Բիզնես և ֆինանսներ

Ֆինանսական անկախություն

Նայեք նկարում պատկերված զույգին: Քանի անգա՞մ եք նման զույգ տեսել մեր երկրում: Եթե ճիշտն ասեմ, ես ընդհանրապես չեմ տեսել: Իսկ գնացեք Միացյալ Նահանգներ: Այնտեղ այդ տարիքում մարդիկ ապրում են: ԱՄՆ-ում տարեց մարդիկ լողի են գնում, լեզուներ են սովորում, խնջույքներ են կազմակերպում, մեքենա են վարում, ճանապարհորդում են, իսկ Հայաստանո՞ւմ: Մեզ մոտ տարեցները կամ տանից դուրս չեն գալիս կամ կանայք իրենց առավելագույն ինքնաարտահայտումը գտնում են խոհանոցում, իսկ տղամարդիկ, լավագույն դեպքում, իրենց տարեց ընկերների հետ նարդի են խաղում բակում: Իսկ գիտեք ո՞րն է պատճառներից մեկը: Կրկին և կրկին ֆինանսական անկախությունը:

Միացյալ Նահանգներում մարդիկ կուտակում են ծերության համար, որպեսզի այդ տարիքում անհոգ ապրեն: Այսինքն, նրանք դառնում են ֆինանսապես անկախ՝ չեն աշխատում, բայց ապրելու համար եկամուտ ունեն: Իսկ մեզ մոտ շատ քչերն են մտածում այդ ուղղությամբ: Իսկ մի մասն էլ նույնիսկ եթե մտածում է, ապա ոչինչ չի անում կամ չի կարողանում անել: Բայց դա շատ կարևոր է: Չէ որ մեծ տարիքում այլևս չկա այն եռանդն ու ոգևորությունը, որ կա երիտասարդ տարիքում: Այդ տարիքում դժվար է ինչ-որ բան փոխել (չնայած որ դա էլ հնարավոր է) և այդ օրերի մասին պետք է նախօրոք մտածել: Ֆինանսական անկախության հասնելու ամենապարզ պատճառներից մեկը հենց դա է` անհոգ ծերություն:

Բայց ինչո՞ւ սպասել ծերանալուն, որպեսզի ֆինանսապես անկախ դառնալ: Այդ մասին պետք է ավելի շուտ մտածել, քանի դեռ դուք երիտասարդ եք: Հասկացեք, ֆինանսապես անկախ մարդը ազատ է իր նախաձեռնություններում, նա իր մտքերն ու ժամանակը կարող է տրամադրել նրան, ինչը կարևոր է համարում, առանց մտածելու, որ դա իրեն եկամուտ չի բերում: Այլապես դուք կարող եք ողջ կյանքն անցկացնել առօրյա գումարներ վաստակելու և տարրական կարիքները հոգալու մտածմունքներով: Ֆինանսապես անկախ դառնալով` դուք հնարավորություն եք ունենում ազատություն տալ ձեր երևակայությանը, զբաղվել սիրած գործով, հանգստանալ որքան անհրաժեշտ է, հոգալ առողջության հետ կապված խնդիրները, օգնել ուրիշներին, փոխել այն, ինչը ձեր կարծիքով անհրաժեշտ է փոխել: Ես կոչ եմ անում բոլորին` ձգտեք ֆինանսական անկախության, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ինչպես երբեմն ներկայացնում են մարդիկ: Դա անկախություն և ազատություն կմտցնի նաև ձեր կյանքի մյուս ոլորտներում, իսկ եթե դուք բարի եք` ոչ միայն ձեր:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»