Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Օգտակար խորհուրդներ

Խմիչք, ծխախոտ, հեռուստացույց (մաս 2)

Այն, որ ծխելն ու խմելը վնասակար են առողջությանը, կարծում եմ` գիտեն բոլորը: Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ շարունակում ծխել և խմել: Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես է նիկոտինը կամ ալկոհոլը ազդում օրգանիզմի վրա: Այդ մասին այստեղ երկար չեմ խոսա, քանի որ դրա մասին պատմող բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր կարող եք գտնել, օրինակ, ռուսական կայքերում և youtube-ում: Բայց ալկոհոլի ամենաբացասական ազդեցություններից մեկի մասին, որը վերաբերվում է ձեր ուղեղին, մտածելու կարողությանը, հետևաբար կազդի նաև հետագայում ձեր հաջողությունների հասնելու վրա, այստեղ չնշել ուղղակի չեմ կարող:

Ալկոհոլ և ուղեղ

Տարբեր ֆիլմերում և տեսանյութերում երևի տեսած կլինեք, որ մարդու արյան մեջ լողում են արյան կարմիր գնդիկներ: Դրանք էրիտրոցիտներն են, որոնք սովորական վիճակում պատված են յուղային բարակ թաղանթով: Արյան մազանոթների պատերի հետ շփվելիս էրիտրոցիտների յուղային թաղանթները էլեկտրականացվում են: Արդյունքում` էրիտրոցիտները դառնում են բացասական լիցքավորված մասնիկներ և սկսում են իրար վանել: Այսինքն, սովորական վիճակում արյան մեջ դրանք լողում են առանձին-առանձին: Երբ ալկոհոլը թափանցում է արյան մեջ, դրա ազդեցության հետևանքով էրիտրոցիտների պաշտպանիչ թաղանթը քայքայվում է և վանելու փոխարեն` դրանք սկսում են իրար կպնել: Արդյունքում առաջանում են արյան կարմիր բջիջների կուտակումներ, որոնց ծավալը շատ անգամ գերազանցում է էրիտրոցիտի ծավալը: Էրիտրոցիտների այդ կուտակումները արյան հետ միասին շարժվում են դեպի մարդու ուղեղ: Մարդու ուղեղը բաղկացած է 15 միլիարդ նյարդային բջիջներից` նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սնվում է առանձին միկրոմազանոթի միջոցով: Այդ մազանոթների ծավալն այնպիսին է, որ դրանց միջով էրիտրոցիտները կարող են անցնել միայն հատ-հատ: Եվ երբ մազանոթին մոտենում է էրիտրոցիտների այդ խոշոր զանգվածը, այն չի կարողանում անցնել դրա միջով և տեղի է ունենում խցանում (կամ մազանոթներն ուղղակի պայթում են), որի արդյունքում թթվածինը դադարում է մուտք գործել ուղեղ և մարդու մոտ առաջանում է «թթվածնային անբավարարվածություն»: Եվ հենց այդ զգացումն էլ մարդու կողմից ընկալվում է որպես «հաճույքի» զգացում: Թթվածնային անբավարարվածության արդյունքում, ուղեղի այն նեյրոնները, որոնց մազանոթներում տեղի են ունեցել խցանումներ (կամ դրանք արդեն պայթել են), մի քանի րոպե անց մահանում են: Այսինքն, ձեր ուղեղի մի փոքր հատված ալկոհոլի ազդեցության տակ մահանում է: Չմոռանաք սա` ամեն անգամ, թեկուզ մեկ բաժակ ալկոհոլ խմելիս, դուք սպանում եք ձեր ուղեղի մի հատված:

Ամփոփում

Հիշեք, մանրուքներ չեն լինում: Ցանկացած թվացյալ մանրուք ժամանակի ընթացքում կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա: Մի խմեք միայն նրա համար, որովհետև խմում են բոլորը: Մի խմեք միայն նրա համար, որովհետև սեղանակիցները ձեզ «ստիպում են» խմել: Մի խմեք միայն նրա համար, որովհետև դա «ընդունված է»: «Ընդունված» ոչինչ չկա: Արեք այն, ինչ ճիշտ եք համարում, առավել ևս հիմա, երբ արդեն գիտեք, թե ինչպես է խմիչքն ազդում ձեր ուղեղի վրա: Խմելու մեջ ոչ մի «հերոսություն» չկա: Հիմնական պատճառներից մեկը, որ մարդը խմում է այն է, որ խմելով մարդն ազատվում է իր «կապանքներից» և դառնում է ավելի ազատ և վստահ: Այսինքն, խմած ժամանակ նա կարող է անել ինչ-որ բան, որ սթափ վիճակում խուսափում կամ վախենում է անել: Ժամանակին դա շատ էր օգնում նաև ինձ: Բայց մի օր ես որոշեցի, որ ավելի լավ է ինքս փոխվեմ այնպես, որ գամ նույն վիճակին առանց խմելու, քան ուղղակի թաքնվեմ «ալկոհոլի» ետևում և «սպանեմ» ուղեղս:

Այս հոդվածը գրելիս մտքիս եկավ մեղվի հայտնի արարքը: Բոլորս գիտենք, որ մարդուն խայթելով, մեղուն սատկում է: Բայց մեղուները չեն գիտակցում դա և կրկին շարունակում են խայթել: Միգուցե մենք նույնպես «խայթում ենք»` առանց հասկանալու հետևանքները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»