Հաջողության գաղտնիքներ

Երբեք մի ասեք «չեմ կարող»

Կան մարդիկ, որոնք առաջին հերթին լսում են իրենք իրենց, այլ ոչ թե այն, թե ինչ են ասում ուրիշները: Այդպիսի մարդկանց հաճախ չես հանդիպի, բայց երբ մենք նրանց հանդիպում ենք, նրանք հիշեցնում են մեզ այն մասին, որ գոյություն չունի ՉԵՄ ԿԱՐՈՂ, ՉԻ ՍՏԱՑՎԻ կամ ԱՆՀՆԱՐ Է: Այդ մարդիկ հիշեցնում են մեզ, որ ուղղակի պետք է հավատալ, որ ԱՆՀՆԱՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է: Անհնարը փաստ չէ, դա ընդամենը կարծիք է: Անհնարը դատավճիռ չէ: Դա մարտահրավեր է: Անհնարը՝ հնարավորություն է հավատալ սեփական ուժերին:

Ես համոզված եմ, որ մեր շրջապատում ապրում են հազարավոր տաղանդներ ու հանճարներ, որոնք այդպես էլ ապրում և մահանում են և նրանց մասին ոչ ոք չի իմանում: Իսկ պատճառն այն է, որ այդ մարդիկ անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչ ներուժ իրենք ունեն: Եվ չեն էլ պատկերացնի՝ քանի դեռ չեն սկսել օգտագործել այն: Իսկ որպեսզի կարողանաք օգտագործել այն, պետք է փորձեք անել այն ամենը, ինչ Ձեր մտքով անցնում է՝ նույնիսկ եթե դա Ձեզ անհնար է թվում: Պետք է հավատաք Ձեր ուժերին և երբեք չմտածեք, որ դուք ինչ-որ բան չեք կարող: Ես վատ եմ զգում, երբ ինչ-որ մեկն ինձ ասում է «դու դա չես կարող»: Այդ ժամանակ ես ինձ մարտահրավեր եմ նետում, որ պետք է հաղթահարեմ ևս մեկ սահման: Ու ինչքան շատ եք այդ սահմանները հաղթահարում, այնքան ավելի փորձառու և ուժեղ եք դուք դառնում և այնքան ավելի հեշտ է ձեզ համար ամեն ինչ դառնում: «Չեմ կարողը» ընդամենը բառեր չեն: «Չեմ կարողը» հրահանգ է Ձեր ուղեղին, որ տվյալ խնդիրը Ձեզ համար անլուծելի է, որ այդ սահմանը Ձեր համար անհաղթահարելի է: Իսկ Ձեր ուղեղը լսում և հնազանդվում է Ձեզ: Եթե Դուք ասում եք նրան, որ «չեք կարող», նա պատասխանում է՝ «այո, դու չես կարող»:

Այդ պատճառով էլ երբեք մի ասեք «չեմ կարող»: Երբ ես հայացք եմ նետում այն ամենին, ինչը կարողացել եմ անել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, հասկանում եմ, որ այն, ինչն այս պահին ինձ համար արդեն սովորական է, ընդամենը մի քանի տարի առաջ ինձ անհնար էր թվում: Բայց այդ ամենն արդեն անցյալում է, այդ ամենն արդեն հաղթահարված է: Եվ դա ինձ այնքան ուժ է տալիս, այնքան ամուր է դա «մխրճվել» ուղեղումս, որ ես վստահ կարող եմ ասել՝ չկա այնպիսի բան, որը Դուք չեք կարող: Վստահ եղեք Ձեր վրա և Դուք անպայման կհաղթահարեք բոլոր սահմանները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • “Չեմ կարող”-ը շատ վտանգավոր կենսակերպ, հոգեվիճակ և մոտեցում է: Պետք է խուսափել “չեմ կարող” մարդկանցից, ովքեր ամեն ինչ անում են իրենց անհաջողության պատճառները ուրիշների մեջ փնտրելու համար: Կամ սահմանափակվում են “ես բախտ չունեմ” փաստարկով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»