Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Վերցրեք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքը

Մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկը որոշել էր սեփական ընկերությունը բացել, որը զբաղվելու էր Չինաստանից ապրանքների ներկրմամբ և վաճառքով: Հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էր նա պատմում այդ մասին, երբ մենք երբեմն հանդիպում էինք: Նա այնպես էր խոսում իր ապագա ընկերության մասին, կարծես այն արդեն իրական էր: Մի օր պատահական հանդիպեցի նրան, երբ տուն էի վերադառնում: Սկսեցինք տարբեր բաներից խոսել: Նա կրկին սկսեց պատմել իր պլանների ու անելիքների մասին: Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: Զգում էի, որ ինչ-որ բան այնպես չէ:

Ի՞նչ էր պատահել

Սկսեցի հարցուփորձ անել: Նա սկսեց պատմել այն մասին, որ արդեն պատրաստվում էր աշխատանքից դուրս գալ և իր սեփական գործը սկսել: Այդ մասին նա հայտնել էր հարազատներին և ընկերներին: Վերաբերմունքը բացասական էր եղել: Նա պատմում էր, որ մարդիկ իրեն չէին հասկանում, որ նրան անընդհատ «փորձում էին բացատրել», որ իր մոտ ոչինչ չի ստացվի, որ այս երկրում հնարավոր չէ ինքնուրույն ինչ-որ բանի հասնել, որ հիմարություն է թողնել բարձր վարձատրվող աշխատանքն ու դուրս գալ, որ նա ոչինչ չի հասկանում բիզնեսից:

Նա ասում էր, որ իրեն այնքան էին նույն բանը ասել, որ նա քիչ էր մնում հիասթափվեր: Նա չէր էլ մտածում, որ «ճնշումը» կարող էր այդքան մեծ լինել:
-Չգիտեմ էլ ինչ եմ անելու, — ասաց նա տխուր ձայնով, երբ մենք արդեն բաժանվում էինք:

Անսպասելի զանգ

Այդ խոսակցությունից մոտ երեք տարի էր անցել և ես այդ մասին արդեն մոռացել էի: Բայց մի օր անսպասելի զանգ ստացա: Լսափողում ինչ-որ մեկը չինարեն կամ ճապոներեն ինչ-որ բան էր խոսում: Ոչինչ չհասկացա: Հետո վերջապես ծանոթ ձայն լսեցի: Այն նույն ծանոթս էր, որին վերջին անգամ հանդիպել էի երեք տարի առաջ: Երբ հարցրեցի նրան, թե ինչ անհասկանալի ձայներ էին այնտեղ լսվում, նա ասաց, որ այժմ գտնվում է Չինաստանում: Նա պատմեց, որ մեր վերջին խոսակցությունից հետո նա այնուամենայնիվ որոշել էր ոչ ոքի չլսել, դուրս էր եկել աշխատանքից, բացել էր սեփական ընկերությունը և սկսել էր Չինաստանից բերված տարբեր մանր-մունր ապրանքներ վաճառել:

Հաջողություն

Սկզբում ամեն ինչ դանդաղ էր ընթացել: Բայց մեկ տարի անց վաճառքների ծավալը սկսել էր կտրուկ աճել: Գործերն այնքան էին լավացել, որ ծանոթս որոշել էր կնոջ հետ տեղափոխվել Չինաստան և այնտեղից ղեկավարել բիզնեսը: Նա կապեր էր հաստատել տեղի գործարարների հետ և անձամբ էր ընտրում ապրանքներն ու ուղարկում Հայաստան: Հետո նա որոշել էր ընդլայնել բիզնեսը: Նա ինտերնետ-խանութ էր բացել Ռուսաստանում և սկսել էր վաճառել այդ նույն ապրանքները: Նախագիծը մեծ հաջողություն էր ունեցել: Շահույթը կազմել էր միլիոններ: Այդ գումարների մի մասով նա բնակարան էր գնել Չինաստանում, ևս երկու խանութ էր բացել այնտեղ և այժմ էլ մտածում էր այլ երկրների շուկաներ դուրս գալու մասին:

Ես անչափ ուրախ էի այդ ամենը լսելով: Մենք մոտ մեկ ժամ խոսում էինք այդ մասին, հիշում անցյալը, ծիծաղում: Եվ երբ վերջում հիշեցրեցի նրան մեր վերջին հանդիպման մասին, նա ասաց.

— Ես շատ ուրախ եմ, որ այն ժամանակ կարողացա հաղթահարել կասկածներս և ճիշտ որոշում կայացնել: Եթե ես հետևեի մնացածի խորհուրդներին, ես կսպանեի երազանքս ու ողջ կյանքս կմնայի այնպիսին, ինչպես բոլորը: Բայց ես արեցի այն, ինչ սիրտս էր թելադրում: Եվ հիմա արդեն գիտեմ, որ ինձ մոտ արդեն ամեն ինչ լավ է լինելու:

P.S.
Հոդվածը նվիրվում է Չեխիայում և Միացյալ նահանգներում գտնվող երկու ընկերներիս՝ որպես ոգեշնչում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»