Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. ափերի շփում

Ափերի շփման միջոցով մարդիկ սովորաբար ցույց են տալիս իրենց դրական սպասումները: Խաղատանը զառեր նետող մարդը շփում է դրանք ափերի մեջ ի ցույց նրան, որ նա սպասում է հաղթանակի: Միջոցառման կամ սեմինարի վարողը շփում է ափերը մինչև հայտարարելը. «Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ մասնակցի ելույթին», իսկ ոգևորված վաճառքի գործակալը ներխուժում է պետի աշխատասենյակ և ափերը շփելով հուզախառը հայտարարում. «Մենք հենց նոր մեծ պատվեր ստացանք, շե՛ֆ»: Սակայն երբ օրվա վերջում ձեր սեղանին է մոտենում մատուցողը և ձեռքերը շփելով հարցնում «Ուրիշ ի՞նչ կցանկանայիք, պարոն», ապա նրա ժեստերը ցույց են տալիս այն, որ նա ակնարկում է թեյավարձի:

Արագությունը, որով շփվում են ափերը, ազդարարում է այն մասին, թե որքանով է մարդը տվյալ իրավիճակում սպասում դրական արդյունքների: Ենթադրենք, դուք ուզում եք տուն գնել և դիմում եք անշարժ գույքի գործակալին: Այն բանից հետո, երբ դուք ներկայացնում եք նրան, թե ինչ տուն է ձեզ անհրաժեշտ, նա արագ շփելով ափերը ասում է. «Ես հենց այդպիսի մի տուն ունե՛մ ձեզ համար»: Դրանով գործակալն ազդարարում է այն, որ գործարքը ձեռնտու կլինի ձեզ համար: Իսկ ի՞նչ զգացողություն կունենաք դուք, եթե նա ափերը դանդաղ շփելով ասի ձեզ, որ հիանալի տարբերակ ունի ձեզ համար: Նա կամ ձեզ խորամանկ կթվա կամ անազնիվ և դա ձեզ մոտ զգացում կառաջացնի, որ սպասվելիք գործարքն ավելի շատ ձեռնտու է նրան, քան ձեզ:

Վաճառքի գործակալներին սովորեցնում են, որ երբ նրանք օգտագործում են այդ ժեստն այն պահին, երբ ներկայացնում են իրենց ապրանքը կամ ծառայությունը հավանական հաճախորդին, նրանք պետք է անեն այդ շարժումն արագ, որպեսզի չվախեցնեն գնորդին: Իսկ երբ նման ժեստ անում է գնորդը և հայտարարում. «Տեսնենք-տեսնենք, թե ինչ կա ձեզ մոտ», ապա դա նշանակում է, որ գնորդը ենթադրում է, որ դուք նրան կառաջարկեք ինչ-որ լավ բան և ավելի հավանական է՝ նա կկատարի գնումը: Միայն մեկ զգուշացում: Եթե ձմռանը կանգառում դուք տեսնում եք մի մարդու, որը շփում է ափերը, ապա պարտադիր չէ որ դա նշանակի, որ նա անհամբերությամբ սպասում է ավտոբուսին: Երևի նա ուղղակի սառել է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»