Ինչպես խոստացել էի, շարունակում եմ խնայողությունների և ներդրումների մասին թեման: Որպեսզի կարողանաք հեշտությամբ խնայել, նախ պետք է հասկանաք, թե ի՞նչի համար եք ուզում խնայել: Շատերը չեն պատկերացնում խնայելու իրական իմաստը: Նրանք կարծում են, որ խնայելով ինչ-որ բան են կորցնում: «Կյանքը շատ կարճ է, պետք է վայելել» — կարելի է լսել այդպիսի մարդկանցից: Բայց հենց «վայելել» բառի մեջ է թաքնված ամեն ինչ: Խնայելու սովորությամբ օժտված մարդիկ հրաժարվում են ներկայիս «փոքրիկ վայելքներից» միայն նրա համար, որպեսզի հետագայում իրոք վայելեն իրենց կյանքն ու օգնեն ուրիշներին անել դա: Խնայելու սկզբունքներից մեկը հենց դրանումն է կայանում` խնայել, ներդնել և հետագայում վայելել:
«Իսկ ինչու՞ խնայել, երբ ցանկացած պահին, եթե ցանկանամ ներդրում անել կամ ինչ-որ բան ձեռք բերել, իմ եկամուտները ինձ կբավականացնեն կամ եթե չբավականացնեն էլ, ես մի տեղից գումար կգտնեմ կամ թեկուզ վարկ կվերցնեմ», — կմտածեք դուք: Փորձեմ բացատրել դա: Եթե դուք խնայողություններ չունեք, ապա մտածում եք ձեր «հարմարավետության գոտու» շրջանակներում: Այսինքն, դուք նայում եք, թե ֆինանսական առումով ինչի եք ընդունակ տվյալ պահին և մտածում ու գործում եք այդ սահմաններում: Կարող է լինել այնպես, որ հանդիպելով որևէ լավ հնարավորության, որը մի քանի անգամ «գերազանցում է» ձեր ֆինանսական վիճակը, դուք իսկապես կարողանաք ֆինանսներ գտնել կամ հենց թեկուզ վարկ վերցնել: Բայց հիմնականում դա հեշտությամբ ստացվում է այն մարդկանց մոտ, ովքեր արդեն բավարար փորձ, գիտելիք ու վստահություն ունեն ֆինանսների և բիզնեսի աշխարհում: Իսկ մնացած մարդիկ նման պահերին միայն անվստահություն ու վախ են զգում: Ու հենց այդ անվստահությունն ու վախն էլ կարող են «սպանել» հնարավորությունը: Այսինքն, դուք գիտակցում եք, որ շատ լավ հնարավորություն ունեք, բայց քանի որ ձեր սեփական ֆինանսները այդ պահին չեն բավականացնում, մտածում եք` «Ի՞սկ եթե ոչինչ չստացվի ու ընկնեմ պարտքերի տակ», «Ի՞սկ եթե վարկը չկարողանամ փակել», «Ի՞սկ եթե ընկերս գումարը շուտ հետ ուզի», «Ի՞սկ եթե վարկ չտան», «Ի՞սկ վարկի տոկոսը» «Չգիտեմ… իմաստ ունի՞ արդյոք ռիսկի դիմել» և այլն: Եվ այնքան եք այդպես մտածում, որ ինչ-որ «պատճառաբանություն» եք ձեզ համար գտնում և հրաժարվում եք հերթական մտադրությունից:
Ի տարբերություն դրան, խնայողությունները վստահություն են բերում, դրանք ձեզ ավելի համարձակ են դարձնում: Դրանք ստիպում են ձեզ դուրս գալ ձեր «հարմարավետության գոտու» շրջանակներից և ավելի լայն մտածել: Դրանք «բացում են» ձեր ուղեղը նոր հնարավորությունների համար: Երբ դուք նոր հնարավորության եք հանդիպում, դուք արդեն գիտեք, որ ֆինանսական առումով պատրաստ եք դրան և սկսում եք գործել: Նույնիսկ, եթե վերջում ոչինչ էլ չի ստացվում, դա չի ազդում ձեր առօրյա կյանքի վրա: Դուք ընդամենը կորցնում եք այն խնայված գումարները, որոնցից երբեք էլ կախում չեք ունեցել` ոչ մի պարտք, ոչ մի վարկ և նման այլ «անհանգստացնող» բաներ: Բայց ամենակարևորը, որ տալիս են խնայողությունները, դա վստահությունն է, գործելու պատրաստակամությունը:
Ներդրումներ
Ես ձեզ խորհուրդ չեմ տա, թե որ ոլորտներում կամ բիզնեսում ներդնել ձեր գումարները, քանի որ ինքս գտնվում եմ այդ ճանապարհի միայն սկզբնամասում: Միակ խորհուրդը, որ ես կտամ, հետևյալն է` ներդրեք ձեր գիտելիքների մեջ: Հիշեք, ձեր ուղեղն է ձեր ամենամեծ ֆինանսական գործիքը: Անընդհատ գրքեր կարդացեք, նյութեր ուսումնասիրեք, սեմինարների մասնակցեք, ֆիլմեր դիտեք, աուդիոգրքեր լսեք: Ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը: Հեռուստացույց նայելու փոխարեն ավելի շատ ժամանակ ծախսեք ինքնակրթության վրա: Հաճույք ստացեք այդ գործընթացից, քանի որ դրանով եք դուք կերտում ձեր ապագան: Աշխարհում այնքան շատ բան կա սովորելու ու այնքան քիչ ժամանակ: Ազատվեք «մասնագիտական» կապանքներից: Անընդհատ նոր բաներ սովորեք, որոնց մասին նախկինում անգամ գաղափար չունեիք: Դուրս եկեք ձեր «հարմարավետության գոտու» շրջանակներից: Դա հնարավորություն կտա ձեզ անընդհատ աճել և վերջիվերջո մեծ հաջողությունների հասնել: Ես չեմ կարող ասել, թե ինչ գիտելիքներ են ձեզ անհրաժեշտ: Դա յուրաքանչյուրն իր համար պետք է որոշի: Սակայն կարող եմ ասել իմ հետաքրքրությունների շրջանակը, թե որտեղ եմ ես գիտելիքներ ձեռք բերում և քայլեր կատարում` ինտերնետ բիզնես, անշարժ գույք, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, անտիկվարիատ, հաշվապահություն, մարկետինգ, առևտուր, հոգեբանություն, հեղինակային իրավունք և մտավոր սեփականություն և այլն: Միգուցե դուք նույնպես որոշեք շարժվել այս ուղղություններից որևէ մեկով կամ մի քանիսով, բայց դա արդեն դուք պետք է որոշեք: Միակ բանը, որ մնում է ինձ ասել`
Մեծ հաջողություններ եմ ձեզ մաղթում …