Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե

Հեղինակ ANI's

Նրանից, թե ինչպես է կազմված այս փաստաթուղթը, կախված է ոչ միայն Ձեր կարիերան, այլ նաև, հնարավոր է, Ձեր ամբողջ մնացած կյանքը: Այս հոդվածում կխոսենք, թե ինչ պետք է իմանալ լավ ռեզյումե կազմելու համար:

Ինչ ձևով էլ որ փնտրեք աշխատանք (բարեկամների միջոցով, թերթով, ինտերնետով), վաղ թե ուշ կգա մի պահ, երբ Ձեզանից կպահանջեն ներկայացնել (ուղարկել) Ձեր ռեզյումեն: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ անգրագետ կազմված ռեզյումեով աշխատանք գտնելու հավանականությունը շատ փոքր է:

Քննարկենք հետևյալ հարցերը.

  • Ինչի՞ համար է անհրաժեշտ ռեզյումեն,
  • Ինչպիսի՞ն պետք է լինի ռեզյումեի կառուցվածքը:

Ինչի համար է անհրաժեշտ ռեզյումեն

Ռեզյումեն աշխատանք գտնելու ամենաարդյունավետ գործիքներից է: Այն իրենից ներկայացնում է Ձեր կենսագրության վերաբերյալ գործատուի համար կարևոր փաստերի համառոտ նկարագիր` հիմնականում կապված Ձեր աշխատանքային փորձի, ունակությունների և գիտելիքների հետ: Ռեզյումե կարդալու վրա միջինում ծախսվում է մեկից երկու րոպե, ուստի շատ կարևոր է միանգամից գրավել գործատուի ուշադրությունը, հետաքրքրել նրան և ցանկություն առաջացնել հրավիրելու Ձեզ հարցազրույցի: Ռեզյումե կազմելիս պետք է միշտ հիշել, որ այն դառնալու է Ձեր հրավիրատոմսը, որով Դուք առանձնանալու եք աշխատանք փնտրող մարդկանց բազմությունից:

Ռեզյումեի կառուցվածքը

Ռեզյումեն սովորաբար բաղկացած է լինում 1-2 էջից և ներառում է հետևյալ մասերը.

Կոնտակտային տվյալներ

  • Անուն և ազգանուն (հայրանունը կարելի է չգրել),
  • Հասցե (ամբողջությամբ` ներառյալ ինդեքսը),
  • Հեռախոսահամար (տնային, բջջային, աշխատանքային` քաղաքային կոդով. աշխատանքային համարը նշել միայն այն դեպքում, եթե աշխատավայրում հնարավորություն ունեք բավական ազատ շփվելու),
  • Էլեկտրոնային փոստի հասցե (եթե դեռ չունեք անձնական փոստային արկղ, մինչ ռեզյումեն ուղարկելը անպայման բացեք այն):

Նպատակը (պարտադիր չէ, բայց ցանկալի է): Եթե ռեզյումեն ուղարկվում է կոնկրետ աշխատատեղի համար, ապա որպես նպատակ նշվում է այդ աշխատատեղի անվանումը կամ կոդը: Եթե ունեք մի քանի տարբեր նպատակներ, կարելի է կազմել 2-3 ձևի ռեզյումեներ: Ավելի լավ է ունենալ մի քանի տարբեր ասպեկտների համար կազմված ռեզյումեներ, քան մեկ ընդհանուր ռեզյումե:

Որակավորումը:  Համառոտ ներկայացվում է պոտենցիալ գործատուի համար ավելի նշանակալի ինֆորմացիա Ձեր մասնագիտական ունակությունների, ուժեղ կողմերի և ձեռքբերումների մասին:

Աշխատանքային փորձը: Թվարկվում է հակառակ հերթականությամբ (սկզբում նշվում է վերջին աշխատատեղը): Սա ռեզյումեի, թերևս ամենակարևոր մասն է, որում նկարագրվում է Ձեր աշխատանքային փորձը, որպես կանոն, վերջին տաս տարվա համար հետևյալ սխեմայով.

  • Ընկերության անվանումը,
  • Ընկերության գործունեության ուղղվածությունը,
  • Աշխատանքային ժամանակահատվածը,
  • Պարտականությունները,
  • Մասնագիտական ունակություններն ու ձեռքբերումները:

Ձեր ձեռքբերումները նկարագրելիս օգտագործեք այնպիսի բայեր, ինչպիսիք են զարգացրեցի, խնայեցի, ընդլայնեցի կամ կրճատեցի:

Կրթությունը: (Ինչքան շատ ժամանակ է անցել վերջին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, այնքան ավելի քիչ ուշադրություն պետք է գրավի այս փաստը): Անհրաժեշտ է հիշատակել նաև լրացուցիչ կրթության մասին` կուրսեր, սեմինարներ, ստաժավորում և այլն:

Լրացուցիչ ինֆորմացիա: Օտար լեզուների և համակարգչի տիրապետելը, վարորդական իրավունք ունենալը, մասնագիտացված կազմակերպություններին անդամակցությունը և այլն (հոբբին նշել միայն այն դեպքում, եթե այն սերտորեն կապված է ցանկալի աշխատանքի հետ):

Հեղինակի մասին

ANI's

18 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»