Հաջողակ ընկերություններ

Gillette: Համառությամբ վաստակած հաջողությունը

Զարմանալի է, թե ինչպես ճշգրիտ են երբեմն գործում հաջողության օրենքները: Դրանցից մեկն ասում է՝ եթե գիտես, թե ինչ ես ուզում կյանքում և համառ շարժվում ես այդ ուղղությամբ, ապա վաղ թե ուշ կհասնես նպատակիդ:

Gillette ապրանքանիշը կարծում եմ ծանոթ է բոլորին: Աշխարհի տարբեր ծայրերում տղամարդկանց մեծ մասը սափրվելիս նախընտրում են հենց Gillette: Սակայն Gillette-ը ոչ միայն սափրվելու միջոցներ են, այլ նաև անձնական խնամքի ու հիգիենայի ամենատարբեր պարագաներ, որոնք գրավել են ողջ աշխարհը: Սակայն այդպես չէր հեռավոր 1900-ականների սկզբներին, երբ սովորական վաճառող Քինգ Քեմփ Ջիլլեթի մտքում ծագեց նոր ածելիի գաղափարը: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ Ջիլլեթը մոտ 50 տարեկան էր: Սակայն նրա պատմությունը, նրա երազանքը սկսվում էր շատ ավելի շուտ:

Քինգ Քեմփ Ջիլլեթը ծնվել է 1855 թվականին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում: Նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո, որտեղ Ջիլլեթի հայրը սարքավորումների խանութ է բացում: Նա տարված էր ստեղծարարությամբ, անընդհատ ինչ-որ բաներ էր փորձարկում, ցանկանում էր հայտնագործություն անել: Բայց այդքան սպասված հայտնագործությունը, որը չի հաջողվում նրան, հաջողվում է նրա որդուն:

1871 թվականին Չիկագոյի հրդեհի ժամանակ այրվում է Ջիլլեթների խանութը և նրանք տեղափոխվում են Նյու Յորք: Այդ ժամանակ Ջիլլեթը 16 տարեկան էր: Եվ քանի որ ընտանիքը գտնվում էր ֆինանսական վատ վիճակում, հենց այդ տարիքից էլ նա ստիպված սկսում է աշխատել: Նա ընդունվում է աշխատանքի որպես վաճառող: Նա հանդիպում էր տարբեր մարդկանց հետ և փորձում նրանց ապրանքներ վաճառել: Մարդկանց հետ շփման և նրանց «համոզելու» այդ հմտությունները նրան հետագայում շատ պետք կգան:

Տասնյակ տարիներ Ջիլլեթն աշխատում է որպես վաճառող: Սակայն նրան փոխանցվել էր հոր ստեղծարարությունը: Այդ ողջ ընթացքում նա անընդհատ փնտրտուքների մեջ էր, տարբեր բաներ էր փորձարկում, ցանկանում էր նոր բան հայտնագործել: Նրան նույնիսկ հաջողվում է մի քանի հայտնագործություններ անել՝ ստեղծել նոր մեխանիզմ ջրի ծորակի համար և կաուչուկից, փափուկ նոր փական: Սակայն այդ հայտնագործությունները մեծ մասսայականություն ձեռք չեն բերում և նրա կյանքում լուրջ փոփոխություններ չեն մտցնում: Հետագայում, ինչպես ինքն է պատմում, նրա ժամանակը միշտ չէր հերիքում իր հայտնագործությունների մարքեթինգով զբաղվելու համար և արդյունքում պտուղները քաղում էին ուրիշները:

Որոշ ժամանակ անց Ջիլլեթը տեղափոխվում է աշխատելու Baltimore Seal Company ընկերություն և շուտով մտերմանում է ընկերության հիմնադիր Ուիլյամ Պենտերի հետ: Պենտերը հայտնագործել էր ռետինե ներդիրով փականը, արտոնագրել էր իր հայտնագործությունը և բացել էր սեփական արտադրությունը: Մի օր, երբ նրանք միասին ճաշում էին, Պենտերը խորհուրդ է տալիս Ջիլլեթին մտածել այնպիսի բան ստեղծելու ուղղությամբ, որն այնքան էժան և մասսայական կլիներ, ինչպես իր փականները: Այդ խոսքերը Ջիլլեթը հիշում է:

