Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Ավելի լավ է գործել և սխալվել, քան երկար մտածել ու ոչինչ չանել

Փոքր ժամանակվանից մեզ սովորեցրել են, որ մի բան անելուց առաջ պետք է երկար մտածել: Պետք է վերլուծել բոլոր հնարավոր հետևանքները, դրական ու բացասական կողմերը և եթե ամեն ինչ նորմալ է` այդ ժամանակ միայն գործել: Թվում է թե` տրամաբանական է: Բայց պարզվում է, որ ոչ միշտ: Հիմա փորձեմ բացատրել: Շատ հաճախ մարդիկ ինչ-որ բան են պլանավորում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նրանց կյանքի վրա: Օրինակ, ոմանք ուզում են տուն գնել, մյուսները` աշխատանքը փոխել, երրորդների մոտ հիանալի բիզնես գաղափար է ծագում, որը պետք է իրագործել, իսկ ինչ-որ մեկն էլ փողոցում հանդիպում է իր «ապագա կնոջը», որի հետ դեռ ծանոթ չէ, բայց կասկածում է` մոտենալ, թե՞ չէ:

Կարծում եմ` բոլոր դեպքերում էլ մտածել պետք է: Բայց երկար մտածելը միշտ չէ, որ արդարացնում է իրեն: Լինում են պահեր, երբ պետք է ոչ թե մտածել, այլ գործել, թեկուզ, եթե կա սխալվելու վտանգ: Ընդհանրապես, երբ որ ինչ-որ բանի շուրջ երկար ես մտածում, ենթագիտակցորեն սկսում ես պատճառներ ման գալ, որպեսզի չանես դա: Իսկ պատճառն այն է, որ քո ենթագիտակցությունը դեմ է փոփոխություններին և անընդհատ հուշում է քեզ` «փոփոխությունները վատ են, դրանք կարող են քեզ մոտ ամեն ինչ փչացնել, քեզ փոփոխություններ պետք չեն»: Եվ արդյունքում, ինչ-որ բանի դրական և բացասական կողմերը վերլուծելիս, մարդը երբեմն այնքան է կենտրոնանում բացասականի վրա, որ մոռանալով դրականը, սկսում է մտածել` իսկ իմաստ ունի՞ արդյոք:

Կարծում եմ, որ բոլորի մոտ էլ գոնե մեկ անգամ եղել է նման դեպք: Դուք ինչ-որ բան եք ցանկացել անել, բայց այնքան եք մտածել դրա շուրջ, այնքան եք վերլուծել, որ կամ ձեր ոգևորությունն է անցել կամ ուղղակի փոշմանել եք: Նման դեպքերում խորհուրդ կտամ ձեզ գնահատել ռիսկերը: Եթե այն, ինչ պատրաստվում եք անել, ձեր կյանքի համար իրոք ճակատագրական չէ, ապա ավելի լավ է երկար չմտածեք և սկսեք գործել: Իսկ մտածել կարող եք գործի ընթացքում: Եթե ինչ-որ բան էլ հանկարծ չստացվի կամ դուք սխալվեք, դրան կրկին պետք չէ բացասական վերաբերվել, քանի որ դուք փորձ հավաքեցիք և մյուս անգամ նույն սխալը չեք գործի: Համենայն դեպս, նման ձևով դուք քայլ առ քայլ առաջ եք շարժվում: Իսկ երբ միայն մտածում եք ու ոչինչ չեք անում, դուք մնում եք նույն տեղում: Իհարկե, ամենալավ տարբերակն այն է, որ ինչ-որ բանի շուրջը սկզբում լավ մտածում ես, հետո` անցնում գործի: Ուղղակի փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում մարդիկ, որոնք հենց այդպես էլ մտածում են, կեսից ուղղակի հրաժարվում են:

P.S.
Համենայն դեպս, ես իմ վրա զգացել եմ դա: Երբ ես մի բանի վրա երկար եմ մտածում, գալիս է մի պահ, որ փոշմանում եմ ու չեմ անում: Իսկ երբ մտքովս մի բան է անցնում ու մի փոքր մտածելուց հետո միանգամից գործի եմ անցնում, դրանում ես կամ հաջողության եմ հասնում, կամ եթե ոչ` այնքան գիտելիք եմ ձեռք բերում, որ հաստատ արժեր դրա համար սխալվել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»