Մտորումներ

Նամակ Ձմեռ պապին

Մինչև Ձմեռ պապի նամակը ներկայացնելը, կցանկանայի հայտնել իմ խորին  երախտագիտությունը հաջողության բլոգին, քանզի  տալիս եք լավատեսություն և մարդկանց մեջ սեփական ուժերի հանդեպ հավատ եք ներշնչում: Ողջ տարվա ընթացքում ինձ համար «հաճելի պարտականություն» էր դարձել ամեն օր այցելել հաջողության բլոգ և հետևել թարմացումներին: Կայքում տեղ գտած հոդվածներն ու նյութերը նպաստում են անձի զարգացմանն ու ինքնաճանաչմանը: Այդ  նյութերը ստիպում են ընթերցողին  փոխվել դեպի լավը և ձեռք բերել հաջողակ մարդուն բնորոշ մտածելակերպ: Ես սրտանց շնորհավորում եմ  իմ սիրելի  բլոգի  ղեկավարությանը  և նրա ընթերցողների ամանորն ու Սուրբ ծնունդը: Ձեզ եմ ուղարկում ամանորյա բարեմաղթանքներս ու ցանկություններս՝ Ձմեռ պապին ուղղված իմ նամակով: Այս նամակը (անգլերեն լեզվով) ուզում եմ տեղադրել նաև YouTube.com կայքում:

Նամակ Ձմեռ պապին
Բարև սիրելի Ձմեռ պապ: Այս նամակը գրում եմ հավատի գրչով: Ճանապարհին  գուցե  տողերս պատվեն սառույցով: Սակայն, եթե կարդում ես նամակս, ուրեմն  արևը չի հալեցրել այն: Քեզ գրում  է մի ուսանողուհի, ով ամեն օր մի նոր բան է սովորում:  Սակայն խոստովանեմ, որ այն՝ ինչ սովորեցնում է  կյանքը, ուղղակի անգնահատելի է:  Սիրելի Ձմեռ պապ, ես խնդրում եմ, որ փոխես  աշխարհը դեպի լավը: Քանի որ  երկրի վրա լավն ու բարին  շնչահեղձ են լինում չարության բաժակում: Իսկ այդ բաժակն անընդհատ մեծացնում է իր ծավալը: Ես ուզում եմ, որ  մարդկանց հաղթանակների փայլով վառվեն տոնածառի լույսերը: Այնպես արա, որ մարդիկ գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը՝ ինչպես երկիրը և  պտտվեն նրա շուրջը: Թող տարին մարդկանց համար լինի 365  հնարավորությունների ուղի: Սիրելի Ձմեռ պապ, ամանորի գիշերը քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող  փաթիլներով բուժիր աշխարհի վերքերը: Դու գիտե՞ս, թե արցունքները որքան են դառնացնում աշխարհը: Ուստի  աշխարհի բոլոր արցունքները դարձրու ժպտացող ծաղիկներ: Սիրելի Ձմեռ պապ, մարդիկ խոսում են ուրիշների ցավերից, որպեսզի չհիշեն սեփական ցավերը: Բեր նրանց այդքան սպասված մոռացումը:

Այնպես արա, որ մարդիկ չսպասեն, թե հաջողությունը երբ է իրենց  գտնելու, այլ իրենք գտնեն  նրան: Թող մարդիկ չցանկանան ապրել Վեներայի կամ լուսնի վրա, այլ հաշտ լինեն իրենք իրենց հետ և երկրի  վրա ապրելը տոն լինի: Եթե ամպերին հարցնենք, թե ինչպե՞ս է  երկինքը՝  նրանք կարտասվեն, իսկ  թե նույնը հարցնենք արևին՝ նա կժպտա: Ուստի  տուր մարդկանց այդ մեծագույն շնորհը՝ լավատեսությունը: Այնպես արա, որ  կյանքի ջերմությամբ հալվեն մարդկանց սրտերի սառույցները: Սիրելի Ձմեռ պապ, մարդն ավելի շատ  հոգի է, քան մարմին: Իսկ երկրի վրա իշխում է փողը, որն անզոր է սնել մարդու հոգին: Նրա «կանաչ թագավորության» դեմ խոնարհվում են նույնիսկ հպարտ  ճակատները: Փողի միջով են անցնում կյանքն ու մահը: Մարդիկ նրան են նվիրում իրենց օրն ու ժամանակը, իսկ նա պատկանում է սոսկ ակնթարթին: Ուստի վերցրու այդ իշխանությունը նրանից և տուր  ազնիվ հոգիներին, բարությանն ու սիրուն: Գիշերային երկնքի անթիվ ժպիտները՝ աստղերը, գերում են մարդկանց իրենց վեհությամբ: Այնպես արա,  որ մարդիկ չփորձեն երկնքից աստղեր իջեցնել, այլ կարողանան իրենք հասնել աստղերին: Սիրելի Ձմեռ պապ, երկրի վրա երջանիկ պահերը շատ արագ են անցնում: Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները: Թող հեռվում դրախտ փնտրելու փոխարեն մարդիկ կարողանան այն կառուցել իրենց ներսում:

Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի՝ «Փոքրիկ  իշխանի» երազած աշխարհը: Սիրելի Ձմեռ պապ, այսքանով ավարտում եմ նամակս: Քանի որ, եթե շարունակեմ գրել ցանկություններիս մասին, այս նամակը կնմանվի գիշերային երկնքի, իսկ ցանկություններս՝  անհամար աստղերի: Եվ, որպեսզի քեզ «անթիվ աստղերով գիշերային երկինք» չուղարկեմ, ավարտում եմ նամակս և հավատում, որ այն գնում է հեռավոր Լապլանդիա՝ աշխարհը փոխելու:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

5 մեկնաբանություն

  • Ալլա ջան շնորհավորում եմ Ձեր նոր տարին, մաղթում ամենալավ բաները: Թող 2012 թվականին Դուք հասնեք ստեղծագործական մեծ հաջողությունների և Ձեր լեգենդները մեծ ճանաչում ձեռք բերեն և դուրս գան Հայաստանի սահմաններից: Շնորհակալություն տարվա ընթացքում գրված բազմաթիվ հիանալի հոդվածների համար:

  • Sireli Alla jan! Nakh cankanum em shnorhavorel Dzer AMANORN U SURB TSNUND@! Ev uzum em khorin shnorhalakutyun haytnel nman hiasqanch maghtanqneri hamar…Ughaki ccnogh er! Hianali artahaytchakan dzirq uneq…Cankanum em meeeeeeeeeets hajoghutyunneri hasneq!!! Shat huzich er dzer grvatsq@….Maghtum em hajoghutyun….

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»