Նման վերնագրով հոդված հանդիպեցի ռուսական կայքերից մեկում և, կարծում եմ, այն ձեզ նույնպես կհետաքրքրի: Բրոնի Վեեն երկար տարիներ աշխատում է ծերանոցում և հոգ է տանում ծեր մարդկանց մասին` անցկացնելով նրանց հետ իրենց կյանքի վերջին շաբաթները: Իր աշխատանքային երկար դիտարկումների արդյունքում` նա կազմում է ինքնատիպ մի ցուցակ, թե ինչի համար են ափսոսում մարդիկ` գտնվելով իրենց կյանքի վերջնամասում: Նա տեսնում է, որ այն հարցին, թե ինչը կփոխեիք դուք ձեր կյանքում, եթե նորից ապրեիք, որոշ պատասխաններ կրկնվում են մյուսներից շատ: Ձեզ եմ ներկայացնում այդ պատասխանները:
1. Ես ափսոսում եմ, որ համարձակություն չունեցա ապրել այնպես, ինչպես ինքս էի ճիշտ համարում, այլ ապրեցի այնպես, ինչպես ինձնից սպասում էին ուրիշները
Սա ամենաշատ տարածված ափսոսանքն էր մարդկանց մեջ: Երբ մարդիկ գիտակցում էին, որ իրենց կյանքը մոտենում է ավարտին, նրանք հեշտությամբ կարող էին ետ նայել ու տեսնել, թե իրենց որ երազանքները մնացին անկատար: Նրանց մեծ մասը հազիվ թե փորձել էր իրականացնել այդ երազանքների մի մասը գոնե և նրանք պետք է մահանային` գիտակցելով, որ դա տեղի էր ունեցել միայն իրենց ընտրությամբ:
Շատ կարևոր է կյանքի ընթացքում փորձել իրականացնել ձեր բոլոր երազանքները: Այն պահին, երբ դուք կորցնում եք ձեր առողջությունը, արդեն շատ ուշ է դառնում ինչ-որ բան ձեռնարկելու համար: Առողջությունը տալիս է այն ազատությունը, որը շատ քչերն են գնահատում, քանի դեռ չեն կորցնում այն:
2. Ափսոս, որ ես այդքան շատ էի աշխատում
Այս ափսոսանքը հանդիպում էր գրեթե բոլոր տղամարդկանց մոտ: Որոշ կանայք նույնպես ափսոսում էին դրա համար: Մարդիկ ափսոսում էին, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ստիպված են եղել անընդհատ աշխատել իրենց գոյությունը պահպանելու համար և այդ ժամանակը չեն օգտագործել ավելի կարևոր բաների վրա:
Ահա թե ինչու ենք մենք անընդհատ քարոզում` մտածեք սեփական բիզնեսը սկսելու ուղղությամբ: Ուրիշի մոտ աշխատելով` դուք երբեք էլ չեք կարող ձեր կյանքը ամբողջությամբ վայելել: Սեփական բիզնեսը տալիս է այն ազատությունը, որ չունի սովորական վարձու աշխատողը:
3. Ափսոս, որ ինձ մոտ չստացվեց արտահայտել զգացմունքներս
Շատերը կյանքի ընթացքում ստիպված էին եղել ճնշել իրենց զգացմունքները` մարդկային ինչ-որ փոխհարաբերություններ պահպանելու համար: Դրա արդյունքում նրանք չէին ապրել այնպես, ինչպես ցանկացել էին, որի համար էլ կյանքի վերջում ափսոսում էին:
4. Ափսոս, որ ես կապ չէի պահպանում ընկերներիս հետ
Բոլորն են կարոտում իրենց ընկերներին, երբ մահանում են: Շատերն ափսոսում էին, որ կյանքի ընթացքում չեն անցկացրել բավարար ժամանակ ընկերների հետ: Երբ մոտենում ես կյանքի վերջնակետին, կյանքի նյութական կողմերը դադարում են կարևոր լինելուց և միայն դա էլ մնում է` ընկերներն ու հարազատները:
5. Ես ափսոսում եմ, որ թույլ չտվեցի ինձ ավելի երջանիկ լինել
Այս մասին ափսոսում էին շատ-շատերը: Նրանք ամբողջությամբ չէին հասկանում, որ իրենց երջանկությունը միայն ընտրության հարց էր: Նրանք դարձել էին սովորությունների ու ընդունված կարծրատիպերի գերին: Նրանք դարձել էին իրենց իսկ «հարմարավետ» կյանքի զոհը: Փոփոխությունների հանդեպ վախը ստիպել էր նրանց ձևացնել իրենց և ուրիշների առջև, որ իրենք գոհ են իրենց կյանքից:
Երբ դուք գտնվում եք ձեր կյանքի վերջնամասում, ապա այն, թե ինչ են մտածում ուրիշները, կորցնում է իր նշանակությունը: Մնում է միայն այն, թե ինչ եք դուք արել կյանքի ընթացքում և ինչ եք թողնելու ձեզանից հետո: Կյանքը` ընտրություն է: Դա ձեր կյանքն է: Ընտրեք գիտակցաբար, ընտրեք խելացի, ընտրեք անկեղծ: Ընտրեք երջանկությունը:
Եթե ես հենց հիմա մահանայի,ես կմահանայի երջանիկ`առանց ափսոսանքների…
Տեսնե՞ս տարիներ անց նույն արտահայտությունը կասե՞մ նույն վստահությամբ…Կարծում եմ`կասեմ…
Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն: Նաեւ՝ մտածելու տեղիք տվող, որ հետո (Աստված տա՝ ահագին հետո) ափսոսալու շատ բաներ չունենաս…
yes I'm arjeqn erbeq chem imacel.yev.