Այս հոդվածում մի քիչ «կհանգստանանք» հաջողության, ինքնազարգացման և բիզնեսի թեմաներից և կներկայացնենք մի թեթև նյութ, որը համոզված եմ, շատերին կհետաքրքրի:
Այսօր Միացյալ Նահանգներում գործում են օրենքներ ոչ միայն երկրի, այլ նաև նահանգների և քաղաքների մասշտաբով: Կարծում եմ, շատերդ լսած կլինեք, թե ինչ ծիծաղելի օրենքներ կան այդ երկրում, բայց նման օրենքները չեն ստեղծվել հենց այնպես, դրանք նույնպես ունեցել են լուրջ պատճառներ:
Օրինակ, Վաշինգտոն նահանգում մարդիկ, որոնք եկել են նահանգ հանցագործություն կատարելու համար, պետք է նախօրոք զանգահարեն ոստիկանություն և զգուշացնեն այդ մասին: Օրենքը ընդունվել է միանգամայն լուրջ նպատակներով, որպեսզի կրճատի հանցագործությունների թիվը նահանգում: Այլ երկրների և նահանգների բնակիչները, որոնք հանցագործություն են կատարում Վաշինգտոն նահանգում, լրացուցիչ մեղադրվում են նաև այս օրենքի խախտման համար:
Ֆլորիդա նահանգում բոլոր շենքերի դռները պետք է բացվեն միայն դուրս: Պատճառն այն է, որ հրդեհի դեպքում մարդկանց ավելի հեշտ կլինի վազել դուրս:
Արևմտյան Վիրջինիայում աշակերտները չեն կարող դպրոց գնալ, եթե նրանց վրայից սոխի հոտ է գալիս: Պատճառն այն է, որ նահանգում աճում է վայրի սոխի յուրահատուկ տեսակ, որն ունի չափազանց ուժեղ հոտ: Այդ հոտը չի անցնում նույնիսկ սննդի մեջ այն օգտագործելուց մի քանի օր անց:
Բոուլդեր քաղաքում արգելվում է դնել բազմոցը տան շքամուտքում: Պատճառն այն է, որ քաղաքն ունի մեծ և շատ ուրախ համալսարան: 2003 թվականին US News & World Report ամսագիրն այդ կրթական օջախն անվանել է լավագույն վայրը զվարճանքների սիրահարների համար: Ուսանողները սիրում են նշել համալսարանական մարզիկների հաղթանակները փողոցում խարույկներ վառելով, ինչը հաճախ հանգեցնում է հրդեհների: Իսկ բազմոցներն այդ դեպքում կատարյալ վառելիք են հանդիսանում:
Տեխաս նահանգում տղամարդկանց արգելված է իրենց հետ աքցան (кусачки) կրել: Պատճառն այն է, որ Վայրի արևմուտքի ժամանակներում գողերը կարողանում էին անասուններ գողանալ՝ կտրելով պաշտպանիչ փշալարերը աքցանով: Այդպիսի գողություններն այնքան հաճախակի էին դարձել, որ վերջ ի վերջո որոշում ընդունվեց ընդհանրապես արգելել աքցանները:
Այնպես որ, ամեն ինչ ունի իր պատճառը և ամերիկացիներն այդքան անխելք չեն, որպեսզի օրենքներ ստեղծեն միայն զվարճանքի համար: Ուղղակի շատ հաճախ, ինչպես շատ այլ դեպքերում, մենք տեղյակ չենք լինում այդ պատճառների մասին: