Ամենամեծ սխալներից մեկը, որը թույլ են տալիս նորեկները մարդու ժեստերը ուսումնասիրելիս, ձգտումն է մեկնաբանել տվյալ ժեստը առանձին` մնացած ժեստերից և իրավիճակից անկախ: Օրինակ, ծոծրակը քորելը հազար ու մի բան կարող է նշանակել՝ թեփ, քրտնածություն, սուտ խոսել, անվստահություն կամ մոռացկոտություն: Կամ եթե ձմեռային ցուրտ մի օր ավտոբուսի կանգառում դուք տեսնում եք խաչված ոտքերով, ամուր խաչված ձեռքերով և գլուխը կախած մի մարդ, ապա ավելի հավանական է, որ նա ուղղակի սառել է, այլ ոչ թե դա վկայում է նրա քննադատական վերաբերմունքի մասին ինչ-որ բանի հանդեպ: Սակայն եթե մարդը ճիշտ նույն դիրքով նստած է ձեր առջև բանակցությունների սեղանի շուրջ գործարքի կնքման ժամանակ, ապա նրա ժեստերը բացահայտորեն նշանակում են բացասական և պաշտպանողական վերաբերմունք ստեղծված իրավիճակում: Այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ առանձին ժեստերին պետք չէ միշտ վերաբերվել որպես նույն նշանակությունն ունեցող մի բան, այլ դրանք մեկնաբանելիս դուք ինքներդ պետք է կողմնորոշվեք՝ կախված իրավիճակից և հանգամանքներից:
Նայեք վերևում գտնվող նկարին: Եթե դուք զրուցեիք նկարում պատկերված մարդու հետ և խնդրեիք նրան արտահայտել իր կարծիքն այն մասին, թե ինչ դուք հենց նոր ասեցիք և նա ասեր, որ համաձայն չէ ձեզ հետ, ապա նրա խոսքն ու ժեստերը իրար կհամապատասխանեին: Իսկ եթե նա պատասխաներ, որ իրեն շատ դուր եկավ այն, ինչ դուք ասեցիք, ապա նա ձեզ կստեր, քանի որ նրա ժեստերը հակառակն են ասում: Իմիջիայլոց, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ենթագիտակցական ազդակները (ժեստերը) իրենց մեջ 5 անգամ ավելի շատ ինֆորմացիա են պարունակում, քան ոչ ենթագիտակցականը (օրինակ խոսքը): Եվ եթե դրանք իրարից տարբերվում են, ապա մարդիկ ավելի շատ նախապատվությունը տալիս են ժեստերին:
Նայեք ձախ կողմում գտնվող նկարին: Եթե 5-ամյա աղջիկը ստում է իր ծնողներին, ապա նա անմիջապես փակում է իր բերանը մեկ կամ երկու ձեռքերով: «Բերանը փակելու» այս ժեստը մնում է մարդու մոտ նաև հասուն տարիքում և սովորաբար նշանակում է «սուտ խոսել»: Այսինքն, դուք սուտ եք խոսում և ենթագիտակցորեն փորձում եք փակել ձեր բերանը: Ուղղակի փոքր երեխայի մոտ այդ ժեստը տեղի է ունենում միանգամից, իսկ հասուն մարդիկ դա անում են ավելի դանդաղ և երբեմն՝ մի քիչ այլ կերպ: Հաճախ, երբ ենթագիտակցությունը ազդակներ է ուղարկում ուղեղ «փակիր բերանդ, դու սուտ ես խոսում», մարդը ձեռքը տանում է, որպեսզի փակի բերանը, բայց վերջին պահին ձեռքը շեղվում է բերանից և առաջ է գալիս այլ ժեստ՝ քթի շոշափում (տես ներքևում գտնվող նկարը): Այդ ժեստը ոչ այլ ինչ է, քան բերանը փակելու այդ նույն ժեստի ավելի հասուն, կատարելագործված տարբերակը և կրկին նշանակում է նույն բանը՝ սուտ խոսել: Այս օրինակը նաև ցույց է տալիս, որ տարիքի հետ ժեստերը դառնում են ավելի ոչ բացահայտ և քիչ նկատելի: Այդ պատճառով էլ միշտ էլ ավելի դժվար է կարդալ 50-ամյա հասուն մարդու ժեստերը, քան երիտասարդինը: