Մտորումներ

Մտորումներ կյանքի մասին

Մարդիկ անընդհատ մտածում են: Մտքի օվկիանում լողում են կարևորն ու անկարևորը: Գտնվելով կյանքի խաղում, մարդը չի կարող խուսափել նրա թելադրած կանոններից, որոնք մտորելու տեղիք են տալիս: Այդ մտորումները ձևավորվում են մարդու արժեհամակարգով, մտահորիզոնով և աշխարհընկալմամբ: Այս հոդվածում կներկայացնեմ իմ մտորումները կյանքի մասին, որոնք ձևավորվել են ամենատարբեր հանգամանքներում՝ սեփական ապրումներով ու զգացումներով:

Կյանքի արժեքն անընդհատ կառուցելու, ստեղծելու մեջ է, քանի որ աշխարհում ավերողներ շատ կան: Սիրենք կյանքը, քանզի այլապես անհնար է նրա հետ հաշտ ապրել: Ժպտանք աշխարհին, քանի որ արտասվել կարող են բոլորը: Կարողանանք երջանիկ ապրել, քանի որ երկրի վրա շատ մարդկանց հաջողվում է պարզապես ապրել: Կյանքում անհնար է խուսափել տերևաթափից: Աշնանը ծառերը մերկանում, և մերկ թևերով դիմակայում են ցրտին ու քամուն: Իսկ մարդն իր կյանքի աշնանը զգում է փայփայած հույսերի տերևաթափը: Երբեմն մարդու սրտում խամրում է հույսի աստղը: Նա՝ ով կարողանա ետ բերել նրա փայլը, երկնքում կվառի մի նոր ու պայծառ աստղ: Չէ՞ որ դա հրաշալի է, քանի որ ոչ մի աստղ չի ծնվում հենց այնպես: Նրա փայլով լուսավորվում են գիշերային ճանապարհները և մարդ վերագտնում է իր գարնան ուղիները: Իրական աշխարհում պետք է կարողանալ երազել: Գեղեցիկը շնչում է երազների թովիչ բույրով: Ցավից ու կարոտից ծնված հեքիաթները մոլորվում են գիշերային խավարում: Ուստի սկսենք վառել երազների լույսերը:

Կյանքը մի անզուգական դաշնամուր է, որը նվագ է պահանջում: Ամեն մարդ նվագում է իր դաշնամուրի վրա: Տարբեր են կյանքի մեղեդիները: Երբեմն մարդիկ փոխում են դաշնամուրը, բայց ապարդյուն: Սքանչելի մեղեդին նվագելու համար պարզապես պետք է երաժիշտ դառնալ: Մեծանալով, մարդիկ հետզհետե կորցնում են հիացմունքը կյանքի հանդեպ : Երջանիկ է նա՝ ով կարողանում է վառ պահել մանկության արևահամ երազը, որտեղ աշխարհը սիրելի է, կյանքն՝ ընդունելի: Մարդիկ փնտրում են երանություն: Երբեմն ձգտում են ապրել այլ մարդկանց կյանքով: Կարևոր չէ, որ ինչ-որ մեկը երանի տա մեզ, այլ այն, որ մենք գոհ լինենք ինքներս մեզնից:

Այս աշխարհն ի սկզբանե արարվել է հանուն բարության ու սիրո: Սակայն կյանքի օվկիանոսում լողում է չարը, իսկ բարին սոսկ թպրտում է ջրի մի փոքրիկ կաթիլի մեջ: Ինչպե՞ս է բարության այնքան մեծ արևը տեղավորվում փոքրիկ կաթիլում: Այդ արևը հետզհետե մեծացնում է այն և տեղ բացում նոր արևների համար: Այո, անշուշտ, անսահման մեծ են բարի սրտերը: Ես գիտեմ, թե որքան դաժան կարող են լինել մարդիկ: Նրանց դաժանության սարսափազդու ուժի դեմ փշրվում են անգամ քարերը:

Կան հարցեր (ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ է փնտրում և ու՞ր է գնում մարդկությունը), որոնց պատասխանների որոնումը մարդկանց տանում է դեպի խորհրդավորն ու անհայտը: Պարզ է, որ տիեզերական խորհրդավոր համակարգում բոլոր մարմինները զբաղեցնում են իրենց ճիշտ տեղերը: Հարյուր տարի անց աշխարհն այլ կլինի: Ուրիշ ցավերից կհյուսվեն երգերը: Ուրիշ սրտեր կդողան քամու շնչառությունից: Միևնույն ժամանակ աշխարհում ոչինչ չի փոխվի: Ամպերը կհալվեն տխրության թաց ստվերներից: Եվ նորից անձրև կտեղա, որպեսզի լվանա հոգնած մայթերը: Փողոցներն ու տները կհեղեղվեն ամպերի կապույտ սարսուռով: Երբ մարդիկ պատսպարվեն անձրևանոցների տակ, ինչ-որ մեկը կքայլի գլխաբաց: Արժե թրջել մարմինը թափանցիկ երազով՝ հանուն ծիածանի: Կլինի նաև մխիթարանքը: Երկինքն իր արցունքոտ վիշտը կփարատի արևի շողերով: Իսկ ի՞նչ կմնա այժմյան աշխարհից: Կմնան բարության մոխիրները, որոնցով հաջորդ սերունդները խարույկներ կվառեն: Այս հինավուրց աշխարհում արժեքավորն ու անարժեքն ապրում են կողք-կողքի: Դժվար է նրանց զանազանելը: Իրերի արժեքը որոշվում է նրանց ժամանակի հետ ունեցած պայքարով: Հավերժության դափնիներին արժանանում է նա, ով դիմանում է այդ պայքարին:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»