Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Կարողություն ստեղծած «տգետը»

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չիկագոյի թերթերից մեկում տպագրված հոդվածում Հենրի Ֆորդը, ի թիվս այլ մեղադրանքների, անվանվում է նաև տգետ: Ֆորդը բողոքարկում է այդ մեղադրանքը և դատի է տալիս թերթին՝ իր հասցեին հնչեցրած զրպարտությունների համար: Դատավարության ժամանակ թերթի խմբագրությունը ներկայացնող դատապաշտպանները մեջբերում են որոշ փաստեր և որպես վկա դատարան են կանչում հենց իրեն՝ Ֆորդին, նպատակ ունենալով ապացուցել դատարանին նրա տգիտությունը: Նրանք Ֆորդին են ուղղում բազմաթիվ հարցերի մի իսկական տարափ, փորձելով ապացուցել, որ չնայած Ֆորդը տիրապետում է մեքենաների արտադրության հետ կապված մի շարք մասնագիտական գիտելիքների, բայց ընդհանուր առմամբ՝ նա սովորական տգետ է:

Նրան տալիս են նմանատիպ հարցեր, օրինակ, «ո՞վ է եղել Բենեդիկտ Առնոլդը» կամ «որքա՞ն զինվոր է ուղարկել Մեծ Բրիտանիան Ամերիկա, որպեսզի ճնշի 1776 թվականի ապստամբությունը»: Վերջին հարցին Ֆորդը պատասխանում է. «Հաստատ չգիտեմ, թե որքան զինվոր է ուղարկել Բրիտանիան, բայց լսել եմ, որ տուն են վերադարձել շատ ավելի քչերը»: Վերջապես պարոն Ֆորդը հոգնում է այդ ամենից: Հերթական, բավական վիրավորական հարցից հետո, նա փոքր ինչ առաջ է ձգվում, մատնացույց է անում դատապաշտպանին և արտասանում. «Եթե ես իրոք ցանկանայի պատասխանել այն հիմար հարցին, որը հենց նոր դուք ինձ տվեցիք կամ ցանկացած այլ հարցի, ապա ես կսեղմեի իմ աշխատանքային սեղանի վրա գտնվող էլեկտրոնային կոճակը և ինձ մոտ կհայտնվեին մարդիկ, որոնք իվիճակի կլինեին պատասխանել ցանկացած հարցի, որն ինձ պետք է: Իսկ հիմա խնդրում եմ ասեք ինձ: Ինչո՞ւ ես պետք է լցնեմ իմ գլուխը ընդհանուր տեղեկություններով, եթե ես ունեմ մարդիկ, որոնք պատրաստ են ապահովել ինձ բոլոր այն գիտելիքներով, որոնց կարիքը ես ունեմ»:

Այս պատասխանի մեջ անկասկած կար հստակ տրամաբանություն: Ֆորդի ճառը դատապաշտպանին կանգնեցնում է փակուղու առջև: Դատարանի դահլիճում բոլոր ներկա գտնվողները հասկանում էին, որ նման պատասխան կարող էր տալ միայն կրթված մարդը:

Ցանկացած մարդ համարվում է կրթված, եթե նա գիտի, թե որտեղ կարելի է ստանալ իրեն անհրաժեշտ գիտելիքները և ինչպես վերածել դրանք կոնկրետ արդյունքների: Հանձինս իր «ուղեղների կենտրոնի» աշխատակիցների՝ Հենրի Ֆորդն իր ձեռքի տակ ուներ մասնագիտական գիտելիքներ, որոնք թույլ էին տվել նրան դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա չուներ ոչ մի անհրաժեշտություն պահելու այդ բոլոր գիտելիքները սեփական գլխում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»