Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հոգեբանություն

Մտածիր «Հանճարի» պես

Հեղինակ՝ Arakelyan

Ո՞ւմ է պետք սովորել մտածել:
«Երևի երեխաներին, քանի որ ես ամբողջ օրը մտածում եմ և շատ լավ գիտեմ, թե ինչպես դա անել», — հնարավոր է կասեք դուք: Սակայն մտածողությունը խորապես ուսումնասիրող գիտնական Էդուարդ Դե Բոնոն գտնում է, որ յուրաքանչյուր անհատ կարիք ունի բարելավելու իր մտածողության գործընթացը: Յուրաքանչյուր անհատ ասելիս հեղինակը չի չափազանցնում, քանզի նա փորձ ունի նաև շատ խելացի մարդկանց՝ նոբելյան մրցանակակիրների հետ աշխատելու և մեկնաբանում է, որ դասընթացից հետո նրանցից շատերն արձանագրել են մտածողության գործընթացի բարելավում: Իսկ ինչու՞ չօգտվել այս հրաշալի բացահայտումից: Առավել ևս որ տեխնիկաները չափազանց դյուրին են և խաղ են հիշեցնում:

PNI Մեթոդ

Շատերին է ծանոթ որոշում ընդունելուց առաջ խնդրի դրական և բացասական կողմերի կշռադատումը: Սակայն տվյալ դեպքում բացի դրականից (Positive) և բացասականից (Negative) հեղինակն առաջարկում է դիտարկել նաև հետաքրքիր (Interesting) հատկանիշները: PNI-ը թույլ է տալիս դիտարկել հարցը զերծ մնալով առաջին տպավորությունից և զգացողություններից: PNI-ը ցույց է տալիս, որ գաղափարը ոչ միայն կարող է լինել լավ կամ վատ, այլ նաև կարող է տանել դեպի այլ գաղափարների՝ դրանով իսկ ակտիվացնելով ստեղծագործական մտածողությունը (creativity):

Դիտարկենք PNI մեթոդը օրինակի վրա.

Դատողություն. «Բոլոր մեքենաները պետք է ներկվեն դեղին»

Դրական

  • Հեշտ կլինի ճանապարհներին նկատել
  • Հեշտ կլինի գիշերը տեսնել
  • Խնդիր չի լինի, թե որ գույնը ընտրել
  • Հեշտ կլինի արտադրողի համար
  • Վաճառքի կետերը ավելի քիչ պահեստների կարիք կունենան
  • Կբացառվի «թիթիզության» համար մեքենա ունենալը
  • Մեքենաները լիովին կդառնան տրանսպորտային միջոց
  • Եթե ներկը վնասվի, դժվար չի լինի նույն գույնի ներկ գտնելը

Բացասական

  • Ձանձրալի է
  • Դժվար կլինի ճանաչել սեփական մեքենան
  • Դժվար կլինի գտնել մեքենան կայանատեղիում
  • Դեղինի առատությունը կարող է հոգնեցնել աչքերը
  • Ոստիկանության աշխատանքը կդժվարանա
  • Ընտրության ազատությունը կսահմանափակվի
  • Ներկ արտադրող ընկերությունները կարող են սնանկանալ

Հետաքրքիր

  • Հետաքրքիր կլինի բացահայտել դեղինի նոր երանգներ
  • Հետաքրքիր կլինի տեսնել արդյո՞ք մեքենաների նկատմամբ վերաբերմունքը կփոխվի
  • Հետաքրքիր կլինի թե մարդիկ հեշտությա՞մբ կընդունեն առաջարկը, թե ոչ

Ակնհայտ է, որ մեթոդը ոչ միայն թույլ է տալիս անաչառ կշռադատել որոշման ուժեղ և թույլ կողմերը՝ զերծ մնալով հույզերից, այլև ստեղծել մտածողության այնպիսի մոդել, որտեղ յուրաքանչյուր փաստարկ հանդիսանում է ոգեշնչման և նորանոր գաղափարների ստեղծման աղբյուր:

Վեց գլխարկների մեթոդ

Այս մեթոդը թույլ է տալիս դիտարկել խնդիրը վեց տարբեր տեսանկյուններից: Պատկերացրեք, որ ունեք վեց կախարդական գլխարկներ, որոնցից յուրաքանչյուրը հաղորդում է Ձեզ գերբնական ուժ՝ ակտիվացնելու մտածողության որևէ մեկ տեսակ:

Կարմիր գլխարկ — հույզեր

Կարմիր գլխարկի շնորհիվ մարդն ամեն ինչ ընկալում է հույզերի և ինտուիցիայի տեսանկյունից: Այն օգնում է հասկանալ, թե ինչ ես զգում տվյալ խնդրի վերաբերյալ:

Սպիտակ գլխարկ — ինֆորմացիա

Կարմրին հակառակ ծայրահեղ իրատեսական է: Թույլ է տալիս հասկանալ խնդրի օբյեկտիվ կողմերը, վերլուծել առկա տեղեկությունները:

Դեղին գլխարկ — դրական կողմեր

Ներկայացնում է իրականությունը «արևի շողերի» ներքո, այսինքն ցույց է տալիս առավելությունները, փնտրում է ներդաշնակություն:

Սև գլխարկ — բացասական կողմեր

Քննադատությունն է՝ հասկանալու դժվարությունները, սխալները և անհամապատասխանությունները:

Կանաչ գլխարկ — ստեղծագործականություն

Սա աճի, նորարարության և նոր գաղափարների գույնն է: Թույլ է տալիս տեսնել զարգացում և պոտենցիալ:

Կապույտ գլխարկը — մտածողություն

Թույլ է տալիս մտածել մտածելու մասին, վերլուծել և գնահատել կատարած աշխատանքի արդյունքները:

Մեթոդը Ձեզանից չի խլի ավելի քան 5 րոպե, միևնույն ժամանակ կապահովի մտածողության բարձր արդյունավետություն և գիտակցվածություն: Կարևոր է չմոռանալ աշխատանքն ավարտելուց հետո հանել գլխարկները և խնամքով պահել մինչև դրանք կրկին Ձեզ պետք կգան 🙂

Նորամուծություն և ստեղծագործ մտածողությունը ըստ Դե Բոնոի

Հեղինակն առաջարկում է ստեղծագործ չհամարել յուրաքանչյուր միտք, որն արտասովոր է: Նա գտնում է, որ ստեղծագործ մտքի միակ չափանիշը օգտակարությունն է:

Վերլուծենք այն միտքը, որ դռներն այլևս պետք է ոչ թե ուղղանկյուն լինեն, այլ եռանկյուն: Անխոս գաղափարը նոր և արտասովոր է, սակայն որևէ գործնական արժեք չի ներկայացնում: Այսպես յուրաքանչյուր ինովացիոն և ստեղծագործ միտք պետք է անցնի օգտակարության և իրականությանը համապատասխանելու խիստ քննություն: Ըստ իս բացառություն կարող են կազմել միայն արվեստի բնագավառին վերաբերվող նորամուծությունները: Այսպիսով գաղափարներ առաջարկելուց փորձեք մտածել նաև դրանց իրականացման, կիրառական հատկանիշների և արդեն գոյություն ունեցող իրականությանը ինտեգրելու ուղղությամբ:

Հեղինակի մասին

Էդուարդ Դե Բոնոն մեր ժամանակակիցն է: Մալթայի արիստոկրատների ընտանիքից է: Փոքրուց նրան «Հանճար» են անվանել: Նա 15 տարեկանում ավարտել է դպրոցը: Մալթայի Համալսարանում ստացել է Բժշկական կրթություն: Այնուհետև մագիստրոսի կոչում է ստացել Օքսֆորդում /Անգլիա/: Հաջողակ սպորտսմեն է. Զբաղվել է թիավարությամբ, պոլոյով և մի շարք այլ սպորտաձևերով:

Նա դասավանդում է Հարվարդ, Օքսֆորդ, Քեմբրիջ և Լոնդոնի համալսարաններում, ինչպես նաև Մալթայի, Պրետորիայի, Անգլիայի և Եվրոպայի մի շարք այլ համալսարաններում: Ունի բժշկական և տեխնիկական գիտությունների դոկտորի կոչումներ:

Նա համարվում է դարի 250 ամենակարևոր ներդրումներ կատարած անձանցից մեկը:

Դե Բոնոն նաև առաջադրվել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի:

Նրա ընտանիքին է պատկանում անշարժ գույք Լոնդոնում, Մելբուրնում, Պիզայում, Նյու Յորքում և Մալթայում: Դե Բոնոն հայտնի է նաև կղզիներ գնելու հանդեպ սիրով և ունի կղզիներ Ավստրալիայի, Վենեցիայի շրջակայքերում և Բահամներում:

Հեղինակի մասին

Arakelyan

Անձի փոխակերպումը իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է: Գերբնական է թե ինչպես է անհատը զարգանում` ձեռք բերելով նոր գիտելիք, նոր վարքային մոդել կամ նոր սովորույթ:
Իմ ուսումնասիրությունները նվիրված են մարդու ուղեղի պոտենցիալի բացահայտմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս ծավալում եմ անձնային աճի մասնագետի և հոգեթերապևտի գործունեություն:
Բացի հոգեբանությունից ուսումնասիրում եմ նաև առողջ ապրելակերպը, մարդու ֆիզիկական, բանական և հոգևոր ներդաշնակության նվաճման ուղիները:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»