Միանգամից ասեմ, որ բանկը ոչ ընկեր է, ոչ էլ թշնամի: Բանկը կազմակերպություն է, որի նպատակը` մյուս բոլոր առևտրային կազմակերպությունների պես շահույթ ստանալն է: Իսկ Ձեզ համար բանկը գործիք է: Կկարողանաք այն ճիշտ օգտագործել` կդառնա ընկեր, չեք կարողանա` կդառնա թշնամի: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է բանկն աշխատում իր միլիոնները: Ամեն ինչ շատ պարզ է: Բանկը մարդկանցից վերցնում է ավանդ ցածր տոկոսներով և տալիս է որպես վարկ` բարձր տոկոսներով:
Իհարկե, բանկերն ունեն նաև մի շարք այլ ծառայություններ, որոնցից շահույթ են ստանում և որոնց օգնությամբ, անհրաժեշտության դեպքում, լցնում են իրենց պահուստային ֆոնդը: Նշեմ դրանցից մի քանիսը.
- Բանկը շահույթ է ստանում բանկային հաշիվներից` տարեկան սպասարկման վարձերի դիմաց:
- Բանկը շահույթ է ստանում տարադրամի փոխանակումից: Նա ՀՀ Կենտրոնական Բանկից ձեռք է բերում արտարժույթ ավելի էժան գնով և վաճառում է իր հաճախորդներին ավելի թանկ գնով` աշխատելով տարբերության վրա:
- Բանկը շահույթ է ստանում փոխանցումներից: Այսինքն, նա Ձեր կարգադրությամբ կատարում է փոխանցումներ դեպի հայաստանյան կամ միջազգային այլ բանկեր և դրա դիմաց ստանում է միջնորդավճարներ:
- Բանկը շահույթ է ստանում ներդրումային գործունեությունից: Այսինքն, շատ բանկեր հանդիսանում են նաև բրոքերներ: Նրանք Ձեր կարգադրությամբ գնում կամ վաճառում են արժեթղթեր (օրինակ` բաժնետոմսեր) և դրա դիմաց ստանում են միջնորդավճարներ:
- Բանկը շահույթ է ստանում բանկոմատներից` միջնորդավճարների տեսքով:
- Բանկը շահույթ է ստանում գրավներից` տոկոսների տեսքով:
- Բանկը շահույթ է ստանում անհատական պահատեղերի տրամադրումից և այլն:
Ես թվարկեցի բանկային միայն այն ծառայությունները, որոնք այս պահին մտաբերեցի, սակայն իրականում դրանք ավելի շատ են: Բայց հիմնական գործունեությունը, որի շնորհիվ բանկը շահույթ է ստանում, դա վարկերի տրամադրումն է ավանդներից ստացված գումարների հաշվին, այսինքն` դրանց տոկոսային տարբերությունը: Այնպես որ, եթե մի օր լսեք, որ ինչ-որ բանկ սենսացիոն ավանդ է ընդունում` բարձր տոկոսադրույքով, ապա շատ հավանական է, որ բանկի պահուստային ֆոնդը ուղղակի սպառվել է և նա ձգտում է համալրել այն` հետագայում վարկեր տրամադրելու համար: