Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության պատմություններ

Շարժվիր դեպի երազանքդ

2011 թվականին «Կորեան փնտրում է տաղանդներ» հեռուստամրցույթի ժամանակ բեմ է դուրս գալիս 22-ամյա Չոյ Սանգ-բոնգը` սովորական մի պատանի: Սակայն ինչպես պարզվում է քիչ անց` նա այդքան էլ սովորական չէ: Երեք տարեկան հասակում տղային լքում են ծնողները, հինգ տարեկանում նա փախչում է մանկատնից և ավելի քան տաս տարի միայնակ ապրում է փողոցում: Եվ այդ տարիներին նրա մոտ ծնվում է երազանք` երգել:

Երբ նա սկսում է երգել, բոլորն ապշում են: Ժյուրիի անդամների աչքերում արցունքներ են հայտնվում: Ինչպես կարող էր տղան, որը 5 տարեկանից միայնակ ապրել է փողոցում, իր մեջ ուժ գտնել մասնակցել նման մրցույթի և այդպես երգել: Նրա ձայնը նվաճում է բոլորին:

Մինչև բեմ բարձրանալը նա պատմում է իր մասին.

-Ես 22 տարեկան եմ և իմ անունն է Չոյ Սանգ-բոնգ: Ես ապրել եմ շատ ծանր պայմաններում: Ես հիմա էլ ինձ հարմարավետ չեմ զգում այստեղ: Ես ուղղակի ուզում եմ սովորական մարդ լինել, ինչպես մնացածը: Ես այդքան էլ լավ չեմ երգում, բայց երբ ես երգում եմ, ես ինձ այլ մարդ եմ զգում:

Ժյուրի: Բարև
Չոյ Սանգ-բոնգ: Բարև, ես Չոյ Սանգ-բոնգն եմ` 22 տարեկան
Ժյուրի: Քո տեսքից ես չեմ կարողանում որոշել, թե ինչով ես դու զբաղվում
Չոյ Սանգ-բոնգ: Ես ֆիզիկական աշխատանք եմ կատարում
Ժյուրի: Ինչպես տեսնում եմ, քո տվյալներում դու չես լրացրել «ընտանիք» դաշտը
Չոյ Սանգ-բոնգ: Ինձ թողել են մանկատանը, երբ ես 3 տարեկան էի: 5 տարեկանում ես փախա այնտեղից, երբ ինձ ծեծեցին
Ժյուրի: Այդ դեպքում ինչպե՞ս ես դու ապրել մինչև հիմա
Չոյ Սանգ-բոնգ: Ես մաստակ և էնէրգետիկ ըմպելիքներ էի վաճառում փողոցում: Ես ապրել եմ այդպես մոտ 10 տարի
Ժյուրի: Քեզ հետ ոչ ո՞ք չի եղել
Չոյ Սանգ-բոնգ: Ոչ, ես միայնակ եմ եղել
Ժյուրի: Այսինքն, դու ապրե՞լ ես միայնակ 5 տարեկանից սկսած
Չոյ Սանգ-բոնգ: Այո: Ես քնել եմ աստիճաններին կամ հասարակական զուգարաններում
Ժյուրի: Դու դպրոց հաճախե՞լ ես
Չոյ Սանգ-բոնգ: Ոչ, ես թեստ եմ հանձնել, որպեսզի ստանամ իմ տարրական և միջնակարգ կրթության աստիճանները, իսկ բարձրագույն դպրոցն այն առաջին դպրոցն է եղել, որտեղ ես հաճախել եմ
Ժյուրի: Դա ուղղակի անհավատալի է
Ժյուրի: Դու պատրաստվու՞մ ես երգել այսօր
Չոյ Սանգ-բոնգ: Այո
Ժյուրի: Դու հաճու՞յք ես ստանում երգելուց
Չոյ Սանգ-բոնգ: Ավելի շուտ ես երգում եմ ոչ թե նրա համար, որ հաճույք եմ ստանում, այլ երգում եմ, որովհետև իմ դժվար կյանքում դա առաջին բանն էր, որ ես սիրեցի: Ես լավ երգիչ չեմ, ուղղակի ես սիրում եմ երգել:
Ժյուրի: Թույլ տուր ինձ լսել քո երգը

Նրա կատարումից հետո դահլիճը ողողվում է ծափահարություններով:

— Այս պահին ես միայն ուզում եմ գրկել քեզ, — ասում է ժյուրիի անդամներից մեկը, երբ նա վերջացնում է իր կատարումը:
— Որտեղ ես դու սովորել երգել:
— Երբ ես երիտասարդ էի, ինձ հետ տարբեր վատ բաներ էին պատահում: Օրինակ` մի անգամ ինձ նույնիսկ վաճառել են: Մի անգամ էլ, երբ ես մաստակ էի վաճառում գիշերային ակումբներից մեկում, ես տեսա մի մարդու, որն երգում էր բեմի վրա: Սովորաբար գիշերային ակումբներում լավ երաժշտություն է լինում, այդպես չէ՞: Ես հիացած էի այդ երգչով, որը բեմի վրա այդքան անկեղծ էր երգում: Այդ պահից սկսած, ես սկսեցի սիրել երգելը:

Ժյուրիի բոլոր երեք անդամները միաձայն քվեարկում են նրա օգտին և Չոյ Սանգ-բոնգը անցնում է հաջորդ փուլ:

— Չնայած իր դժվար կյանքին, նա վստահությամբ շարժվում է դեպի այն, ինչ իրականում ուզում է: Նույնիսկ շատ տաղանդավոր մարդկանց մոտ է հազվադեպ լինում այդ կիրքը, — ասում է ժյուրիի անդամներից մեկը:
— Ես շատ երջանիկ եմ, որ հանդիպեցի նրան: Ես պարզապես ուզում եմ, որ այս պահից սկսած նա միշտ երջանիկ լինի, — ավելացնում է մյուսը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»