Հաջողության գաղտնիքներ

Վախեցեք, բայց շարժվեք առաջ

Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մի մարդ, ով ոչնչից չի վախենում: Բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են, իսկ մեծ մասը` վախենում են մի շարք բաներից: Վախի տեսակները շատ են` աղքատության, հիվանդության, ծերության, միայնության, քննադատության արժանանալու, կարծիք արտահայտելու, որոշում ընդունելու, սիրած մարդուն կորցնելու, բազմամարդ դահլիճի առջև ելույթ ունենալու և այլն: Մեր օրերում վախն իսկական համաճարակ է դարձել: Մենք վախենում ենք սկսել և վախենում ենք ավարտին հասցնել: Վախենում ենք փոխել աշխատանքը և վախենում ենք «մնալ» նույն տեղում: Վախենում ենք, որ մեր մոտ կստացվի և վախենում ենք, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Վախենում ենք ապրել և մահանալ նույնպես վախենում ենք:

Երբ դուք նայում եք աշխարհի ամենահաջողակ մարդկանց, ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք այնքան երջանիկ են, այնքան վստահ, երբեք ոչնչից չեն վախենում և նրանց առջև բաց են բոլոր այն դռները, որոնք փակ են սովորական մարդկանց առջև: Բայց իրականում դա այսպես չէ: Որպեսզի հասնեն այն բարձունքներին, որոնցում մենք տեսնում ենք նրանց այսօր, նրանք ստիպված են եղել հասկանալ իրենց վախերը, պայքարել դրանց դեմ և հաղթահարել դրանք: Չնայած իրենց վախերին, նրանք կարողացել են շարժվել առաջ: Սա է հոդվածի գլխավոր միտքը: Չի կարող լինել այնպես, որ դուք չվախենաք: Բայց չնայած դրան, գործե՛ք, շարժվե՛ք առաջ:

Չնայած վախի տեսակների բազմազանությանը, կխոսեմ միայն դրանցից ամենաքայքայիչներից մեկի մասին` վախ ինչ-որ նոր բան անելու հանդեպ: Այս վախն առաջանում է այն ժամանակ, երբ մենք անծանոթ «տարածք» ենք մուտք գործում կամ սկսում ենք անել այն, ինչը նախկինում երբեք չենք արել: Շատ հաճախ այս վախը խլում է մեր ուժերը և չի թողնում փոխել մեր կյանքը դեպի ավելի լավը: Բայց հասկացեք, քանի դեռ դուք աճում եք, վախը միշտ ուղեկցելու է ձեզ: Միայն դուք չեք վախենում, երբ «նոր տարածք»-ում եք հայտնվում: Բոլոր մարդիկ են դա զգում: Բայց վախը ընդամենը գիտակցության վիճակ է: Իսկ դա կարելի է ղեկավարել և ուղղորդել: Ինչպե՞ս դա անել: Պետք է կարողանալ, թեկուզ վախենալով, բայց այնուամենայնիվ շարժվել առաջ: Միայն այդպես դուք կարող եք հաղթահարել ձեր վախերը: Գործողությունները ուժ են տալիս, դրանք վստահություն են բերում: Ինչ-որ նոր բան անելու հանդեպ վախը այդքան վախենալու չէ, որքան այն թաքնված վախը, որն առաջանում է անօգնական լինելու զգացումից:

