Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Մարդիկ կհիշեն քո անունը. Մարկ Ցուկերբերգ

2010 թվականի հոկտեմբերի 1-ից Միացյալ Նահանգներում մեծ էկրաններ դուրս եկավ “Սոցիալական ցանց” գեղարվեստական ֆիլմը` նվիրված հանրահայտ Facebook-ի հիմնադիր, 26-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգին: Ֆիլմը նկարահանված է Բեն Մեզրիչի “Ակամա միլլիարդատերեր — Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատմությունը” վեպի հիման վրա: Ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո մեծ հետաքրքրություն սկսվեց երիտասարդ Ցուկերբերգի հանդեպ, ով կարողացել էր վաստակել իր հսկայական կարողությունը` օգտագործելով սեփական ուղեղը: Սակայն կինոն և գրականությունը արվեստի դեռ բավականին պայմանական ճյուղերից են, որտեղ ճշմարտությունն ու հորինված գեղեցիկ պատմությունները խառնվում են իրար: Ինքը` Ցուկերբերգը, այդ կապակցությամբ ասել է. “Facebook-ի ստեղծման իրական պատմությունը կայանում է նրանում, որ մենք պարզապես վեց տարի զբաղվում էինք համակարգչով և ծրագրավորմամբ: Դա չափազանց ձանձրալի թեմա կլիներ ֆիլմի համար”: Իսկ ինչպե՞ս է եղել ամեն ինչ իրականում:

Բավականին անսովոր է, խոսելով 21-րդ դարի ամենահայտնի և հարուստ մարդկանցից մեկի մասին, նշել նրա ծննդյան ամսաթիվը` 1984 թվական: Բայց դա իրականում այդպես է: Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին Նյու Յորքում: Մայրը հոգեբույժ է, հայրը` ստոմատոլոգ: Ընտանիքում կա չորս երեխա: Մարկը ունի մեկ ավագ և երկու կրտսեր քույրեր: Ընտանիքի բազմանդամությունն է ստիպում Մարկին փոքր տարիքում կատարել իր առաջին լուրջ քայլը ծրագրավորման մեջ` 11 տարեկան հասակում նա ստեղծում է ընտանեկան մինի-ցանց, որով կարող էր շփվել ծնողների և քույրերի հետ: Դրանից մեկ տարի առաջ, 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Մարկը նվեր է ստանում իր առաջին համակարգիչը` 486 Quantex DX և միանգամից սկսում է “լրջորեն” հետաքրքրվել նոր խաղալիքով: Պետք է նշել, որ մինչ այդ նրա նախասիրությունները այլ բնույթի էին: Տղան հետաքրքրվում էր հնագույն մշակույթներով և նույնիսկ սովորում էր լատիներեն և հունարեն: Սակայն համակարգչային լեզուները ավելի գրավիչ են դառնում նրա համար: Հետագայում Մարկը ասում է, որ մարդիկ լինում են երկու տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները` սկսում են փոխել այն և օգտագործել` բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար:

9-րդ դասարանում Մարկը ստեղծում է “Synapse” բավականին հետաքրքիր ծրագիրը: Այն հավաքում էր տվյալներ այն մասին, թե ի՞նչ երաժշտություն են լսում մարդիկ իրենց համակարգչում, ի՞նչ տիպի երգերին և ո՞ր ժամերին են նախապատվությունը տալիս: Եվ այդ տվյալների հիման վրա ծրագիրը ստեղծում էր երգերի ցանկ և հնչեցնում էր այն մեղեդիները, որոնք կարող էր այդ պահին ցանկանալ լսել տվյալ անձը: Ծրագրով սկսում է հետաքրքրվել Microsoft ընկերությունը և հսկայական գումար է առաջարկում երիտասարդ ծրագրավորողին դրա դիմաց: Բայց այստեղ առաջին անգամ երևում է Մարկի յուրահատկությունը, երբ նա հրաժարվում է փողից և տարածում է “Synapse”-ը անվճար: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կրկին նույն Microsoft-ը առաջարկում է նրան բարձր վարձատրվող աշխատանք, սակայն Մարկը չի ընդունում հրավերը և մեկնում է սովորելու Հարվարդ` ընտրելով իր համար ոչ թե համակարգչային տեխնոլոգիաները, այլ հոգեբանությունը:

Հարվարդում նա անմիջապես ձեռք է բերում բանիմաց հակերի և ծրագրավորողի հեղինակություն: Մարկին հաջողվում է “կոտրել” համալսարանի բոլոր ուսանողների տվյալները և նկարները պարունակող սերվերը և կազմակերպել հարվարդյան աղջիկների ցանցային ինքնատիպ գեղեցկության մրցույթ: Դրանից հետո համալսարանի ղեկավարությունը գրեթե որոշում է կայացնում նրան հեռացնելու մասին, բայց նաև նշում է իր զեկույցում, որ Ցուկերբերգը օժտված է բացառիկ ունակություններով:

2003 թվականի ողջ ընթացքում հնդկական ծագում ունեցող ամերիկացի Դիվիյա Նարենդրան և Կեմերոն ու Թայլեր Վինկլվոսս եղբայրները աշխատում էին “ConnectU” նախագծի ստեղծման վրա: Դա կայք էր ուսանողների համար, որտեղ կարելի էր հանդիպել և շփվել: Աշնանը նրանք առաջարկում են Մարկին աշխատել իրենց հետ: Նա համաձայնվում է, սակայն անսպասելիորեն, 2004 թվականի հունվարի 11-ին գրանցում է TheFacebook.com անվանումը (հետագայում The-ն դուրս է գալիս), իսկ փետրվարի 4-ին այն սկսում է աշխատել: Պետք է նշել, որ ստեղծել Facebook-ը նրան օգնում են ընկերները` Էդուարդո Սավերինը, Դասթին Մոսկովիցը, Էնդրյու Մաքքոլումը և Քրիստոֆեր Հյուզը:

Նոր սոցիալական ցանցի հայտնվելուց անմիջապես հետո Նարենդրան և Վինկլվոսսները սկսում են պնդել, որ Մարկը գողացել է իրենց միտքը: 2007 թվականին նրանք դատավարություն են սկսում Ցուկերբերգի դեմ: Դատարանի պահանջով անցկացվում է կայքի կոդի քննություն, սակայն արդյունքները մինչև հիմա էլ գաղտնի են: 2009 թվականին հայցվորներին հաջողվում է հասնել հաջողության և Մարկը վճարում է նրանց 65 միլիոն դոլար: Չնայած այդ ժամանակ նրա համար դա արդեն լուրջ գումար չէր, քանի որ Facebook-ը դարձել էր շատ հաջող նախագիծ, իսկ Ցուկերբերգը` միլիարդատեր: Այժմ նրա կարողությունը գնահատվում է մոտ 7 միլիարդ դոլար:

2004 թվականին մինչև Facebook-ի հաջողությունը դեռևս մի քանի քայլ կար և անհրաժեշտ էին զգալի ներդրումներ: Ներդնում էին բոլորը` և՛ Ցուկերբերգը և՛ Սավերինը և՛ սոցիալական ցանցի ստեղծման մյուս մասնակիցները: Բայց իսկապես լուրջ ներդնող հայտնվում է 2004 թվականի ամռանը, երբ Ցուկերբերգը ընկերների հետ այցելում է ծրագրավորողների Մեքքան` Պալո Ալտո քաղաքը Կալիֆոռնիայում: Այստեղ նա ծանոթանում է “Napster” ֆայլափոխանակման համակարգի հիմնադիր Շոն Պարկերի հետ: Վերջինս ներկայացնում է նրան PayPal վճարային համակարգի հիմնադիր Պիտեր Տիլին և Տիլը, զգալով նախագծի հետագա զարգացումները, տրամադրում է երիտասարդ Ցուկերբերգին 500 հազար դոլար: Անմիջապես կազմվում է ուժեղ ծրագրավորողների մի թիմ և “Facebook”-ը վերածվում է հզոր միջազգային ցանցի: Այսօր սոցիալական ցանցում գրանցված են ավելի քան 500 միլիոն օգտագործող:

Սակայն իր առաջին գործընկերների հետ Ցուկերբերգը վիճում է: Վիրավորված Էդուարդո Սավերինի հետ երկարատև զրույցներից հետո է գրող Բեն Մեզրիչը գրում իր “Ակամա միլլիարդատերեր — Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատմությունը” գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվում է “Սոցիալական ցանց” ֆիլմը: Սակայն մի փոքր տարօրինակ է թվում Ցուկերբերգի նախկին ընկերների վիրավորվածությունը: Նրանցից յուրաքանչյուրն ունի Facebook-ի արժեթղթերի փաթեթ և նույնպես հանդիսանում է միլիարդատեր: Վերջերս Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այնտեղ ասվում է, որ Էդուարդո Սավերինի կարողությունը գնահատվում է 1.15 միլիարդ դոլար:

Ցուկերբերգի կողմնակիցները պնդում են, որ վիրավորված Սավերինը բացասական է ներկայացրել Facebook-ի հիմնադրին, իսկ Մեզրիչի գիրքը և նրա հիման վրա նկարահանված ֆիլմը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ գրքի հեղինակը նույնիսկ չի էլ զրուցել Ցուկերբերգի հետ: Նրանք ասում են, որ “իսկական Մարկը” ներկայացված է մեկ այլ գրքում` “Facebook-ի էֆֆեկտը”` գրված այս տարվա հունիսին Դեյվիդ Կիրկպատրիկի կողմից` սոցիալական ցանցի հիմնադրի հետ երկարատև զրույցներից հետո: Այնտեղ երիտասարդ միլիարդատերը հանդես է գալիս բոլորովին այլ կերպարով` նա չի ընկնում շահույթի ետևից, բացառապես նվիրված է իր գործին և երազում է փոխել աշխարհը դեպի ավելի լավը: Facebook-ի իր էջում ինքը` Ցուկերբերգը, ասում է. “Ես փորձում եմ դարձնել աշխարհը ավելի բաց, օգնելով մարդկանց գտնել միմյանց”: Իսկ նրա հետաքրքրություններում նշված են “հրապարակայնություն, ստեղծել բաներ, որոնք կօգնեն մարդկանց գտնել միմյանց և կիսվել նրանով, ինչը կարևոր է նրանց համար, հեղափոխություն, տեղեկատվական հոսք”:

Վերջերս նա ձայնավորել է ինքն իրեն հայտնի “Simpsons” հեռուստասերիալում: Այն սերիայում, որը դուրս է եկել բավականին վերջերս, Լիզան և Նելսոնը փնտրում են ներդրող իրենց նախագծի համար և ծանոթանում են Մարկ Ցուկերբերգի հետ: Նա հայտնում է երիտասարդ ձեռներեցներին, որ շատ միլիարդատերեր են ժամանակին թողել համալսարանը: Ի դեպ Facebook-ի հիմնադիրը այդպես էլ չավարտեց Հարվարդը: Իր համալսարանները նա անցավ ինտերնետում և ապացուցեց գիտելիքներ ստանալու նման մեթոդի հաջողությունը:

Արևմտյան լրատվամիջոցները պատմում են, որ միլիարդատերը աչքի է ընկնում առօրյա կյանքում իր պարզությամբ` քնում է դոշակի վրա, որն ուղղակի գցված է հատակին, գրասենյակ գնում է հեծանվով և հագնվում է շատ հասարակ` ջինս, սպորտային վերնաշապիկ և սանդալներ բաց ոտքերին: Հանգստյան օրերին սկզբունքորեն չի աշխատում, նույնիսկ եթե խոսքը գնում է միլիարդանոց գործարքների մասին: Իր անձնական կյանքի մասին նա նույնպես չի մոռանում: Արդեն մի քանի տարի է նա հանդիպում է չինուհի Պրիսցիլլա Չենի հետ, որի հետ ծանոթացել է նույն պատմական 2004 թվականին: Այժմ Ցուկերբերգը սովորում է չինարեն և այս տարվա վերջում պլանավորում է մեկնել Չինաստան` ռոմանտիկ ուղևորության: Չի բացառվում, որ ռոմանտիկան ուղևորության միակ պատճառը չէ: Ասում են, որ Չինաստանում պատրաստվում է բացվել սեփական “Facebook”-ը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչքան նոր օգտվողներ կհայտնվեն այդ ցանցում և որպես հետևանք, ինչքան կավելանա Մարկ Ցուկերբերգի շահույթը…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»