Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք

Երբ Սիր Ուինսթոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, անգլիական համալսարաններից մեկը հրավիրում է նրան ելույթ ունենալու: Դա մեծ իրադարձություն էր Անգլիայի համար: Մարդիկ սկսում են ժամանել երկրի տարբեր ծայրերից: Բոլորը ցանկանում էին տեսնել իրենց հանրահայտ հայրենակցին: Դահլիճը ամբողջությամբ լցված էր, շատերը կանգնած էին անցումներում և աստիճանների վրա:
Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսնում է հազարավոր մարդկանց: Բոլորը լարված սպասում էին, թե երբ ելույթ կունենա իրենց օրերի ամենաիմաստուն մարդկանցից մեկը: Համալսարանի դեկանը ներկայացնում է նրան որպես ներկայումս ապրող ամենահայտնի անգլիացի: Նրա խոսքերով, Չերչիլը պետք է տար իր կյանքի ամենանշանակալից ելույթը` ամփոփելով իր ողջ կյանքը, կիսվելով իր ողջ փորձով:

Չընդհատվող ծափահարությունների ներքո Չերչիլը բարձրանում է բեմ: Սպասելով այնքան, մինչև ծափահարությունները կդադարեն, նա մոտենում է խոսափողին և սկսում իր ելույթը.

— Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հանձնվեք:

Մարդիկ միանգամից գլխի չեն ընկնում, որ այդքանով ելույթն ավարտված է: Նա կրկին նստում է և այլևս չի արտասանում ոչ մի բառ: Բոլորը չէ որ գոհ էին, չէ՞ որ շատերը հսկայական տարածություն էին անցել, որպեսզի լսեին նրա հռետորական խոսքը: Որոշ ժամանակ անց մարդիկ սկսում են հասկանալ, որ Չերիչիլը չէր ցանկանում երկար խոսել, քանի որ ոչինչ ավելի կարևոր, քան ասվածը, նա ասել չէր կարող: Այդ մեկ նախադասությամբ նա ուզում էր օգնել մարդկանց կենտրոնանալ գլխավորի վրա` երբ դադարում ես պայքարը, դու պարտված ես: Տարբեր խնդիրներն ու անհաջողությունները վախենալու պատճառ չեն: Խնդիրները կարելի է լուծել, իսկ անհաջողությունները` դրանք աստիճաններ են հաջողության ճանապարհին: Բայց եթե հանձնվում ես, ապա ամեն ինչ վերջացած է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Հարգելի Լուկա կաողե դուք ունենաք the secret ֆիլմի հայերեն թարգմանությունը ես լավ չեմ հասկանում Ռուսերեն, այդ պատճառով խնդրում եմ եթե ունեք հայերեն տարբերակը տեղելացրեք ինձ անհրաժեշ է այդ ֆիլմը

  • Սարգիս ջան հիմա չունեմ, բայց կհետաքրքրվեմ, եթե հայերեն թարգմանություն կա, կգտնեմ ու կայքում կտեղադրեմ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»