Յուրաքանչյուր մարդ ունի հարմարավետության գոտի: Դա այն սահմանն է, որում մենք մեզ հանգիստ և ապահով ենք զգում: Բայց եթե ցանկանում եք հասնել մեծ հաջողությունների, անընդհատ շարժվել առաջ, ապա պետք է կարողանաք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Դա կարող եք անել ամեն օր, թեկուզ փոքր քայլերով: Զանգահարեք նրան, ում հետ նախկինում խուսափում էիք խոսել, գնեք այն կոշիկները, որոնք միշտ ցանկացել եք հագնել, բայց դրանք թանկ են եղել, սկսեք այն գործը, որն այդքան դժվար է թվում, բայց որը միշտ երազել եք անել: Այդպիսի քայլերը դարձրեք սովորություն, արեք դրանք ամեն օր: Հավատացեք, դա մեծ հաճույք կպատճառի ձեզ: Եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չստացվի, դուք գոնե կիմանաք, որ մի բան արել եք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստել: Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը նրանք են, երբ ես դուրս եմ գալիս իմ հարմարավետության գոտուց: Այդ զգացումը, երբ դու ինչ-որ բանից վախենում ես, որովհետև դա նոր է քեզ համար ու փորձում ես դա հաղթահարել, բայց չի ստացվում, հետո էլի ես փորձում, բայց էլի չի ստացվում և շարունակում ես փորձել այնքան ժամանակ, մինչև ստացվի և ՎԵՐՋԱՊԵՍ հաղթահարում ես այդ սահմանը, դա մի բան է, որը խոսքերով չի լինի նկարագրել: Դա պետք է զգալ:

Վախը հաղթահարելու և սեփական աչքերում աճելու միակ եղանակը արդարացումներ չփնտրելն ու գործելն է: Ձեր կյանքի պատասխանատվությունը լիովին վերցրեք ձեր վրա: Ինչ-որ բան չանելու համար մի փնտրեք գեղեցիկ արդարացումներ և մի մեղադրեք արտաքին գործոնները: Վստահ եղեք ձեր վրա: Վախն առաջանում է անվճռականությունից և կասկածներից: Դրանք կարող են ծնվել աննկատ, խառնվել իրար և չթողնել ձեզ հանգիստ ապրել: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք դուք մտածում, ինչ եք խոսում, ինչ բառեր եք օգտագործում: Մի օգտագործեք նման արտահայտություններ` ես մեղավոր չեմ, հուսով եմ լավ կլինի, ախ եթե միայն …: Կամ եթե, օրինակ, աշխատանք եք փնտրում, մի ասեք` «հուսով եմ, որ ես աշխատանք կգտնեմ», այլ վստահ ասեք` «ես համոզված եմ, որ աշխատանք կգտնեմ»: Զգու՞մ եք տարբերությունը: Առաջին դեպքում դուք ծրագրավորում եք ձեզ անհանգստության և անքուն գիշերների, իսկ երկրորդում` հանգստության և վստահության:

Վախը ստիպում է մարդուն հրաժարվել անել այն, ինչը նա ճիշտ է համարում և ցանկանում է անել: Շատ մարդիկ կյանքում չեն հասնում լուրջ հաջողությունների միայն այն պատճառով, որ վախենում են նոր բան սկսել կամ ինչ-որ բան իրենց կյանքում փոխել: Իսկ իրենց և իրենց շրջապատին դա բացատրելու համար, նրանք գտնում են արդարացումներ: Երբեմն այդ արդարացումները կարող են շատ տպավորիչ լինել: Բայց դա միայն ինքնախաբեություն է: Մի բանում ես համոզված եմ: Արդարացումները, ավելի շուտ ինքնաարդարացումները, հաջողության հասնելու ամենագլխավոր թշնամիներից մեկն են: Եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում և դրա պատճառը մենք փնտրում ենք մեզանից դուրս, ապա դրանով մենք հրաժարվում ենք կրել պատասխանատվությունը և փակում ենք մեր ուղեղը խնդրի լուծման համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Շնորհակալություն, հոդվածը ինձ դուր եկավ: Այն շատ հետաքրքիր է և ուսանելի: Հասկացա, որ ամենակաևորը վստահես ինքդ քեզ, քո ուժերին, ինքդ քո առջև արդար լինես, չխափես ինքդ քեզ: Չէ որ այդ ամենը մենք ունենք, աստծուց տրված, պետք է ուղղակի կիրառել: Վերջապես մենք Աստծո զավակներ ենք:

  • Հետաքրքիր տեսակետ էր.. 🙂 Պոզիտիվի մեծ լիցք ստացա, հույս ունեմ՝ դա ինձ կօգնի հաղթահարել վաղվա փորձությունը:

    Հարգելի հեղինակ, ձեզ էլ եմ մաղթում հաջողություն :))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»