Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Լիլիան Վեռնոն. ապագան քո ձեռքերում է

1951 թվականին, 23-ամյա հղի տնային տնտեսուհին, ցանկանալով մի փոքր վաստակել աճող ընտանիքի համար, դրամապանակներ վաճառելու մասին փոքրիկ հայտարարություն է տեղադրում տեղի ամսագրերից մեկում: Դրամապանակների սկզբնական քանակը ձեռք բերելու համար վճարված 2000 դոլարը, որը նա ստացել էր որպես հարսանեկան նվեր և հայտարարության համար վճարված 500 դոլարը, այդ ժամանակ բավական խոշոր գումար էին կազմում: Բայց հավատալով իր նպատակին և չունենալով բիզնեսը վարելու ոչ մի փորձ` երիտասարդ կինը սկսում է գործել:

Նրա փոքրիկ հայտարարությունը բերում է 32000 դոլարի առաջին պատվերները: Ոգևորված հաջողությամբ` Լիլիանը սկսում է գովազդել իր մյուս ապրանքները` ստուգելու համար` պատահական չէ՞ր արդյոք առաջին հաջողությունը: Նա սկսում է վաճառել գոտիներ, զարդեր, գրքերի էջանիշներ, դռների լատունե կողպեքներ, պարկեր, մատիտներ և այլն: Արդյունքները կրկին երկար սպասեցնել չեն տալիս: Գրքերի էջանիշները, օրինակ, սկսում են վաճառվել երկու անգամ ավելի շատ, քան դրամապանակներն ու գոտիները: Լիլիանի ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ էին վայելում:

Նրա գաղափարը կայանում էր հետևյալում` փոստով վաճառել այնպիսի ապրանքներ, որոնք սովորաբար չէին վաճառվում ընդհանուր օգտագործման ապրանքների խանութներում: Ապրանքները ստանում էին նաև անվճար անվանական ձևակերպում (մինչև այսօր էլ Լեռնոնի կատալոգներով գնված յուրաքանչյուր ապրանք իր վրա կրում է սեփականատիրոջ անունը կամ անվան սկզբնատառերը): Բացի այդ, պատվիրատուին երաշխավորվում էր գումարի վերադարձը 10 տարվա ընթացքում, եթե ապրանքն ինչ-ինչ պատճառներով չէր բավարարում նրան: Սա հանճարեղ միտք էր: Մինչև Լիլիանը, կատալոգների միջոցով ապրանքների վաճառքով զբաղվող ոչ մի գործարար չէր աշխատում այսպես: «Գնացեք այնտեղ, ուր ուրիշներն անգամ վախենում են ոտք դնել», — սա հայտնի գործարարներից շատերին միավորող կարգախոսն է, որին հավատարմորեն հետևում էր նաև Լիլիան Վեռնոնը:

1954 թվականին լույս է տեսնում Վեռնոնի առաջին 16 էջանոց սև-սպիտակ կատալոգը: Այն ուղարկվում է 125 000 հասցեատերերի, որոնց թվում էին նախկին հաճախորդներ և հնարավոր պատվիրատուներ: Արդեն 1970 թվականին ընկերության շահույթն անցնում է տարեկան 1 միլիոն դոլարը:

Ապրանքների ընտրության հարցում Լիլիանը անվերապահորեն վստահում էր իր «ներքին ձայնին»: Նա երբեք չէր վաճառում այնպիսի ապրանքներ, որոնք անձամբ չէր ցանկանա ունենալ սեփական տանը: Նա ինքն էր ճանապարհորդում ողջ աշխարհով` հուշանվերների համար յուրահատուկ և որակյալ արտադրանք ձեռք բերելու համար: Դրա համար նա ստիպված էր լինում հաղթահարել հազարավոր կիլոմետրեր, իսկ նրա ընկերությունն աշխատում էր օրեկան 24 ժամ, տարեկան 365 օր:

Այսօր Լիլիան Վեռնոնը գործարար աշխարհում հայտնի է որպես «կատալոգների թագուհի», որի ապրանքները գնում են Հիլարի Քլինթոնը, Առնոլդ Շվարցենեգերը, Սթիվեն Սփիլբերգը և միլիոնավոր միջին ամերիկացիներ: Վեռնոնի ընկերությունն ունի 12 միլիոն պատվիրատուներ, որոնցից յուրաքանչյուրը պարբերաբար ստանում է ընկերության կատալոգները, իսկ ընկերության տարեկան վաճառքների ծավալն անցնում է 150 միլիոն դոլարը: Վաճառքի է հանվում տարեկան 1100 նոր արտադրանք, իսկ կատալոգներում ներառված է ընդհանուր առմամբ 100 միլիոն արտադրանք:

Միլոնատեր կնոջ համար, որը շատ տարիներ առաջ սկսել էր իր բիզնեսը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով, հարստանալն այսօր չի հանդիսանում նպատակ: Բիզնեսը դարձել է նրա կյանքն ու կիրքը: Վեռնոնն այսօր հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր լիդերներից մեկը, որն օրինակ է հանդիսանում երիտասարդ գործարարների մի շարք սերունդների համար, որոնք պատրաստվում են կառուցել իրենց ապագան զրոյից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»