Հաջողության գաղտնիքներ

Ովքե՞ր են լիդերները

Օզեոլա Մակկարտին ծնվել է 1908թ.-ին, ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում: Նա հասարակ աֆրոամերիկացի աղջիկ էր,ով մանկուց երազում էր մեկ բանի մասին` դառնալ բուժքույր և ընդունվել Հարավային Միսիսիպիի համալսարան: Բայց հիվանդ մորաքրոջ մասին հոգ տանելու համար վեցերորդ դասարանում նա ստիպված թողնում է դպրոցը և այնտեղ այևս չի վերադառնում:

Օզեոլան ընդունվում է աշխատանքի որպես լվացարարուհի: Նա ստանում էր օրեկան ընդամենը մի քանի դոլար իր ծանր աշխատանքի համար: Օրերից մի օր, գալով Միսիսիպիի Ազգային բանկ, նա խնդրում է իր համար խնայողական հաշիվ բացել: Նա սկսում է ամեն օր աշխատանքից հետո գալ բանկ և իր հաշիվը համալրել 1-1,5 դոլարով: Երբ նրան հարցնում էին, թե ինչի համար է նա խնայում, նա պատասխանում էր` տատիկիս ծերության համար: Նրա տատիկը մահանում է 1944 թվականին, բայց Օզեոլան, սովորության համաձայն, շարունակում է փոքրիկ գումարներ ավելացնել իր հաշվին: 70-ական թվականներին մահանում են նրա մայրն ու մորաքույրը: Բանկերը միաձուլվում էին, փակվում և բացվում և նրա հաշիվներն անցնում էին մեկից մյուսը:

75 տարի շարունակ Օզեոլան աշխատում է որպես լվացարարուհի, ապրում է միայնակ` հին, փայտե տան մեջ և օգնում է մարդկանց: 1995 թվականին բանկի աշխատակից Պոլ Լոգլինը նկատում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Օզեոլան բանկ չի գալիս և որոշում է այցելել նրան ճաշի ժամանակ: Օզեոլան հայտնում է, որ հիվանդացել էր, բայց հիմա արդեն իրեն լավ է զգում և մյուս շաբաթվանից շարունակելու է աշխատել, հետևաբար նոր խնայողություններ բերել բանկ: Իր առջև Պոլը տեսնում է հոգնած մի կնոջ` հրաշալի ժպիտով, շագանակագույն և ծանր աշխատանքից ուռչած ձեռքերով: Վերադառնալով բանկ` նա նայում է Օզեոլա Մակկարտիի հաշիվը և ապշում է, տեսնելով, որ դրանում միջոցները գերազանցում են կես միլիոն դոլարը:

Շուտով Միսս Մակկարտին գալիս է բանկ և իմանում է այդ նորությունը: Նա չի հավատում Պոլին` կարծելով, որ իրեն «պտտեցնում են»: Տեսնելով իր հաշվին առկա գումարը` նա ասում է. «Ինչ արած, եթե դուք համոզված եք, որ այստեղ ոչ մի սխալ չկա, ինչում ես շատ կասկածում եմ, ապա թող գումարը մնա հաշվին»: Բանկի աշխատակիցները փորձում են բացատրել նրան, որ նա այլևս կարիք չունի աշխատել, որ հավաքված գումարն ավելի քան բավարար է, որպեսզի ապահովի նրա անհոգ ծերությունը: Բայց Օզեոլան հայտնում է, որ նա չի աշխատում հանուն փողի, որ նրան դուր է գալիս մարդկանց օգուտ տալ:

«Իսկ ի՞նչ անել ձեր կուտակված գումարները», — հարցնում է նրան բանկի աշխատակիցը: Օզեոլան չի իմանում ինչ պատասխանի: Այդ ժամանակ Պոլ Լոգլինը գրպանից հանում է 10-ցենտանոց տաս մետաղադրամ և հարցնում — «Միսս Մակկարտի, ի՞նչ կանեիք դուք այս մետաղադրամները, եթե դրանք ձերը լինեին», — «Մեկը ես կտայի եկեղեցուն, ես միշտ էլ այդպես եմ արել և շարունակելու եմ անել: Մյուս երեքը ես կտայի իմ մնացած երեք բարեկամներին, նրանք լավ մարդիկ են և արժանի են, որպեսզի իրենց մասին հոգ տանեն: Իսկ մյուս վեցը կտայի Հարավային Միսիսիպիի համալսարանին»: Բոլորն ապշած էին նրա որոշմամբ: «Իսկ ինչ եք դուք թողնելու ձեզ», — «Ի՞նձ, — ծիծաղում է Օզեոլան, — ես դեռ կարող եմ հոգ տանել իմ մասին»:

1995 թվականին Հարավային Միսիսիպիի համալսարանում բացվում է հիմնադրամ` 250 000 դոլար գումարով: Հիմնադրամը հնարավորություն էր ընձեռնում Միսիսիպիի աֆրոամերիկացի ուսանողներին ստանալ անվճար կրթություն: Այս նորությունը շուտով տարածվում է ողջ Միացյալ Նահանգներում և մարդիկ սկսում են նվիրատվություն անել հիմնադրամին:

Չնայած որ Օզելոա Մակկարտին ապրում էր Հարավային Միսիսիպիի համալսարանից մի քանի մղոն հեռավորության վրա, որտեղ ժամանակին երազում էր սովորել, նա այնտեղ երբեք չէր եղել: Առաջին անգամ այցելելով համալսարան` նա 30 րոպե չի կարողանում ոչ մի բառ արտասանել` նրան խանգարում էին հարյուրավոր ուսանողների ծափահարությունները, որոնք ողջունում էին նրան ոտնկայս: Երկու օր անց նրան հրավիրում են ֆուտբոլային մարզադաշտի բացման արարողությանը, որտեղ 30 հազար հանդիսատեսի ներկայությամբ նահանգապետը հայտարարում է այդ օրը Օզեոլա Մակկարտիի Օր:

1996 թվականին Օզեոլա Մակկարտին անցկացնում է Օլիմպիական ջահը Միսիսիպի նահանգով: Միավորված ազգերի կազմակերպությունը հանձնում է նրան հատուկ մրցանակ: Հաջորդ 4 տարիների ընթացքում նա ստանում է ևս 300 մրցանակներ և հատուկ պարգևներ, որոնցից մեկը` անձամբ նախագահ Բիլլ Քլինթոնից, որը հիացած էր նրա արարքով: Դրա համար նա ստիպված էր վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ պատրաստվել հեռավոր ուղևորության: Դրանից առաջ նրա կյանքի միակ ուղևորությունը եղել էր դեպի Նիագարայի ջրվեժ ուղևորությունը:

1999 թվականի սեպտեմբերի 26-ին, 92 տարեկան հասակում, Օզեոլա Մակկարտին մահանում է: Ստեֆանի Բալոկը` հասարակ դպրոց ավարտած 18-ամյա աֆրոամերիկացի աղջիկը, դառնում է Հարավային Միսիսիպիի համալսարանում Օզեոլա Մակկարտիի հիմնադրամից կրթաթոշակ ստացած առաջին ուսանողուհին: Արցունքներն աչքերին նա ասում է, որ կյանքում ամենից շատ ափսոսում է նրա համար, որ Միսս Մակկարտին չապրեց ևս մեկ տարի, որպեսզի տեսնի, թե ինչպես է կատարվում իր վաղեմի երազանքը, երբ աֆրոամերիկացի աղջիկը դուրս է գալիս այս համալսարանի դռներից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Hargeli kayki himnadirner, ev lragrogner,
    Cez meec shnorhakalutyun em haytnum kayki stexcman ev nman hrashali nyuteri patrastman hamar !~
    Duk amenalavn ek !

  • Լուկա ջան շատ հուզիչ և ուսուցանող հոդված էր: Այո, ես էլ եմ կարծում, որ իսկական լիդերները նրանք են, ովքեր հաղթահարում են իրենց ցանկություններն ու բնազդները և գործում հանուն այլ մարդկանց

  • Այո, սա ըստ իս ամենադժվար ճանապարհն է: Նրանք հրաժարվել են իրենց բարեկեցությունից հանուն այլ մարդկանց բարեկեցության: Հիացած եմ: Ակամայից հիշում եմ Պարույր Սևակի խոսքերը “Սուրբը ինչ է որ, եկ դու մարդ դարձիր”: Նրանք իսկական ՄԱՐԴ են եղել` մեծատառով մարդ

    • Շատ դժվար է Զառա ջան: Օրինակ ես համոզված չեմ, որ իմ մոտ կստացվի: Ընդհանրապես մարդկանց օգնելու երկու ձև կա երևի: Մեկն այն է, որ դու քո ամեն ինչը տալիս է հանուն այլ մարդկանց, օրինակ այս կինը: Մյուսն այն է, որ դու հասնում ես մեծ հաջողությունների և այդ բարձունքից ես մարդկանց օգնում, օրինակ Քըրք Քըրքորյանը: Առաջինը հաստատ ավելի դժվար է, բայց չգիտես ինչու ես նախընտրում եմ 2-րդ տարբերակը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»