Բիզնես և ֆինանսներ

Ինչպե՞ս ստեղծել սեփական ընկերությունը Հայաստանում

Ցանկացած երկար ճանապարհորդություն սկսվում է առաջին քայլից: Անչափ կարևոր է` ժամանակին կատարել այդ քայլը: Մեր ճանապարհորդությունն արդեն սկսված է: 2011 թվականի հուլիսի 6-ին գրանցվեց FINANCIAL SUCCESS (ՖԱՅՆԵՆՇԸԼ ՍԸՔՍԵՍ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ինչո՞վ ենք մենք զբաղվելու: Նրանով, ինչով զբաղվում էինք մինչ այժմ` մարդկանց մոտիվացնելով, ոգևորելով, հաջողության հանդեպ ձգտում սերմանելով, ինքնազարգացման, բիզնեսի և ֆինանսների բնագավառներում գիտելիքներ տալով: Այսինքն, այն ամենով, ինչն անչափ կարևոր ենք համարում և ինչը մեզ մեծ հաճույք է պատճառում: Մինչև այսօր դա արվում էր միայն success.am կայքի միջոցով: Որոշեցինք ընդլայնել շրջանակները: Արդյունքները, կարծում եմ, շուտով կտեսնեք:

Հոդվածի 2-րդ մասում կնկարագրեմ, թե ինչպես է կատարվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գրանցումը ՀՀ-ում «Մեկ պատուհանի» սկզբունքով: Նախ, ցանկության դեպքում, ձեր ընկերությունը կարող եք գրանցել առցանց` այցելելով e-register.am կայքը: Կայքում կգտնեք նաև ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Իսկ եթե ցանկանում եք ընկերությունը գրանցել ոչ էլէկտրոնային տարբերակով, ապա պետք է այցելեք Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստր: Այն գտնվում է Կոմիտաս 49 հասցեում (սպասարկման բաժին, 1-ին հարկ): Ընկերության գրանցումը տևում է նվազագույնը 2 օր:

Առաջին օր

Դուք պետք է ներկայացնեք ձեր ընկերության անվանման հայտը: Հայտը լրացնելիս պետք է նշեք ընկերության անվանումը երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Օրինակ, մեր դեպքում` Financial Success, Ֆայնենշըլ Սըքսես, Файненшл Сексес: Չի թույլատրվում անվանումները տարբեր լեզուներից թարգմանել բառացիորեն: Օրինակ, մեր դեպքում ընկերության անվանման ռուսերեն տարբերակը չէր կարող լինել Финансовый успех, այլ պետք է լիներ Файненшл Сексес: Մինչև անվանման հայտը լրացնելը դուք պետք է վճարեք պետական տուրքերը` ընկերության անվանումը գրանցելու համար 5 000 դրամ և Պետական Ռեգիստրում ընկերությունը գրանցելու համար 12 000 դրամ: Վճարումը կատարվում է նույն սրահում գտնվող տերմինալի միջոցով: Վճարելուց հետո պահեք կտրոնը: Հետագայում այն պետք կգա ձեզ այդ վճարումը ծախսագրելու համար: Այսքանով առաջին օրը կարելի է համարել ավարտված: Ձեր ընկերության անվանումը ուղարկվում է հաստատման և պատասխանը հայտնի է դառնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Երկրորդ օր

Ենթադրենք, ձեր ընկերության անվանումը հաստատվել է (հակառակ դեպքում դուք պետք է նոր հայտ լրացնեք): Այդ ժամանակ դուք պետք է լրացնեք ընկերության գրանցման համար անհրաժեշտ մնացած տվյալները` հիմնադիրների քանակը, նրանց անձնական տվյալները, կանոնադրական կապիտալի չափը, տնօրենի տվյալները և այլն: Ընկերության կանոնադրության համար կարող եք օգտվել նմուշային ձևից: Եթե այն ձեզ չի բավարարում, ապա կարող եք փոխել ձեր հայեցողությամբ: ՍՊԸ-ի տվյալները լրացնելուց հետո ձեր ընկերությունը գրանցվում է Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում և ձեզ տրվում է Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական: Դրանում նշված է լինում նաև ձեր Հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ-ն: Այդ պահից սկսած ձեր ընկերությունը համարվում է գործող: Եթե ձեր ընկերությունը աշխատելու է կնիքով, ապա այն նույնպես կարող եք պատվիրել նույն օրը: Կնքիների պատրաստման բաժնում (1-ին հարկ) ներկայացնում եք ձեր վկայականը և ձեր կնիքը մոտ 30 րոպե հետո պատրաստ է լինում: Կնիքի համար վճարում եք 12 000 դրամ: Դա այն դեպքում, երբ կնիքը հասարակ է: Կան նաև կնիքների այլ տարբերակներ, որոնք կարող եք ձեռք բերել հավելավճարով: Այսքանը… Դուք արդեն ունեք ձեր սեփական ընկերությունը:

Հետագայում, դուք պետք է հաշվառվեք նաև հետևյալ պետական մարմիններում` հարկային, սոցապահովության և վիճակագրական, և հաշվարկային հաշիվ բացեք որևէ բանկում: Բայց դա արդեն մյուս հոդվածներում: Հաջողություն եմ Ձեզ մաղթում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

  • Շնորհավորում եմ սրտանց, սա մի նոր քայլ է դեպի Հաջողություն;-) Մեծ գործ եք ձեռնարկել ու կես ճանապարհին կանգնել չեք ուզում, հիանում եմ դեպի Նպատակը ուղղված գործողությունների հետևողականությամբ: Նման ընկերություն հավանաբար առաջինն է Հայաստանում և մեր անդրանիկին փայլուն ապագա եմ մաղթում: ՇՆՈՐՀԱՎՈՐ))))

    • Մերսի շատ Leo ջան: Հա, եթե մի բան հաճույքա պատճառում ու ուրիշներին էլ կարող է օգտակար լինել, պետք է դրանով արդեն ավելի լուրջ զբաղվել: Տարոսը քեզ :))

  • Շնորհավորում եմ սրտանց, իրոք որ կարևորն առաջին քայլն անելն էր, շատ լավ սկիզբ է, նաև մեզ համար շատ կարևոր օգտակար ինֆորմացիա ստացանք սկսելու համար:
    ՀԱԼԱԼ Ա ՁԵԶ:)))))

    • Ապրես Արա ջան!!! Լավա, որ ինֆորմացիան էլ պետք եկավ: Հիմա բլոգումդ Ջո Վիտալեի վիդեոն եմ նայում 🙂

    • Խնդրեմ Hay ջան: Կանոնադրական կապիտալը 20 000 դրամ գրանցեցի ընդամենը, ուղղակի, առանց ինչ-որ բանի հիման վրա:

  • Բարև ձեզ,
    Իսկ ի՞նչ կասեք այն մասին, երբ ձեռնարկություն եք գրանցում պետ ռեգիստրում և անվանաման մեջ օգտագործելով Արմանիա, Հայաստան և այլ տեղանուններ, պարտավոր եք տարեկան 600.000դրամ պետ տուրք վճարել: Բառ չեմ գտնում, որ որակում տամ նման հիմարությանը…

    • Կարո ջան ճիշտն ասած չէի ուզի կարծիք հայտնել դրա վերաբերյալ, քանի որ չգիտեմ, թե ինչի համար են այդպես որոշել:

  • Բարև ձեզ, ես ուզում եմ իմանալ ՍՊԸ հիմնադրելիս ինչպես է որոշվում կանոնադրական կապիտալի չափսը: Շնորհակալություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»