Հայազգի միլիոնատերեր. Հենրիխ Մխիթարյան - Հաջողության բլոգ
Գրքեր
Հաջողակ մարդիկ

Հայազգի միլիոնատերեր. Հենրիխ Մխիթարյան

Հեղինակ՝ Harust Tga

Ամենայն հավանականությամբ Հենրիխ Մխիթարյանը դեռ միլիոնատեր չէ, համենայն դեպս՝ մենք չենք կասկածում, որ ոչ հեռու ապագայում նա կմիանա միլիոնատերերի ակումբին: Բացի այդ էլ, փողը չէ, որ որոշում է մարդու դերը ազգի պատմության մեջ: Այդ պատճառով էլ այսօր մենք որոշեցինք անդրադառնալ Հենրիխին:

Հայաստան-Սլովակիա 4:0 հանդիպումից հետո ազգը ցնծում էր, այդպիսի բան ՀՀ պատմության մեջ ես չեմ հիշում, ուրախությունը համընդհանուր էր: Այդ օրերին բոլորի մտքով անցավ այն, թե ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Թերևս դա այդքան էլ քիչ բան չէր` մեր ազգային հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթել էր Եվրոպայի առաջնության մեր նախընտրական խմբի առաջատարին:

Մինչ այդ մեզանում սովորական էր դարձել այն կարծիքը, որ մեր հավաքականը անհույս, ողբերգական վիճակում է և որ մեր ֆուտբոլը վերջնականապես մահացել է: Շրջանառության մեջ էին այդ թեմայով բազմաթիվ հումորներ: Կար մեկը, որում երկու օլիգարխ (օլիգարխների դերում՝ Հայկոն և Հովոն) իրենց հնարավորությունները համեմատելիս գալիս էին այն եզրակացության, որ կարող են անել ամեն ինչ, բացի մեր ֆուտբոլը ոտքի կանգնեցնելուց:

Եվ ահա անհնարինը դարձավ հնարավոր` մեր տղաները մեկը մյուսի ետևից հաղթեցին Անդորրայի, Սլովակիայի և Մակեդոնիայի հավաքականներին, այն էլ՝ մեծ հաշիվներով: Այդ մեծ գործի հետևում կանգնածներից մեկը հենց Հենրիխ Մխիթարյանն էր` մեր ֆուտբոլի ներկան և ապագան:

Կենսագրությունը: Հենրիխ Համլետի Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Երևան քաղաքում։ Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը, 80-ականների Արարատի առաջատարներից մեկն էր, հետագայում՝ մեր առաջին լեգեոներներից մեկը, որը հանդես էր գալիս Ֆրանսիայում: Հենրիխը յոթ տարեկան էր, երբ նրանք վերադառնում են Հայաստան: Հենց այդ ժամանակ էլ նա որոշում է ֆուտբոլիստ դառնալ:

Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանն արժանանում է 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքում Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ: 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է կնքում Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստանում է 7,5 միլիոն դոլար։

Կարողությունը: «ESPN The Magazine» ամսագրի տվյալներով Հենրիխի տարեկան աշխատավարձը Դոնեցկի Շախտյորում կազմում է 360 հազար դոլար և նա ամենաբարձր վարձատրվող հայ մարզիկների ցուցակում է:

Գործունեությունը: Հենրիխի գործունեությունը ներկայացնենք վիճակագրությամբ՝ «Փյունիկ» — 2006-2009 թվականներ` 89 խաղ, 35 գոլ, Դոնեցկի «Մետալուրգ» — 2009-2010 թվականներ` 46 խաղ, 17 գոլ, Դոնեցկի «Շախտյոր» — 2010-2012 թվականներ` 51 խաղ, 9 գոլ: Հենրիխը ուղղակի կիսապաշտպան չէ, նա իսկական առաջատար է, որն իր ետևից տանում է իր թիմակիցներին: Նրա նրբանկատ փոխանցումները, խորամանկ անցումները և փայլուն գոլերը կատարողական վարպետության չափանիշ են:

Հաշվի առեք նաև այն, որ Հենրիխը ընդամենը 22 տարեկան է: Իմիջիայլոց՝ Հենոն կրում է հենց 22 համարի մարզաշապիկը: Եվ որպես ամփոփում ավելացնենք միայն այն, որ Հենրիխի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հաջողակ լինելու համար մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով:

Հեղինակի մասին

Harust Tga

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»