Ժամանակի կառավարում

Ժամանակը խնայելու 1 ոսկե կանոն

Այս հոդվածում կխոսենք մի սովորության մասին, որը կարծում եմ, շատերին է ծանոթ: Հաճախ մենք որոշում ենք ինչ-որ բան անել, որն այդ պահին ճիշտ ենք համարում: Բայց հետո կեսից հասկանում ենք, որ դա «մերը չէ» կամ դա մեզ պետք չէ, բայց մենք չենք ուզում արածը կիսատ թողնել և որոշում ենք մինչև վերջ շարունակել: Այսինքն, մենք շարունակում ենք անել մի բան, որն այլևս մեզ պետք չէ, ուղղակի մեր գիտակցությունը չգիտես ինչու հուշում է մեզ՝ «եթե սկսել ես, ապա ավարտին հասցրու»: Մեր գիտակցության այդ կատակը ստիպում է մեզ շարժվել իներցիայով, չընդհատել սկսվածը և անտեղի ժամանակ վատնել: Իսկ ժամանակը պետք չէ անտեղի վատնել: Ժամանակն այն եզակի բաներից է, որոնք չես գնի և ետ չես բերի: Անտեղի կորցրած ամեն մի ժամը պետք է ձեզ վրա ազդի և ժամանակի ամեն մի 5 րոպեն դուք պետք է գնահատեք:

Բերեմ մի քանի օրինակ: Որքան հաճախ է պատահում, երբ դուք ինչ-որ ֆիլմ եք դիտում, բայց կեսից հասկանում եք, որ ֆիլմը հետաքրքիր չէ և այն ձեզ դուր չի գալիս: Բայց դուք չեք անջատում այն և շարունակում եք դիտել, քանի որ ցանկանում եք ավարտին հասցնել՝ չէ՞ որ արդեն սկսել եք: Կամ դուք գիրք եք կարդում և կրկին հասկանում եք, որ դա այն չէ, ինչին դուք սպասում էիք: Այդ ժամանակ ձեր մի կեսն ասում է՝ «կիսատ թո՛ղ գիրքը», իսկ մյուս կեսն ասում է՝ «մինչև վերջ կարդա՛, չէ՞ որ դու արդեն սկսել ես, կարդացած մասն ափսոս է»: Եվ շատերը լսում են երկրորդ կեսին և վերջացնում են գիրքը: Կամ մեկ այլ օրինակ: Դուք որոշում եք նոր ուտեստ փորձել, բայց առաջին իսկ գդալից հասկանում եք, որ ուտեստը չի ստացվել: Բայց դուք շարունակում եք ուտել, չէ՞ որ արդեն սկսել եք և հետո էլ՝ այդքան ժամանակ եք ծախսել:

Հետևություն

Եթե ֆիլմ եք դիտում և այն ձեզ դուր չի գալիս՝ առանց մտածելու ընդհատեք այն և նոր ֆիլմ սկսեք: Եթե գիրք եք կարդում և այն ձեզ անհետաքրքիր է՝ առանց մտածելու թողեք այդ գիրքը և նոր գիրք վերցրեք: Եթե հաց եք ուտում և դա ձեր դուրը չի գալիս՝ առանց մտածելու թափեք այդ ուտելիքը և նոր ուտելիք պատրաստեք կամ այլ գործով զբաղվեք:

Սրանք միայն պարզ օրինակներ էին, որոնք հաճախ հանդիպում են առօրյայում: Բայց կան մի շարք այլ օրինակներ, որոնք հանդիպում են մեր կյանքում, բայց մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում: Ուղղում՝ չէինք դարձնում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • ավելի պարզ այս հոդվածը կարելի է ձևակերպել հետևյալ 1 նախադասությամբ` մի արեք այն, ինչը ձեզ տհաճություն է պատճառում:

  • Անկեղծ ասած ինձ համար դժվար չէ խոստովանել, որ ինչ որ հարցում սխալ ուղղություն եմ վերցրել և կանգ առնել, քանի որ ցանկացած գործում կարևորն արդյունքն է: Այս դեպքում շատ ավելի անցանկալի կլինի խոստովանել, որ զուր ժամանակ և ջանքեր ես ծախսել…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»