Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

40% եկամտաբերություն` նույնիսկ Հայաստանում

Շատերի մոտ հարց է առաջանում` որտե՞ղ ներդնել ազատ ֆինանսական միջոցները: Այս հարցը առավել ակտուալ է Հայաստանում, որտեղ ֆինանսական շուկաները դեռ զարգացած չեն: Նման դեպքերում մարդիկ հիմնականում ընտրում են ամենապարզ ու ապահով տարբերակը` բանկային ավանդ: Սակայն բանկային ավանդն ունի մեկ շատ լուրջ սահմանափակում` 8-12%: Դա նշանակում է, որ եթե դուք բանկում դնում եք որոշակի գումար, ապա մեկ տարվա ընթացքում ձեր գումարն ավելանում է ընդամենը 8-12%-ով: Երկարաժամկետ տեսանկյունից (եթե դուք պատրաստվում եք ձեր գումարը բանկում պահել օրինակ 20-30 տարի) այս տարբերակի շուրջ դեռ կարելի է մտածել, մանավանդ, եթե դուք ձգտում եք ապահովության և չեք սիրում ռիսկի դիմել: Սակայն կարճաժամկետ տեսանկյունից այդ տոկոսները բավական փոքր են (չնայած ավելի նախընտրելի են, քան փողը տանը պահելը, որը մեր երկրում դեռ շատ հաճախ է պատահում): Իսկ ուրիշ որտե՞ղ ներդնել:

Ոսկին որպես ներդրում

2010 թվականի հուլիսին որոշեցի ազատ դրամական միջոցներիս մի մասը ներդնել ոսկու մեջ: Իմիջիայլոց, ճգնաժամի ժամանակ ողջ աշխարհում ոսկին համարվում է ներդրման լավագույն տարբերակներից մեկը և աշխարհի շատ ներդրողներ են իրենց ֆինանսական միջոցները ներդնում ոսկու մեջ: Մի քանի շաբաթ ուսումնասիրեցի ոսկու շուկան և գները վերջին 90 տարվա ընթացքում: Իհարկե, միանգամից աչքի ընկավ այն, որ 2000 թվականից սկսած ոսկին սկսել էր կայուն աճել: Դա մի կողմից շատ լավ էր, մյուս կողմից էլ վտանգավոր, քանի որ 1920 թվականից սկսած դա ամենաերկար ժամանակահատվածն էր, որի ընթացքում ոսկին անընդհատ աճել էր և մեծ էր հավանականությունը, որ այդ աճը կարող է ընդհատվել: Բայց այնուամենայնիվ որոշեցի ռիսկի դիմել: Այդ ժամանակ ոսկու մեկ ունցիայի արժեքը տատանվում էր 1100-ից 1200$-ի սահմաններում (ունցիան ոսկու չափման պաշտոնական միավոր է, որը մոտավորապես հավասար է 31.1 գրամ): Անցավ 1 տարի: Այդ մեկ տարվա ընթացքում ոսկին թանկացավ մոտ 40%-ով: 2011 թվականի հուլիսին փակեցի ոսկու հաշիվս` արդյունքում ունենալով 40% եկամտաբերություն: Եվ չնայած որ ոսկու գինը դեռ շարունակում է կտրուկ աճել (այս տողերը գրելու պահին ոսկու 1 ունցիայի արժեքը 1651$ է), իմ առաջին ներդրումից ես շատ գոհ եմ: 40%-ը բավական լավ ցուցանիշ է համարվում նույնիսկ զարգացած երկրներում:

Ինչպե՞ս ներդնել ոսկու մեջ Հայաստանում

Խոսակցություններ կան, որ ոսկու գինը մի քանի տարի դեռ շարունակելու է աճել (քանի դեռ համաշխարհային տնտեսությունը ոտքի չի կանգնել): Շատ մասնագետներ էլ պնդում են, որ ոսկու գնի աճի համար այլևս հիմք չկա և ամեն պահի «փուչիկը կարող է պայթել»: Սակայն այն մարդկանց համար, ովքեր այնուամենայնիվ որոշեն ռիսկի դիմեն և ներդնեն ոսկու մեջ, կգրեմ, թե ինչպես դա կարելի է անել Հայաստանում: Իսկ ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանի բանկերից շատերն այսօր առաջարկում են առարկայազուրկ ոսկու հաշիվներ: Այսինքն, գնում եք բանկ, բացում եք առարկայազուրկ ոսկու հաշիվ և այդ օրվա ոսկու վաճառքի գնի փոխարժեքով ձեր հաշվին մուտք է արվում ձեր դրամին համարժեք ոսկի: Իրականում, այդ ոսկին դուք կարող եք երբեք էլ չտեսնել, ուղղակի դուք գիտեք, որ ձեր հաշվին կա այսքան գրամ ոսկի: Ցանկացած պահի դուք կարող եք այդ ոսկին կանխիկացնել` այդ օրվա ոսկու գնման գնի փոխարժեքով: Ցանկության դեպքում էլ` կարող եք վերցնել նաև ոսկու ձուլակտորները (իհարկե որոշակի % միջնորդավճարի դիմաց): Բայց դա արդեն պետք է ուսումնասիրեք առանձին բանկերի առաջարկած պայմանները: Նաև նշեմ, որ ոսկու միջազգային գներին ես միշտ հետևում եմ այս կայքի միջոցով:

Այսքանը: Հուսով եմ, որ հոդվածը ձեզ որոշակի գիտելիք և օգուտ տվեց: Հաջող ներդրումներ եմ ցանկանում:

P.S.
Ամենակարևորը, որ տվեց ինձ ոսկու հետ կապված այս պատմությունը, ոչ այնքան այդ 40%-ն էր, որքան «նոր տարածքների» ուսումնասիրումը, ֆինանսական գիտելիքների ձեռք բերումը և վստահության աճը ֆինանսների աշխարհում: Կարելի է կատարել հաջորդ քայլը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»