Մի օր սափրվելիս, նա տեսնում է, որ իր ածելին արդեն «բթացել է» և այն պետք է տանել սրելու: Այդ ժամանակ նրա մտքում ծագում է հանճարեղ միտքը: Իսկ ինչու պետք է ամեն անգամ ածելին փոխել կամ տանել այն սրելու, եթե նրա բռնելու մասը միշտ մնում է նույնը և կարելի է փոխել միայն շեղբը (лезвие): Ինչպես նա պատմում է հետագայում, այդ պահին մտքում նա արդեն պատկերացնում է ապագա Gillette-ը: Շեղբը պետք է լիներ նուրբ, պինդ և էժան նյութից պատրաստված, որպեսզի մարդիկ չափսոսային անընդհատ այն փոխել:

Ջիլլեթն ամբողջությամբ նվիրվում է իր հայտնագործությանը: Բայց ինչպես ցանկացած նորարարություն, սրա դեպքում նույնպես ամեն ինչ այդքան հեշտ չէր: Բարդությունը կայանում էր նրանում, որ չէր հաջողվում ստանալ այնպիսի երկաթ, որը լիներ և շատ բարակ և ամուր: Ջիլլեթը շրջում էր ողջ երկրով, խորհրդակցում տարբեր մասնագետների հետ և փորձում ներկայացնել իր հայտնագործությունը: Բայց նրան չէր հաջողվում գտնել անհրաժեշտ նյութը: Այդպես անցնում է 6 տարի:

Օրերից մի օր, 1901 թվականին, նա հանդիպում է ինժեներ Ուիլյամ Նիկերսոնին: Նիկերսոնին վերջապես հաջողվում է ստանալ անհրաժեշտ նյութը: Գործը կարծես տեղից առաջ է շարժվում: Միասին գործընկերները սկսում են ներդրողներ փնտրել: Բայց այստեղ նույնպես ամեն ինչ հեշտ չէր: Ներդրողները վստահությամբ չէին մոտենում նոր հայտնագործությանը: Իսկ երբ պարզվում է, որ միայն ածելիի լաբորատոր հետազոտության համար պահանջվելու է 250 000 դոլար, գործն ավելի է բարդանում: Բայց Ջիլլեթը հույսը չի կորցնում: Այստեղ զգացնել են տալիս նրա տասնամյակների վաճառողի և մարդկանց հետ շփվելու հմտությունները: Վերջապես նրան հաջողվում է գտնել ներդրողներ և նոր ածելիների արտադրությունը սկսվում է: Սկզբում դրանք մեծ մասսայականություն չէին վայելում: Միայն առաջին տարվա ընթացքում վաճառվում է ընդամենը 51 սարք և 168 շեղբեր: Սակայն Ջիլլեթը համոզում է ներդրողներին, որ պետք է մի քիչ էլ սպասել, որ մարդկանց պետք է ժամանակ տալ նորույթին ծանոթանալու համար: Եվ այդպես էլ լինում է: Արդեն մի քանի տարի անց, 1908 թվականին, վաճառքների քանակը անցնում է տարեկան 13 մլն դոլարը և կարճ ժամկետում Ջիլլեթը դառնում է միլիոնատեր:

Տասնամյակներ անց նրա ստեղծած ընկերությունը դառնում է ամենախոշորներից մեկը աշխարհում, իսկ նրա ստեղծած ապրանքանիշը՝ ամենաճանաչվածներից մեկը: Ջիլլեթը հասնում է իր նպատակին, չնայած, որ դրա համար նրանից պահանջվում է ավելի քան 50 տարի: Այս պատմությունից շատերս կարող ենք ինչ-որ բան վերցնել: Համառությունը, նվիրված աշխատանքն ու գործի հանդեպ հավատը միշտ էլ ժամանակի ընթացքում տալիս են անհրաժեշտ արդյունքներ: Կարևորը՝ ճանապարհի կեսին չհուսահատվելն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Կարծում եմ, հաջողության հասնելու մասին նման պատմությունները շատ հայ երիտասարդների կարող են օգնել, որպես բիզնես սկսելու և նորարարություններով զբաղվելու դրդապատճառներ: Այս ոլորտից Տեսլայի կենսագրությունն ու նրա հետևյալ խոսքերն են դուրս գալիս` “Հանճարեղությունը 98%-ով բաղկացած է աշխատասիրությունից, 2%-ով` աստվածային շնորհից”:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»