Ես դեմ եմ պատերազմներին: Պատերազմներում չեն կարող լինել հաղթողներ: Պատերազմները` դրանք «հետամնացության» դրսևորում են: Դեռևս հին ժամանակներից, վիկինգները կամ քարե դարի մարդիկ, որոնց մոտ դեռ զարգացած չէր քաղաքակրթության զգացումը, ինչ-որ հարց լուծելու, ուտելիք կամ կին «կիսելու» համար, դիմում էին ամենատարրական տարբերակին` կռվում էին իրար հետ: Այսինքն, նրանք տրվում էին կենդանային բնազդին` «հոշոտում» էին իրար և որ «կենդանին» հաղթեր, նա էլ տիրանում էր «ավարին»: Բայց չէ՞ որ մենք կենդանի չենք: Չէ՞ որ մարդը կոչվում է մարդ, որովհետև նա ունի ուղեղ, գիտակցություն: Այդ ուղեղն ու գիտակցությունը պետք է օգտագործել, որպեսզի ցանկացած հարց լուծել առանց կռվի ու պատերազի:
Քարե դարից անցել են հազարավոր տարիներ: Փոխվել է մարդու արտաքին տեսքը, սովորությունները, զարգացել է մտածելակերպը: Բայց իրար հետ կռվելու «կենդանային» բնազդը ցավոք մնացել է: Ուղղակի հիմա դա ստացել է այլ կերպար: Բռունցքներին ու փայտերին փոխարինելու են եկել ինքնաթիռներն ու տանկերը: Բայց չէ՞ որ դա նույն «հետամնացությունն» է, նույն կռիվը, ինչ-որ բան կիսել չկարողանալու «լավագույն» լուծումը: Չգիտեմ կգա մի օր, երբ մարդն այնքան զարգացած կլինի, որ նրա ուղեղը կսկսի այնքան ուժեղ աշխատել ու գիտակցությունը այնքան վեհ կլինի, որ հարցերը այլևս չեն լուծվի կռիվների ու պատերազմների օգնությամբ: Հուսով եմ, որ այդ օրը անպայման կգա:
Հասկացեք, որ ցանկացած պատերազմում չեն կարող լինել հաղթողներ: Ինչպե՞ս կարելի է կոչվել հաղթող, եթե այդ «հաղթանակի» արդյունքում հազարավոր երեխաներ որբ են մնում, հազարավոր մայրեր այրի են դառնում, ավիրվում են գյուղեր ու քաղաքներ, ավիրվում է այն, ինչը մարդը ստեղծել է տարիներով` խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի արդյունքում: Եվ ինչ կապ ունի, թե ինչ ազգության են նրանք, ինչ կրոնի կամ մտածելակերպի: Փաստը մնում է փաստ: Եթե լինում են զոհեր, լինում են տուժածներ և դժբախտանում են մարդիկ, չի կարելի խոսել հաղթանակի մասին: Մենք կենդանի չենք, մենք վայրենի չենք, մենք ՄԱՐԴ ենք:
P.S
Ամենացավալին այն է, որ ինչքան էլ ուզում ես դեմ եղիր, բայց երբ քո վրա հարձակվում են, ստիպված պետք է պաշտպանվես, այլ տարբերակ չկա: Բայց դրա մասին կարելի է նախօրոք մտածել: Չպետք է թողնել, որ այդ պահը հասունանա:
բայց չմոռանանք, որ Մարդը մարդ է միայն այն պատճառով, որ ապրում է մարդկանց շրջապատում… սակայն այստեղ մարդկանց շրջապատ ասվածն էլ հարաբերական է:
՚Շատ ճիշտ ես, ինչ հաղթանակ, երբ խախտում ենք “Մի սպանիր”-ը: