Մարդու ուղեղում միշտ էլ պայքար է գնացել այս երկու «հարևանների»` երևակայության և տրամաբանության միջև: Այն, ինչ ասում է երևակայությունը, տրամաբանությունն ասում է. «Ո՛չ, դու սխալ ես, լռի՛ր»: Այն, ինչ ասում է տրամաբանությունը, երևակայությունն ասում է. «Դա շատ սահմանափակ է: Ի՞սկ ուր մնաց երևակայությունը»: Սակայն, երբ այս երկուսը քայլում են իրար ձեռք ձեռքի տված, մարդու ուղեղում ներդաշնակություն է սկսվում և հավատացեք` այդ ժամանակ մարդը կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա: Իրոք կարող է, քանի որ այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի տեղավորվում տրամաբանության մեջ, օգնության է գալիս երևակայությունը: Իսկ երբ երևակայությունը դառնում է վտանգավոր, օգնության է գալիս տրամաբանությունը:
Երևակայությունն այն է, ինչի շնորհիվ մարդկությունը առաջ է շարժվում: Այն, ինչ մենք ունենք այսօր, չէինք ունենա, եթե շարժվեինք միայն տրամաբանությամբ: Հեռախոս, համակարգիչ, ինքնաթիռ, մեքենա` ժամանակին տրամաբանությունն ասում էր, որ այս ամենը հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող էին երկու մարդիկ խոսել իրար հետ աշխարհի տարբեր ծայրերում: Բայց գտնվեցին մարդիկ, որոնց երևակայությունն ասեց` «դա հնարավոր է, տրամաբանություն փնտրեք դրա մեջ»: Եվ մարդիկ սկսեցին փնտրել և գտան: Իրոք դրա մեջ տրամաբանություն կար` լիովին բացատրելի:
Տրամաբանությունը սահմանափակում է մարդուն, երևակայությունը` թույլ տալիս հաղթահարել սահմանները: Ոչ, ես դեմ չեմ տրամաբանությանը, առանց դրա երևակայությունը ոչինչ կլիներ, ուղղակի ես փորձում եմ ընդգծել երևակայության կարևորությունը: Չգիտես ինչու է այդպես ստացվել է, բայց այսօր, կարծում եմ, մարդիկ ավելի շատ ապրում են տրամաբանությամբ: Տրամաբանություն — տրամաբանություն — տրամաբանություն: Իսկ միգուցե` նաև երևակայությո՞ւն:
Նկարչություն, երգ, արվեստ, ստեղծագործել, ստեղծել — դա երևակայությունն է: Մաթեմաթիկա, ֆիզիկա, փող, աշխատանք — դա տրամաբանությունն է: Առանց մեկի` մյուսը ոչինչ է, երկուսը իրար հետ` մի մեծ ուժ: Դժվար է ապրել միայն տրամաբանությամբ: Անձամբ ես` չեմ էլ ուզի ապրել միայն տրամաբանությամբ: Երևակայությունը թույլ է տալիս նախագծել քո կյանքն ու շրջապատող աշխարհը, իսկ տրամաբանությունը` շարել դրա առանձին աղյուսները: Դու չես կարող շարել աղյուսները, եթե չունես նախագիծը: Այսինքն, դու կարող ես շարել, բայց չգիտես, թե վերջում ինչ կստացվի: Իսկ երևակայությունը թույլ է տալիս ինչ-որ բան պատկերացնել, ապա փորձել իրականացնել դա տրամաբանությամբ: Առանց երևակայության մենք համակարգիչ ենք, առանց երևակայության մենք վանդակում ենք, առանց երևակայության կյանքն անհետաքրքիր է:
Երևակայությունն ու տրամաբանությունը երկուսն էլ խիստ կարևոր են, այդ իսկ պատճառով հարկավոր է պարզապես գտնել այսպես ասած ոսկե միջինն ու պահպանել այդ ներդաշնակությունը 🙂
Այդպես էլ կա Տիգրան ջան, համաձայն եմ:
պետք է ուղղակի գտնել ամբողջությունը