Ժամանակի կառավարում

Մաքրեք Ձեր ուղեղը «բաց» մտքերից

Ի՞նչ է նշանակում «բաց մտքեր»: «Բաց մտքեր»-ը դրանք այն գործերի և անելիքների մասին մտածմունքներն են, որոնք Դուք պետք է անեք, բաց դեռ չեք արել: Օրինակ, Դուք զարթնել եք առավոտյան և գիտեք, որ օրվա ընթացքում պետք է զանգահարեք Ձեր ընկերոջը, պետք է կատարեք կոմունալ վճարումները, պետք է աշխատանքի վայրում ինչ-որ գործեր ավարտին հասցնեք, պետք է Ձեր հեռախոսը տանեք վերանորոգման, պետք է տան համար որոշ գնումներ կատարեք, և այլն, և այլն: Այդ ամենը Դուք պետք է անեք, բայց դեռ չեք արել: Եվ քանի դեռ չեք արել, այդ մտքերն անընդհատ պտտվելու են Ձեր գլխում և Ձեզ անհանգստություն են պատճառելու: Դուք զգալու եք Ձեզ «ոչ ձեր ափսեում» և զգացում է առաջանալու, որ ինչ-որ բան այնպես չէ, կարծես դուք չեք վերահսկում իրավիճակը:

Այդ անհանգստությունը, կարծում եմ, բոլորիս է ծանոթ, բայց շատերը չեն հասկանում, թե որն է դրա պատճառը: Իսկ պատճառը չարված գործերի մասին անընդհատ մտածմունքներն են: Երբեմն այդ մտածմունքներից մարդը կարող են նույնիսկ հոգնել, իսկ հետո էլ չհասկանալ, թե ինչից է հոգնել. չէ՞ որ օրվա ընթացքում ֆիզիկական ինչ-որ ծանրաբեռնվածություն առանձնապես չի էլ եղել: Բայց մտավոր աշխատանքը նույնպես հոգնեցնում է, առավել ևս, երբ այդ աշխատանքը Ձեզ ոչ թե հաճույք է պատճառում, այլ անհանգստություն:

Այդ պատճառով, որպեսզի ազատվեք անհանգստությունից, անհրաժեշտ է, որ որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնեք Ձեր կիսատ գործերը: Սկզբում արեք այն գործերը, որոնք Ձեզանից առանձնապես մեծ ջանք և ժամանակ չեն պահանջում: Ազատվեք դրանցից, ապա անցեք մնացածին: Փորձեք կենտրոնանալ գործերից յուրաքանչյուրի վրա առանձին, մեկն ավարտին հասցրեք և նոր անցեք մյուսին: Ամենամեծ դժվարություններից մեկն այն է, որ երբ գործերը շատ են և դժվար է կենտրոնանալ մեկ կոնկրետ գործի վրա: Բայց դրան անհրաժեշտ է վարժվել: Մինչև ավարտին չեք հասցնում մի գործը, մի անցեք մյուսին, այլապես Դուք ռիսկի եք դիմում գործերից ոչ մեկն էլ չհասցնել:

Կա մի այլ եղանակ, որը նույնպես օգնում է ազատել ուղեղը «բաց մտքեր»-ից: Այն բավական պարզ է` անհրաժեշտ է պարզապես մտքերն ուղեղից հանձնել թղթին: Դա իրոք օգնում է: Երբ Դուք Ձեր կիսատ գործերի մասին մտածմունքները փոխանցում եք թղթին, Ձեր ուղեղը թեթևանում է, Ձեզ այլևս պետք չէ հիշել այն, թե ինչ Դուք պետք է անեք, քանի որ այդ ամենն արդեն գրված է թղթի վրա: Դուք պարզապես օրվա ընթացքում անում եք Ձեր գործերը և ջնջում եք դրանք թղթի վրայից: Հավատացեք, այս մեթոդը ոչ միայն օգնում է ազատվել «բաց մտքերից» և անհանգստությունից, այլև դարձնում է Ձեր աշխատանքը ավելի արդյունավետ և Դուք ավելի շատ բան եք հասցնում անել օրվա ընթացքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Այս կայքը հայկական հաջողված կայքերից մեկն է (եթե ոչ ամենահաջողվածը): Շարունակեկ նույն տեմպով… դուք բարի գործ եք անում
    Ես ամեն օր այցելում եմ ու հետևում ձեր խորհուրդներին…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»