Մարդիկ հաճախ են ասում, որ չի կարելի ողջ կյանքն ապրել աշխատավարձով, պետք է սեփական գործ ունենալ, բայց դրա համար փող է պետք, իսկ փող չկա: Ցավոք նրանց միտքն ավարտվում է հենց այդ «փող չկա»-ով և այդ «փող չկան» էլ հիմնականում նրանց գլխավոր պատճառն է, որ սեփական գործ չսկսեն: Ուրեմն առաջնային խնդիրը սեփական գործը սկսելու համար փող գտնելն է: Շատերն են մտածում, թե ինչպես փող գտնել` անտեսելով ամենապարզ միջոցը` տնտեսելը: Տնտեսելը ամենահավաստի միջոցն է աշխատավարձի հույսով ապրելու կյանքից ազատվելու համար: Եթե դուք արդեն ձեռք եք բերել փող աշխատելու հոգեբանություն, ապա արդեն կարող եք մտածել տնտեսելու մասին:
Իհարկե, սեփական գործ սկսելու համար կարելի է նաև վարկ վերցնել, բայց վարկն ունի իր բարդությունները: Նախ պետք է հասնել նրան, որ բանկը վարկ տրամադրի` բիզնես պլան ներկայացնել, գրավ դնել և այլն: Վարկ վերցնելուց հետո էլ պետք է վճարել դրա տոկոսները, որը ոչ ցանկալի լրացուցիչ ծախս է սկսնակ բիզնեսի համար: Դրա փոխարեն շատ ավելի ձեռնտու կլինի տնտեսած գումարով գործ սկսել, իսկ եթե այն չբավականացնի՝ նոր վարկ վերցնել: Այդ դեպքում վարկի չափն ավելի քիչ կլինի և դրա տոկոսներն էլ ավելի քիչ գումար կկազմեն: Բացի այդ դուք նոր ունակություն կունենաք` տնտեսել, որը դժվարությամբ է ձեռք բերվում:
Իմ «Զրոյից բիզնես սկսելու մի տարբերակ» հոդվածում ներկայացված պլանով փող աշխատելու համար պետք է անպայման ամսեկան 85 000 դրամ կարողանալ տնտեսել: Այդ պլանի շնորհիվ 15-20 տարի հետո է միայն հնարավոր հարուստ լինել: Գոնե 1 տարի անհրաժեշտ է տնտեսելուն վարժվելու համար, ևս 1 տարի փոքրիկ բիզնեսի համար փող հավաքելու համար, գոնե 3 տարի, որպեսզի բիզնեսն այնքան զարգանա, որ հնարավոր լինի աշխատանքը թողնել, 2 տարի ինտերնետի ներդրումների համար, 5 տարի անշարժ գույքի ներդրումների համար: Դա արդեն կազմեց 12 տարի, իսկ արժեթղթերի ներդրումների համար, ավելի քան 5 տարի: Եթե դուք 85 000 դրամից ավելի քիչ տնտեսեք, ապա ավելի ուշ կսկսեք բիզնեսով զբաղվել (եթե ընդհանրապես կարողանաք սկսել), բացի այդ դուք ամեն տարի չեք կարողանա 1 միլիոն դրամ ներդրում անել ձեր բիզնեսում: Այդպես դուք հնարավորություն կունենաք հարստանալու 20-25 տարում (դա դեռ ամենաքիչը, որովհետև ժամանակի ընթացքում բազմաթիվ խանգարող հանգամանքներ են ի հայտ գալու): Ո՞վ է ուզում հարուստ թոշակառու լինել: Մարդն ուզում է երիտասարդ և հարուստ լինել: Բայց մարդիկ երիտասարդ ու հարուստ լինելու հետ մեկտեղ չեն ուզում նեղություն քաշել տնտեսելու հարցում: Նրանք ուղղակի ուզում են հարուստ լինել, շատերն էլ կարծում են, որ մի օր մի հարուստ մարդ է գալու և նրանց ասելու է. «Վերցրու այս միլիոնը և ծախսիր: Ես այն տալիս եմ քեզ քո գեղեցիկ աչքերի համար»: Եթե ուզում եք հարուստ ու երիտասարդ լինել, ապա անընդհատ մտածեք, թե ինչպես կարող եք արդյունավետ տնտեսել:
Տնտեսելը նման է սպորտի: Օրինակ, սկսնակ ծանրամարտիկը չի կարող միանգամից 200կգ բարձրացնել, բայց քիչ-քիչ վարժվելով` նա կարող է հասնել այդ արդյունքին: Տնտեսելու հարցում էլ է այդպես: Մարդ միանգամից չի կարող տնտեսել իր աշխատավարձի ուղիղ կեսը, նա պետք է քչից սկսի: Հարկավոր է սկսել չնչին գումարից, օրինակ առաջին ամսում տնտեսել ընդամենը 5 000 դրամ, երկրորդ ամսում 10 000 դրամ, երրորդ ամսում 15 000 դրամ և այդպես շարունակ: Երբ հասնեք ամսեկան 85 000 դրամ-ի (դա կազմում է տարեկան ավելի քան մեկ միլիոն դրամ), արդեն կարելի է լրջորեն մտածել բիզնեսով զբաղվելու մասին:
Ձեզ կօգնի նաև բոլոր ծախսերը գրանցելը: Դրա շնորհիվ ամսվա վերջում կկարողանաք տեսնել, թե ինչքան և ինչի վրա եք ծախսում: Միգուցե կան բաներ, որոնց վրա չարժե ծախսել: Դրանք կարող եք ձեր ամսեկան ծախսերից հանել (դրանք հիմնականում շատ հաճելի բաներ են լինում, այնպես որ մեծ կամքի ուժ է պետք դրանցից հրաժարվելու համար):
Բացի այդ լավ տնտեսելու հնարավորություն է աշխատավարձի բարձրացումը: Ենթադրենք, դուք ստանում եք ամսեկան 100 000 դրամ և կարողանում եք այդ գումարը բավականացնել ձեր ամսեկան ծախսերը հոգալու համար: Բայց մի օր ձեր աշխատավարձը բարձրացնում են և դուք սկսում եք ստանալ 130 000 դրամ: Այդ դեպքում դուք հեշտությամբ կարող եք այդ ավելացած 30 000 դրամը տնտեսել, քանի որ արդեն սովոր եք ամսեկան 100 000 դրամով ապրելուն: Բայց փոխարենը շատերը նման դեպքում ապառիկով որևէ բան են գնում և այդ 30 000 դրամը սկսում են վճարել ապառիկը փակելու համար: Դա էլ լավ տարբերակ է, բայց այդպես վարվում է օրինակ` մեքենա ցանկացողը, իսկ տնտեսել ցանկացողը պարզապես տնտեսում է: Հասկանալի է, որ որոշ պաշտոններ որոշակի լրացուցիչ ծախսեր են պահանջում, բայց ամեն ինչ պետք է անել, որ այդ ծախսերը համատեղել տնտեսելու հետ: Միգուցե այդ դեպքում ամբողջ 30 000 դրամը հնարավոր չլինի տնտեսել, բայց հնարավոր լինի տնտեսել 20 000 դրամը: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ լավ «մարզված» տնտեսողն ավելին է ընդունակ անելու:
Տնտեսելը հատկապես սկսնակների համար շատ կարևոր է: