Մտորումներ

Մի փոքր երջանկության մասին

Երջանկությունն ինքն իրեն չի գալիս: Դրա միակ աղբյուրը գտնվում է ձեր ներսում: Դուք ինքներդ եք ստեղծում այն ամեն օր, հենց այս պահին: Սպասել, որ տեղի կունենա ինչ-որ բան, որը կերջանկացնի ձեզ, համարժեք է սպասել նրան, թե երբ կսկսեք ապրել: Կարևորը չէ, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ: Կարևորը այն է, թե ինչպես եք դուք վերաբերվում դրան: Եթե կյանքին նայեք դրական, ապա այն կդառնա հետաքրքիր և արկածներով լի և կդադարի լինել ինչ-որ բան, որը պետք է ուղղակի ապրել: Սովորաբար մարդիկ կենտրոնանում են բացասականի վրա կամ տեղի ունեցածի մեջ նկատում են միայն բացասականը: Սակայն ողջ օրվա ընթացքում տեղի են ունենում հազարավոր բաներ, որոնց համար դուք կարող եք շնորհակալ լինել կյանքին, բայց դրանց վրա ուշադրություն չեք դարձնում: Սկսեք անել դա հենց այս պահից:

Հաճախ մարդը նկատում է միայն ցավը: Երբ ձեր գլուխը ցավում է, դուք դա գիտակցում եք: Երբ ձեր գլուխը չի ցավում, դուք ուշադրություն չեք դարձնում դրա վրա: Երբ դուք հիվանդ եք, դուք դա գիտակցում և տառապում եք, սակայն երբ դուք բացարձակապես առողջ եք, դուք չեք գնահատում այդ առողջությունը և չեք ուրախանում դրա համար: Պետք է սովորել շնորհակալ լինել և՛ շրջապատին և՛ ճակատագրին նույնիսկ անհաջողությունների համար` դիտարկելով դրանք որպես օգտակար դասեր, որոնք պետք է սովորել: Մարդուն դժբախտ դարձնում են միայն նրա մտքերը, այլ ոչ թե արտաքին գործոնները: Ղեկավարելով ձեր մտքերը` դուք ղեկավարում եք ձեր երջանկությունը:

Խորհուրդներ

  • Սկսեք յուրաքանչյուր նոր օր, որպես ձեր կյանքի նոր սկիզբ: Մոռացեք բոլոր այն վատ բաների մասին, որոնք տեղի են ունեցել երեկ: Անցածը ետ չես բերի:
  • Մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ իր մասին մտածում է: Որպեսզի լինեք երջանիկ, սովորեք գնահատել ինքներդ ձեզ:
  • Նպատակները կյանքին իմաստ և բովանդակություն են տալիս: Դրեք ձեր առջև նպատակներ և կենտրոնացեք դրանց հասնելու վրա: Եթե ձեր նպատակները լինեն բարի, ապա դրանք կլցնեն ձեր կյանքը:
  • Ցանկացած իրավիճակում կարելի է գտնել ծիծաղելի ինչ-որ բան: Հումորի զգացումը թուլացնում է ստրեսը և օգնում է ձեր առջև ծագած խնդիրներին ավելի լավ լուծումներ գտնել:
  • Դուք չեք կարող լինել երջանիկ, եթե ներսում ունեք վրդովմունք և ատելություն: Հիշեք, որ ձեր վրդովմունքներից ոչ ոք չի տառապում, բացի ձեզանից: Սովորեք ներել ուրիշներին և ինքներդ ձեզ: Ուղղակի սիրեք բոլոր մարդկանց:
  • Երջանիկ լինելու համար երջանկացրեք ուրիշներին: Ինչքան շատ եք դուք օգնում այլ մարդկանց, ինչքան շատ եք նրանց երջանկացնում, այնքան ավելի երջանիկ եք դուք դառնում:
  • Եղեք բաց և անկեղծ: Յուրաքանչյուր մարդուն վերաբերվեք այնպես, կարծես վերջին անգամ եք նրա հետ հանդիպում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Ես ուսումնասիրում եմ մտքի ղեկավարման ,,Սիլվա մեթոդը,,:
    Վերը նշված խորհուրդները հաստատում էին ,,Սիլվա մեթոդ,,-ի մասին իմ կարդացած գրքերը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»