Հոգեբանություն

Տիկնիկը

Մի պատմություն, որի գրելու կամ չգրելու մասին երկար եմ մտածել: Ուզում եմ ծանոթացնել ձեզ Չիմ-չիմի հետ, որն իմ մշտական ընկերն է, որն իմ կյանքում հայտնվեց պատահական: Նրան ոչ ոք դեռ չի տեսել մինչև այս պահը: Խոսքը տիկնիկի մասին է: Երբևէ չէի մտածի, որ այս տարիքում տիկնիկը կհետաքրքրեր ինձ: Ես առանձնապես տիկնիկով չեմ խաղացել ու հիմա անսովոր է ունենալ մի տիկնիկ, որը քեզ համար ավելին է, քան տիկնիկը: Ես չեմ խաղում տիկնիկով, բայց փոխվել է ինձ համար նրա նշանակությունը: Երբ ամառային արձակուրդներին հոգնում ես առօրյա զվարճանքներից, դասերից, պետք է լինում մի բան, որը քո կյանք նորություն կմտցնի:

Մի օր երեկոյան առանձնապես պլաններ չունեի ու որոշեցի ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել: Կոնկրետ ինչ՝ ես էլ չգիտեի: Ամեն դեպքում կարևորը ցանկությունն է: Կտորներ, շատ կոճակներ, ասեղ, գունավոր թելեր և շատ ու անիրականանալի թվացող երազանքներ: Ընդամենը երկու օր էր անհրաժեշտ, որ պատրաստ լիներ այն ժամանակ անհայտ, բայց հիմա արդեն հայտնի տիկնիկը: Մի բան, որ հաստատ գիտեի պատրաստելու ընթացքում այն էր, որ յուրաքանչյուր կոճակը ամրացնելուց մի երազանք, մի միտք կամ ցանկություն եմ պահելու: Ինձ սկզբում շատ զվարճալի էր թվում, բայց հետո ամեն ինչ փոխվեց, երբ հերթը հասավ իմ նվիրական երազանքներին: Մի քիչ վախեցա, մի քիչ ուրախացա, զգացի մեծ պատասխանատվություն:

Ցանկացած կոճակ կարում էի դժվարությամբ ու հիմա եմ հասկանում, թե ինչու: Կոճակները տարբեր էին, տարբեր էին նաև իմ երազանքները: Սկզբում չէի պատկերացնում վերջում ինչ է ստացվելու, բայց ընթացքում պարզ դարձավ: Թվում է մի քիչ շատ էի կտրվել իրական աշխարհից, բայց իրականում ես առաջին անգամ էի ռեալ գիտակցում` ինչ եմ ուզում: Երկու օր և պատրաստ է ներկայիս իմ ամենահարազատ և անդավաճան ընկերը: Շատ երազանքներ արդեն կատարվել են, շատերն էլ դեռ ոչ, շատ երազանքներ ավելացել են, բայց կարծում եմ դրանք այլևս երեխայական երազանքներ չեն, այլ կայուն և հիմնավոր նպատակներ: Ճիշտ է նա տիկնիկ է, բայց նշանակությունը խաղալը չէ, դրա համար էլ առանձնահատուկ է ինձ համար: Իսկ ինչո՞ւ Չիմ-չիմ.. ես էլ չգիտեմ, պատահական ստացվեց, այնքան պատահական, որքան այս «տիկնիկը»:

Հեղինակի մասին

Աղաջանյան Ռոզի

Սովորում եմ ԵՊՀ-ում`Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում:
Տիրապետում եմ (լեզուներ) հայերեն, անգլերեն, ռուսերեն: Բացի հոգեբանությունից զբաղվում եմ (լուսա) նկարչությամբ (սիրողական): Ամուսնացած չեմ:

1 մեկնաբանություն

  • Ինչքաաաաաաաաաաաան երազանքներ ունեք Ռոզի ջան? Աստված տա բոլորը կատարվեն, նույնիսկ նոր ավելացածները, որ չեք կպցրել: Երազանքներն իրականություն են դառնում եթե հավատում և անընդհատ հիշում եք դրանց մասին: Այդ երեկո դուք մեծ հավատով եք սարքել այդ տիկնիկը, իսկ հիմա այն Ձեզ հուշում է, թե ինչ է շուտով լինելու 🙂 հավատացեք սաղ կիրագործվի ու հաճախ ժպտացեք Ձեր տիկնիկին

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»