարարում է. “Ուղարկեք կոշիկների ևս մեկ խումբ: Ոտաբոբիկ բնիկները բացարձակապես ոչինչ չունեն հագնելու համար”:
Նորարությունների շուկայում, որտեղ նախապես վաճառվում է ոչ թե ապրանքը, այլ գաղափարը, դժվար թե հնարավոր լինի գոյատևել առանց ոգևորության: Եվ երբեմն գաղափարի համար, որին հավատում ես, պետք է պայքարես և ռիսկի դիմես:
Այսպես, որպեսզի սկսի Walkman ձայնարկիչների արտադրությունը, Մորիտան ստիպված էր ծայրահեղ քայլերի դիմել: Նրա ինժեներները պնդում էին, որ առանց ձայնագրման հնարավորության սարքը չեն գնի: Բայց ինչ-որ բան հուշում էր Մորիտային, որ իր արտադրանքը պետք է պահանջարկ ունենա: Եվ նա ասաց` “Եթե մենք չվաճառենք 100 000 արտադրանք մինչև ընթացիկ տարվա վերջ, ես կհրաժարվեմ ընկերության նախագահի իմ պաշտոնից”:
Walkman Sony-ն վաճառքի հանվեց 1979 թվականին և դարձավ աշխարհի ամենահայտնի ձայնային սարքը:
Համբերություն
Ճապոնացիները, ի տարբերություն իրենց արևմտյան շատ գործընկերների, պատրաստ են սպասել տարիներով, մինչև կտեսնեն իրենց աշխատանքի պտուղները և մտածում են երկարաժամկետ կտրվածքով:
Մորիտայի համար շուկայում մասնաբաժինը ավելի կարևոր էր, քան ընկերության անմիջական շահույթը և հենց դա հնարավորություն տվեց Sony-ին գրավել շուկան:
“Եթե ղեկավարի ուշադրության կենտրոնում լինի միայն արագ շահույթ ստանալը, ապա դա կաշխատի միայն նրա կարճաժամկետ նպատակներն իրականացնելու համար”, — ասում էր նա:
Պատասխանատվություն վերցնելու ունակություն
Երբ Մորիտային հարցնում են, ինչու է Sony-ն հասել ավելի մեծ հաջողությունների, քան ամերիկյան ընկերությունները, նա պատասխանում է.
“Ամերիկան` դա արդարացումների երկիր է: Ոչ ոք պատասխանատվություն չի վերցնում իր վրա: Բայց ղեկավարել` նշանակում է ընդունել ռիսկային որոշումներ: Ես կարծում եմ, որ ամերիկացիները չափից ավել են լսում անվտանգության հարցերով զբաղվող տարբեր վերլուծաբանների և խորհրդատուների”:
Մորիտան միշտ էլ ավելի շատ էր վստահում իր կանխազգացմանն ու ստեղծագործ մտածելակերպին, քան շուկայական հետազոտություններին և փորձագիտական զեկույցներին:
Ես հպարտանում եմ այն մարդկանցով, որոնք իրենք իրենց առջև դնում են ինչ-որ նպատակ ու կարողանում են այն իրականացնել: Շատ մարդիկ իրենց առջև դնում են նպատակ ու ցանկանում են, որ այն շատ կարճ ժամանակում իրականանա: Պետք է համբերություն ունենալ ու այն անպայման կիրականանա: Պետք չէ հիասթափվել: Պետք է ուղակի գործել ու այնպայման մեր մոտ ամեն ինչ կստացվի: