Հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր համոզված են, որ հարստանալու համար հիմնականում անհրաժեշտ է նորարարական գաղափարներ ունենալ: Նրանք անընդհատ մտածում են, թե ինչ կարելի է անել, բայց քչերն են նրանցից, ովքեր մտածում են նաև, թե ինչպես կարելի է դա անել: Երկուսն էլ կարևոր են, չի կարելի մեկն անել, բայց մյուսը չանել: Այդպես մարդիկ, ովքեր համոզված են, որ հարստանալու համար անհրաժեշտ է նորարարական գաղափարներ ունենալ, ողջ կյանքում շարունակում են մտածել, բայց չգործել, քանի որ չգիտեն, թե ինչպես իրենց մտածածն իրագործել: Մինչդեռ մարդիկ, ովքեր մտածում են նաև, թե ինչպես անել, գործում են և հաջողության են հասնում:
Իրականում նորարարական գաղափար ունենալն այդքան էլ կարևոր չէ: Կարելի է, իհարկե, դա ժխտելու համար թվարկել այն մարդկանց, ովքեր հարստացել են հենց իրենց գաղափարների շնորհիվ, բայց դժվար թե որևէ մեկը կարողանա թվարկել հարյուրից ավել այդպիսի հարուստներ: Թող թեկուզ հազարը լինեն, բայց համեմատեք այդ թիվը աշխարհի հարուստների թվի հետ: Կան միլիոնավոր միլիոնատերեր, ի՞նչ է այդ թվի մեջ հազար հոգին: Եթե համարենք, որ աշխարհում կա մեկ միլիոն հարուստ մարդ, ապա նրանց միջից հազարը կկազմեն ընդամենը 0,1%: Մի պահ մտածեք, թե որն է ավելի հավանական` լինել աշխարհի 99,9% հարուստներից մեկը, թե ընդամենը` 0,1%-ից մեկը:
Հաճախ մարդիկ որոշում են մի բան անել, որը դեռ ոչ ոք չի արել` կարծելով, թե այդպես նրանք անպայման կհարստանան, բայց միևնույն է նրանց բիզնեսն ի վերջո չի աշխատում: Դրա պատճառն այն է, որ բիզնեսում շատ ուրիշ կարևոր բաներ կան, իսկ անել այն, ինչ դեռ ոչ ոք չի արել, պարզապես առավելություն է: Առավելությունը հեշտությամբ կարելի է կորցնել: Օրինակ, եթե սկզբում այդ գործը միայն դուք էիք անում, ապա հետագայում կարող է որևէ ավելի ուժեղ գործարար նույն բանն ավելի լավ անել: Կամ ասենք, եթե դուք լավ գաղափար ունեք, բայց դա չեք արտոնագրել, իսկ արտոնագրելը թանկ արժե, ապա բոլորն էլ կարող են դրանից օգտվել: Դա նշանակում է, որ ձեր գաղափարը միայն ձերը չէ, այն բոլորինն է: Իսկ ի՞նչն է կարևոր բիզնեսի համար (բացի փողից):
1. Գործընկեր ունենալը
Գործընկեր ունենալը շատ կարևոր է, քանի որ միայնակ ավելի դժվար է, քան երկուսով: Երկուսով հնարավորություններն ամենաքիչը երկու անգամ բազմապատկվում են: Օրինակ, եթե դուք ձեր միջոցներով միանում եք արդեն գործող բիզնեսի, ապա այդ դեպքում դուք մի քայլ առաջ եք ընկնում: Կարիք չկա այլևս զրոյից սկսելու, ձեզ մնում է միայն արդեն գործող բիզնեսը զարգացնել: Այդ հարցում ձեր գործընկերը կարող է շատ լավ օգնել ձեզ` թե՛ իր միջոցներով, թե՛ իր խորհուրդներով: Բացի այդ, միայնակ ժամանակն էլ չի հերիքում, շատ ցանկալի է, որ լինի մեկը, ով կանի այն, ինչ դուք չեք հասցնում: Բայց հաճախ մարդիկ գործընկեր ունենալու մասին մտածելիս հաշվի են առնում հիմնականում 3 մտավախություն:
Գործընկերը կարող է խաբել
Դա հնարավոր է, բայց բոլորովին էլ հարկ չկա խաբեբա գործընկեր ունենալ, քանի որ գործընկերոջը դուք եք ընտրում, ոչ ոք ձեզ չի պարտադրում որևէ մի խաբեբայի հետ գործ ունենալ: Չնայած դրան` անգամ ազնիվ մարդը կարող է գործի մեջ զերծ չմնալ խաբելու գայթակղությունից: Այդ դեպքում հարկավոր է այնպես անել, որ նման բան տեղի չունենա: Մինչև վերջ պատմեք նրան ձեր պլանների մասին, ստեղծեք փոխադարձ վստահության մթնոլորտ: Այդ դեպքում փոխադարձ վստահության մթնոլորտը ստեղծվում է ոչ թե միայն մարդկային ջերմ հարաբերությունների հաշվին, այլ նաև միասին հետագայում ավելի խոշոր եկամուտներ ստանալու ակնկալիքների հաշվին: Եթե ձեր գործընկերը գիտի, որ դուք, տարեկան որոշակի գումար և ջանքեր ներդնելով, ձգտում եք այնպես անել, որ ձեր համատեղ բիզնեսը զարգանա, ինչի արդյունքում ձեր եկամուտներն էլ կավելանան և որոշի ձեզ խաբել, դա նշանակում է, որ նա առնվազն հիմար պետք է լինի, քանի որ մի անգամ չնչին գումար շորթելու համար նա կկորցնի հետագայում շատ ավելին վաստակելու հնարավորությունը: Պարզապես պետք է այնպիսի խելացի գործընկեր ընտրել, որը կկարողանա տեսնել ամբողջական պատկերը և սպասվող հաջողությունների մեծ հնարավորությունները:
Կարելի է տուժել գործընկերոջ սխալներից
Որպեսզի նման բան տեղի չունենա, հարկավոր է ամեն քայլը համաձայնեցված անել: Այդ դեպքում էլ միանգամայն հնարավոր է, որ գործընկերները չկարողանան գալ համաձայնության: Դրա համար պետք է այնպիսի գործընկեր ընտրել, ում մտածելակերպը և գործելաոճը հնարավորինս մոտ է ձեր մտածելակերպին և գործելաոճին, որպեսզի տարաձայնությունները շատ չլինեն: Չնայած դրան, ցանկալի է, որ գործընկերը որոշ հարցերի վերաբերյալ առանձնանա իր մոտեցմամբ, քանի որ բնականաբար շատ հնարավոր է, որ դուք էլ սխալվեք և այդ դեպքում նա պետք է ժամանակին գտնի ձեր սխալը և ուղղի այն:
Ափսոս է փողը կիսել գործընկերոջ հետ
Կարելի է հաշվի առնել մեկ այլ բան: Այն, որ մենք, կարելի է ասել, կիսվում ենք նաև աշխատողների հետ (չէ՞ որ նրանց աշխատավարձ ենք վճարում մեր ստացած եկամուտից): Կարելի է համարել, որ գործընկերոջն էլ ենք աշխատավարձ վճարում, ուղղակի նա շատ բարձր վարձատրվող մասնագետ է, ով ահռելի օգուտ է տալիս գործին:
2. Լավ մասնագետներ ունենալը
Լավ մասնագետները տալիս են լավ արդյունքներ: Սակայն անգամ լավ մասնագետին անհրաժեշտ է սովորեցնել հատուկ ձեզ մոտ աշխատելու նրբություններին: Սկզբի համար անպայման մանրամասն բացատրեք նրան գործի մանրուքները: Բացի այդ, անգամ ամենալավ մասնագետները ժամանակ առ ժամանակ կարիք ունեն վերապատրաստման, քանի որ գիտելիքը նույնպես հնանում է: Հետևեք, որ ձեր աշխատողների մասնագիտական գիտելիքներն անընդհատ կատարելագործվեն:
3. Իմանալ կառավարել
Լավ մասնագետներին պետք է լավ ղեկավար: Դուք պետք է ղեկավարը լինեք ձեր գործի: Ամեն ինչ պետք է ոչ թե ինքնաբերաբար տեղի ունենա, այլ ձեր անմիջական հսկողությամբ: Դուք չեք կարող միայնակ ամեն ինչ անել, բնական է, որ ձեզ մարդիկ են պետք, ովքեր կանեն դա ձեր փոխարեն, բայց դուք պետք է այդ մարդկանց ղեկավարեք: Դրա համար պետք է հիմնականում 3 բան:
Ճիշտ ընտրություն կատարել
Սա հիմնականում վերաբերվում է աշխատողների հարցում ընտրությանը: Պետք է կարողանալ լավ մասնագետներ ընտրել, ովքեր ամեն ինչ կանեն ինչպես հարկն է: Պետք է որոշել, թե ինչ պաշտոններ են գործին անհրաժեշտ և ովքեր են դրանց ամենաշատը համապատասխանում: Հայաստանում դեռ կա ծանոթի միջոցով գործի անցնելու հասկացողությունը: Գործատուն ընկերոջ խնդրանքով գործի է ընդունում նրա բարեկամին, ով ոչինչ չի անում: Արդյունքում ստիպված է լինում ընկերոջը չնեղացնելու համար ամեն ամիս նրա բարեկամին ոչնչի դիմաց ասենք 100 000 դրամ նվիրել: Արդյունքում և աշխատանքի որակն է ընկնում, և անիմաստ, լրացուցիչ ծախս է առաջանում: Դրա փոխարեն այդ 100 000 դրամով կարելի էր օգուտ տալ գործին, այլ ոչ թե վնասել: Մեկ այլ օրինակ բերեմ: Շատերը ընտրում են լավ, բայց ոչ կառավարելի մասնագետների, ովքեր հենց առաջին օրվանից ներքուստ հրաժարվում են ենթարկվել գործատուին: Շատ կարևոր է ընտրել այն լավ մասնագետներին, ովքեր համաձայն են ձեր ղեկավարության տակ աշխատել:
Ճիշտ մարդուց ճիշտ բան պահանջել
Շատ ղեկավարներ սխալ աշխատողից սխալ բան են պահանջում: Ամեն աշխատող պատասխանատու է կոնկրետ գործի համար: Պետք է հստակ իմանալ, ով ինչպիսի աշխատանք է պարտավոր անել և համապատասխան մասնագետից էլ համապատասխան աշխատանք պահանջել: Եթե խնդիրը դրվի այնպիսի մասնագետի առջև, ում մասնագիտական գիտելիքները և պաշտոնը համապատասխանում են տվյալ խնդրի լուծման համար, ապա անշուշտ նա կարող է լուծել այն: Դա շատ պարզ է, բայց հաճախ են ղեկավարները այդ հարցում սխալվում: Օրինակ, հասարակ բանվորից հաճախ ավելին են պահանջում, քան նա կարող է կամ պարտավոր է անել, իսկ արտադրամասի պետից ընդհակառակը` ավելի քիչ: Դրանից գործը տուժում է:
Վերահսկել
Վերահսկելը չափազանց կարևոր է: Պետք է հետևել, որ բոլորն իրենց գործն անեն, չխաբեն, ճիշտ հաշվետվություններ ներկայացնեն և այլն: Հաճախ մարդիկ, օրինակ մի խանութ են բացում, և երբ այդ խանութը այնքան եկամուտ է բերում, որ հնարավոր է ևս մեկը բացել, չեն վարվում այդպես, որովհետև կարծում են, թե չեն կարող երկու խանութ աշխատեցնել: Նրանք հաշվի չեն առնում, որ այդ հարցում իրենց կարող են օգնել կառավարիչները` մտածելով, որ կառավարիչը կարող է խաբել: Բայց իրականում դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ դուք պարբերաբար հաշվետվություն եք ստանում ձեր նոր խանութի գործունեության վերաբերյալ: Իսկ եթե կառավարչին հաջողվի էլ խաբել, ապա նա կարող է դա անել ընդամենը չնչին գումարի հարցում, որից ձեր բիզնեսը չի տուժի, հակառակ դեպքում, դուք կնկատեք դա և կհեռացնեք նրան աշխատանքից: Ամեն դեպքում, լավ վերահսկողության ներքո ոչ մի աշխատող չի կարող այնքան խաբել, որ դուք սնանկանաք: Շատ կարևոր է արդյունավետ գործող պատժիչ և խրախուսիչ համակարգ ունենալ: Աշխատողը պետք է վատ աշխատելու համար պատժվի, իսկ լավ աշխատելու համար պարգևատրվի:
4. Ընդլայնվել
Հաճախ մարդիկ որևէ մի գործ անելիս, երբ սկսում են եկամուտ ստանալ, բավարարվում են դրանով և այլևս առաջ չեն շարժվում և ժամանակի ընթացքում հասնում են նրան, որ մի օր նրանց գործը փակվում է: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետև ժամանակը քայքայում է ամեն ինչ: Ամեն ինչ օր օրի հնանում է, և եթե դուք օր օրի առաջ չեք շարժվում, ապա ժամանակի քայքայիչ ուժը օր օրի ձեզ ետ է մղում: Բիզնեսն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քչով բավարարվել, բիզնեսում միշտ պետք է ձգտել ավելիին: Դա է պատճառը, որ նույնիսկ շատ զարգացած կազմակերպություններ, ովքեր ահռելի օգուտներ են ստանում և թվում է, թե նրանք կարող են այլևս չմտածել ընդլայնվելու մասին, շարունակում են ընդլայնվել:
5. Ֆինանսները ճիշտ տնօրինել
Ընդլայնվելու համար պետք են ֆինանսներ, իսկ ֆինանսները սխալ տնօրինելու դեպքում դրանք շատ շուտով այլևս չեն լինի: Քանի որ դուք դեռ նոր եք սկսում ձեր բիզնեսը, ձեր անձնական ծախսերը և ձեր կազմակերպության ծախսերը հաճախ նույնացվելու են: Հաճախ մարդիկ ծախս են համարում օրինակ այն, որ բարեկամին պարտքով փող են տվել, կամ իրենց անձնական օգտագործման համար մեքենա են գնել: Սակայն դրանք անձնական ծախսեր են, այլ ոչ թե կազմակերպության ծախսեր: Փոխարենը կարելի է բիզնեսի վրա ծախսել, որը հետագայում այնքան փող կբերի, որ հնարավոր կլինի նաև շատ անձնական ծախսեր հոգալ:
shnorhakalutyun hetaqrqir ev ardyunavet xorhurneri hamar
Խնդրեմ Հռիփսիմե ջան
Բարև, Luka
Կարծում եմ, այս մեկնաբանությունը կկարդաք, չնայած գրում եմ եմ ոչ Ձեր հոդվածի կապակցությամբ։ Իմ դոկտորական դիսերտացիայի վերնագիրն է. ՙ,,Արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները,,։ Այդ հմտություններից չորրորդը կարճ վերնագրվում է ,,Հաղթանակ-հաղթանակ,, այսինքն պետք է միշտ փոխադարձ հաղթանակի ձգտման հմտությունն (սովորությունը) ունենալ։ Կարծում եմ, ծանոթ եք Սթիվեն Կովիի ,,Բարձր արդյունավետ մարդկանց յոթ հմտությունները,, գրքին։ Այդ գրքի մեջ մանրամասն նկարագրվում է ,,Հաղթանակ-հաղթանակ,, մտածելակերպով մարդկանց բնավորության հատկանիշները։ Նշված մարդիկ չունեն դիֆիցիտի մտածելակերպ. նրանք գտնում են, որ ամեն ինչ աշխարհում հերիքում է բոլորին։ Դա տանում է հաջողության։ Կարծում եմ, հասկացաք ակնարկս։ Թույլ տվեք Ձեր կայքի նյութերը պատճենել և ունենալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դա անել։
Սիրով,
Պավել Սարգսյան
Christian7habits.blogspot.com
Բարև Ձեզ,
Պավել ջան շնորհակալություն Ձեզ դրական մտածելակերպի ու մեկնաբանության համար: Այո, Սթիվեն Քովիի գիրքը կարդացել եմ և այդ մտքի հետ լիովին համաձայն եմ, շատ ուրախ եմ, որ այն Ձեզ նույնպես դուր է եկել: Իսկ հոդվածների պատճենահանումը ցավոք չենք կարող թույլատրել մի շարք պատճառներով: Իսկ գլխավորն այն է, որ հոդվածների հիման վրա մենք գիրք ենք տպագրում (առաջինը հավանաբար լույս կտեսնի մինչև այս ամսվա վերջ) և ցանկալի չէ դրանց տարածումը համացանցում: Բացի այդ կան նաև տեխնիկական մի քանի պատճառներ, որոնք կվնասեն կայքի դիրքերին ու հեղինակությանը, եթե մեր նյութերը հայտնվեն այլ կայքերում: Մի կողմից մենք շատ ենք ուզում, որ այս նյութերն ու գաղափարները բոլորին հասնեն, մի կողմից էլ չենք կարող թույլ տալ, որ այլ կայքերում հենց նույն հոդվածները օգտագործվեն: Դրա համար մեր կայքը միշտ բաց է, մենք տարածում ենք նյութերը սոցիալական ցանցերում, հոդվածները բոլորին հասանելի են, շուտով կլինեն նաև գրքեր և դասընթացներ: Այդ եղանակով ենք մենք այս ամենը փորձում տարածել: