Մարդկանց հետ շփում

Մարդիկ պետք է ավելի բարի լինեն

Այս հոդվածի նպատակն է բարություն մտցնել մարդկանց մեջ: Այսօր այնքան շատ է անհանդուրժողականությունը, այնքան են մարդիկ վախենում իրարից, բողոքում, քննադատում, մեղադրում, որ մարդու սրտում տեղ չի մնում բարության համար: Երբ շրջապատում համատարած նույն մթնոլորտն է տիրում, մարդիկ իրենք էլ չեն նկատում, թե ինչքան են փոխվել: Այսօր ընկած մարդուն ավելի շատ քննադատում են ու մեղադրում, քան օգնում բարձրանալ: Եվ դա անում են բոլորը, միգուցե նաև դու սիրելի ընթերցող, միգուցե նաև ես:

Ո՞ր նորմալ մարդը կարող է լիարժեք երջանիկ լինել, երբ տեսնում է, որ շրջապատում կան մարդիկ, որոնք կարիքներ ունեն: Ո՞ր նորմալ մարդը կարող է լիարժեք երջանիկ լինել, երբ տեսնում է, որ հաճախ մարդիկ չեն անում այն, ինչ պետք է անեն, որպեսզի երջանիկ լինեն:

Որ նորմալ մարդը կարող է լիարժեք երջանիկ լինել, երբ առավոտյան դուրս է գալիս տանից և տեսնում է, որ ընդամենը մի քանի քայլ այն կողմ մեկը գետնի վրա հին շորերով փաթաթված քնած է: Որ նորմալ մարդը կարող է լիարժեք երջանիկ լինել, երբ ուրախ-ուրախ տաքսի է նստում և պատրաստվում է հանդիպման գնալ, բայց տեսնում է, որ տաքսու վարորդն ամենևին էլ ուրախ չէ, որ նա էլ իր հոգսերն ու խնդիրներն ունի, որոնք ինչքան էլ փորձի թաքցնել՝ երևում են նրա աչքերում: Որ նորմալ մարդը կարող է լիարժեք երջանիկ լինել, երբ տեսնում է, որ երբ փողոցով շքեղ մեքենա է անցնում, ոմանք տխուր աչքերով «ճանապարհում են» նրան, իսկ աչքերն ասում են՝ «մենք երբեք դա չենք ունենա»:

Մարդիկ ավելի սառնասիրտ ու զգույշ են դարձել: Մենք դա սովորական ենք դարձրել, բայց դա սովորական չէ: Մարդու էությունն այդպիսին չէ:

Մենք բոլորս պետք է ավելի բարի լինենք: Մենք չպետք է միանգամից հարձակվենք, երբ կտրում են մեր ճանապարհը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք մեզանից մի կտոր պոկել և տալ ուրիշներին: Եվ առաջին հերթին, մենք պետք է պատրաստ լինենք դրան մեր մտքերում: Մենք չենք կարող օգնել բոլոր մարդկանց, բայց մենք պետք է փորձենք օգնել հնարավորինս շատ մարդկանց: Դա չպետք է լինի ամիսը մեկ, այլ՝ ամեն օր: Մոտեցումները տարբեր կարող են լինել: Դուք կարող եք փող տալ փողոցում, ծանոթի համար աշխատանք գտնել, նվիրել ձեր շորերը, որոնք դուք չեք հագնում, երբեմն ինչ-որ մեկից մի բան գնել 5000 դրամով, երբ գիտեք, որ դրա արժեքը 3000 է: Հասկանում եք, պետք է փորձել տարածել այս մթնոլորտը, կոտրել սառնասրտությունն ու անտարբերությունը: Ամեն ինչ չի բերվում ֆինանսականին, չնայած դա շատ կարևոր է: Ավելի կարևոր է մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքը, դիմացինի իրավիճակի մեջ մտնելու և աշխարհը նրա աչքերով տեսնելու պատրաստակամությունը:

Երբեմն մարդիկ կարող են ձեզ խաբել, որպեսզի մի քիչ գումար աշխատեն: Մի հարձակվեք նրանց վրա: «Թույլ տվեք» նրանց խաբել ձեզ: Ես չեմ ասում, որ դա պետք է լինի պարբերաբար, ուղղակի երբեմն «թույլ տվեք» խաբել ձեզ: Դուք դա պոկում եք ձեզանից, բայց ինչ-որ մեկին մի քիչ ավելի երջանիկ եք դարձնում: Դուք կորցնում եք, բայց ձեր պես ինչ-որ մեկը ձեռք է բերում:

Եվ վերջում, մարդուն կարելի է օգնել նաև ոչինչ չանելով: Ուղղակի, երբ ինչ-որ մեկը սխալվում է, վատ դրության մեջ է հայտնվում կամ ձախողվում է, մի ծիծաղեք նրա վրա, մի մեղադրեք նրան և մի քննարկեք նրա սխալը: Եթե չեք կարողանում ինչ-որ բանով օգնել, ավելի լավ է անտարբեր անցեք ու լռեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Luka jan es nor kardaci ayn, inch mtacum ei aysor: Mtacum ei mi moloraki masin, vortex sahmanner chen lini, vortex pox@ klini mijoc ev voch te npatak, vortex noraguyn texnikan kogtagorcvi hogut mardkutyan ev voch te kvnasi, kqandi , vortex chen lini paterazmner, ev mardn aynqan banakan klini, aynqan imastun, vor chi vnasi bnutyun@: Husov em` da lok erazanq kam erevakayutyun chi: Iskapes ashxarhin mankan maqrutyun e petq

    • Զառա ջան, դա իդեալական աշխարհ կլինի, բայց քանի դեռ դա չկա, մենք պետք է փորձենք առավելագույնս անել այնտեղ, ինչ կա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»