Հաջողակ մարդիկ

Աշխարհի ամենահարուստ մարդը. Կառլոս Սլիմ

Այս հոդվածում ուզում եմ պատմել Ձեզ վերջին երկու տարիների աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի Կառլոս Սլիմ Էլուի մասին: «Forbes» ամսագրի տվյալներով, 2010 թվականին մեքսիկացին իր ակտիվների շուկայական գնի աճի հետևանքով 500 միլիոն դոլարով առաջ է անցնում Բիլլ Գեյթսից և իր 53,5 միլիարդ դոլարով դառնում է աշխարհի ամենահարուստ մարդը: Իմիջիայլոց նա միակն է, ում հաջողվել է խլել այդ տիտղոսը ամերիկացիներից վերջին 16 տարիների ընթացքում:

Վերելքի սկիզբ

Արաբական ծագում ունեցող մեքսիկացին ծնվել է 1940 թվականի հունվարի 28-ին: Ծնողները գաղթականներ են Լիբանանից: Կառլոսի հայրը` Ջուլիան Սլիմը, գալով Մեքսիկա ձեռք է բերում անշարժ գույք և սկսում է զբաղվել առևտրով: Գործարարի իր առաջին քայլերը Կառլոսը նույնպես կատարում է առևտրի բնագավառում: Նա որոշում է շեշտը դնել մատչելի գներով վաճառվող մասսայական օգտագործման ապրանքների վրա և չի սխալվում: Արդյունքում, նրա Carso ընկերությունը (ստացել է անվանումը Կառլոսի և իր կնոջ` Սոումայի անվան առաջին վանկերից) դառնում է առևտրային հսկա WalMart-ի գլխավոր մրցակիցը: Զարգացնելով իր բիզնեսը` Կառլոս Սլիմը ստեղծում է Group Carso ընկերությունների ցանցը և արդեն 1980 թվականին Մեքսիկայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչն այս կամ այն կերպ առնչվում էր Սլիմի ընկերություններից որևէ մեկի ապրանքների կամ ծառայությունների հետ:

Բիզնես

1990 թվականին Կառլոսը չնչին` 300 միլիոն դոլարով, պետությունից ձեռք է բերում Telefonos de Mexico հեռահաղորդակցական ընկերությունը` այդ ժամանակվա մոնոպոլիստը Մեքսիկայի ներքին հեռահաղորդակցության շուկայում: Նրանից հինգ տարի է պահանջվում ընկերությանը նոր թափ հաղորդելու համար և շուտով ընկերության շրջանառությունը անցնում է տարեկան 10 միլիարդ դոլարը (այսօր էլ ընկերությանը բաժին է հասնում Մեքսիկայի ֆիքսված հեռախոսակապի 80-90 և բջջային կապի մոտ 70 տոկոսը): Ժամանակի ընթացքում Կառլոս Սլիմի գործունեությունը դուրս է գալիս Մեքսիկայի սահմաններից: Նա սկսում է ձեռք բերել հեռահաղորդակցական և ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ Լատինական Ամերիկայում և Միացյալ Նահանգներում: Ասում են, որ սկզբում Կառլոսը խուսափում էր համակարգչային տեխնիկայից և ՏՏ ոլորտից, բայց ամեն ինչ փոխվում է մի ամանորից հետո, երբ տղաները նրան նոութբուք են նվիրում: Միլիարդատիրոջը այն դուր է գալիս և միգուցե հենց դա է պատճառը, որ հետագայում նա ընդլայնում է իր բիզնեսը հենց այդ ուղղությամբ:

Անձնական կյանք

1966 թվականին Կառլոսը ծանոթանում է Սոումա անունով լիբանանյան ծագում ունեցող աղջկա հետ: Նրանք ամուսնանում և իրար հետ երջանիկ ապրում են 33 տարի` մինչև 1999 թվականին Սոումայի մահանալը: Կառլոսն ունի տղաներ, որոնք ղեկավարում են նրա ընկերությունները: Սլիմների ընտանիքն ունի մի շարք ավանդույթներ, որոնցից մեկը ընտանիքով կոլեկտիվ հանգիստն է Մեքսիկայի արևմտյան ափերից մեկում: Ամռանը ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ Կառլոս Սլիմի փոքրիկ թոռնիկները, հավաքվում են իրար հետ, որպեսզի մի քանի շաբաթ միասին անցկացնեն Մեքսիկայի ծովափերից մեկում: Վերջին տարիներին Կառլոս Սլիմը ակտիվ զբաղվում է նաև բարեգործությամբ և հսկայական միջոցներ է ներդնում Լատինական Ամերիկայում կյանքը բարելավելու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»